ՀՀ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին: Հարցի հիմնական զեկուցող, հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ներկայացրեց`առաջարկում են հիվանդանոցին տալ հնարավորություն`առողջապահություն իրականացնելու համար դեղեր ներկրելու, հիվանդանոցային դեղատուն ունենալու պայմանով, առանց լիցենզիայի: «Մեծածախ կամ մանրածախ դեղերի վաճառքի հնարավորություն չենք տալիս հիվանդանոցին»,- հստակեցրեց պատգամավորը:
Երկրորդ առաջարկը հետեւյալն է`ֆիզիկական անձինք իրավունք ունեն ՀՀ-ից դուրս գալուց եւ ՀՀ մտնելուց դեղեր ներկրել կամ արտահանել առանց հավաստագրի`ընտանիքի անդամների համար, բայց ոչ ավելի, քան չորս կամ երեք մարդու:
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին:
ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ միանվագ ներմուծում հիվանդանոցներին օրենքով թույլ է տրված, առանձին դեղերի մասով: Նա կարծում է, որ եթե հիվանդանոցին առանց մեծածախ լիցենզիայի հնարավորություն ենք տալիս դեղեր ներկրել, անհավասար պայմանների մեջ ենք դնում շատ այլ կազմակերպությունների հետ, որոնք նույնը անում են լիցենզիայով: Ասում է նաեւ, որ հիվանդանոցները չունեն ներմուծման ժամանակ տեղափոխման պատշաճ պայմաններ: «Կարծում եմ, կարող ենք քննարկել, առանձին եւ սահմանափակ դեղերի տեսակների համար ներկրումը առանց լիցենզիայի թույլատրվի»,- ասաց փոխնախարարը:
Հակոբ Հակոբյանը չի ընդունում փոխնախարարի հակափաստարկները: Ասում է` հիվանդանոցը գնում է մեծածախ գնորդից դեղը եւ վեց ամիս պահում է իր մոտ, այսինքն՝ պայմանները չեն կարող խոչընդոտ լինել: Սերգեյ Խաչատրյանը ճշտեց`խոսքը տեղափոխման, ոչ թե դեղերի պահպանման մասին է: Հակոբ Հակոբյանը հակադարձում է. «Չունի էդ մեքենան, թող առնի: Այլապես, չի ներկրի»: Մրցակցության մասով էլ, նախագծի հեղինակի կարծիքով, մեծածախ լիցենզիա ունեցողները դեղերը ավելի թանկ են բերում, իսկ այսպիսով մենք հիվանդանոցին կարող ենք հնարավորություն տալ ավելի էժան դեղ բերել, իր կարիքների համար: «Բացի այդ, եթե հիվանդանոցը դեղ չի վաճառում, ինչպե՞ս է մրցակից դառնալու»,- չի հասկանում Հակոբ Հակոբյանը: Նա վստահ է`այս առաջարկի կիրառման պարագայում, շուկայում դեղերի գինը կընկնի. «Հիվանդանոցներ կօգտագործեն էժան դեղեր եւ դա կբերի ծառայությունների էժանացման»:
Նախագծի համահեղինակ Աղվան Վարդանյանն էլ համոզված չէ, որ շուկան կէժանանա`շուկան փոքր է, ներկրողները պայմանավորվում են իրար հետ: Այս դեպքում էլ հիվանդանոցները կպայմանավորվեն: Նա նաեւ վստահ չէ, որ բուժհաստատությունները շահագրգիռ կլինեն, որ իրենց գներն էժանանան:
Սերգեյ Խաչատրյանն էլ հավելում է`հիվանդանոցը նաեւ վճարովի ծառայությունն է մատուցում, այն էլ բավական մեծ թվով: Ուստի, ոչ թե ուղղակի դեղ վաճառելու, այլ այդ ծառայությունները մատուցելու միջոցով կարող է դաշտը խախտվել, մանավանդ, Հայաստանի շուկան շատ փոքր է. «Եթե հիվանդանոցը սկսում է ներկրել դեղեր`բոլոր հիվանդությունների համար, որոնք բուժում է, իսկ այդ ցանկը շատ մեծ է, ուստի դեղագործական ընկերությունների հետ այդ պայմանագրերը չեն կնքի: Սա կարող է ազդել նաեւ ազատ շրջանառվող դեղերի շուկայի վրա»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նախագծի երկրորդ կետի մասով էլ Սերգեյ Խաչատրյանն ասաց`օրենքն այս պահին թույլ է տալիս դա անել. «Կառավարության որոշմամբ, ցանկացած ֆիզիկական անձ, առանց հիմնավորման իրավունք ունի ներկրել տասը անուն դեղ, յուրաքանչյուրից երեք չափաբաժին: Նախկինում հինգ էր, հիմա ընդլայնվել է դեղերի ցանկը»: Ընդ որում, առանց բժշկական հիմնավորման:
Հակոբ Հակոբյանը հակադարձեց` մեր առաջարկը չլիներ, կառավարության այդ որոշումը չէր լինի:
«Համընկել է, քանի որ կառավարությունում քննարկումներ գնում էին: Մենք ավելի լայն ճանապարհով ենք գնացել`ասելով, որ պարտադիր չէ, որ հիվանդին դրսից որդին դեղ բերի, այլ նաեւ հարեւանը կամ բարեկամը»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը:
Աղվան Վարդանյանը, ով համահեղինակ էր, ձեռնպահ էր նախագծին: Ասաց`առաջին կետի մասով քննարկելու տեղ ունենք:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ