Եվրասիական հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացվող «Կոնտեքստ» մեդիա-մարաթոնի շրջանակներում ապրիլի 12-ին անցկացվել է «Ժամանակակից լրագրությունը և քաղաքականությունը» թեմայով քննարկում։
Ելույթներով հանդես են եկել «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության ներկայացուցիչ Սվետլանա Բաբաևան, Եվրասիական հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Անդրեյ Ռուսակովը, «Звезда» հեռուստաընկերության լուրերի տնօրեն և հաղորդավար Ռեգինա Օրեխովան, Միջազգային հարցերով ռուսական խորհրդի ծրագրերի մենեջեր Եկատերինա Չիմիրիսը, ՀՀԿ-ի Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի տնօրեն Հայկ Մամիջանյանը, լրագրող Լիա Խոջոյանը, Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը։ Փորձագետները տարբեր բուհերի լրագրության ֆակուլտետների և թեմայով հետաքրքրվող երիտասարդների համար ներկայացրին ժամանակակից լրագրության նրբությունները։

ՀՀԿ-ի Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի գործադիր տնօրեն Հայկ Մամիջանյանը խոսեց քաղաքական բանավեճի հմտությունների, համոզման տեխնիկաների մասին։ Տվեց մի շարք խորհուրդներ, որոնք կարող են օգտագործվել բանավեճ վարելիս։
«Կոնտեքստ» մեդիա-մարաթոնը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, Ռազմավարական նախագծերի կենտրոնի և Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի աջակցությամբ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ «Կոնտեքստ» խորագրով հնգօրյա մեդիա-մարաթոնն անցկացվում է հայաստանյան բուհերի լրագրության ֆակուլտետներում սովորող ուսանողների մասնակցությամբ։ Նրա խոսքով` երիտասարդներին հնարավորություն է տրվել շփվելու Հայաստանի և Ռուսաստանի մեդիադաշտի ներկայացուցիչների հետ, մասնագիտական քննարկումների ընթացքում ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, պրակտիկ խորհուրդներ լսել։ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փորձում է երիտասարդների համար հետաքրքրիր ծրագրերով հանդես գալ, և մենք մեր ռուս գործընկերների հետ ընտրեցինք այսպիսի ձևաչափ, որտեղ և՛ հայաստանյան, և՛ ռուսաստանյան մեդիադաշտի ներկայացուցիչների ներկայությամբ իրականացնում ենք քննարկումներ, դասընթացներ և փորձի փոխանակում: Այս օրերի ընթացում կարողացել ենք հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել թեմայով հետաքրքրվող և՛ ուսանողների, և՛ դասախոսների համար»,- ասաց Կարեն Ավագյանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն


















































