Այսօր ՀՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեծ պոզիտիվ էներգիա է կուտակվել ու բոլոր քաղաքական գործիչները պետք է այդ կուտակած էներգիան այնպես անեն, որ պահպանվի եւ ծառայի ՀՀ-ին. «Հասկանալի է, որ այս ընթացքում նաեւ որոշակի լարվածություններ են առաջացել, դրանից առաջ էլ եղել են, բայց նաեւ ուրախ եմ, որ այդ լարվածությունը չի խանգարում մեզ, որ կարող ենք այսպիսի աշխատանքային քննարկում ունենալ»:
Նա ասաց, որ իրենց խնդիրն է ՀՀ-ում ընդհանրապես փակել ներքաղաքական թշնամանքի էջն ու հաստատել համերաշխության մթնոլորտ՝ օրենքի ու իրավունքի վրա հիմնված. «Եթե մեզ հաջողվի այդ մթնոլորտը հաստատել, նաեւ ՀՀԿ-ն այսօր, անկախ վերջին շրջանի իրադարձությունների դիրքավորումից, հնարավորություն ունի նպաստել այդ համերաշխության մթնոլորտի հաստատմանը: Այսպիսի զարգացումը հնարավորություն կտա, որ այս քաղաքական պրոցեսի արդյունքում մենք ունենանք ոչ թե հաղթողներ ու պարտվողներ, այլեւ՝ համազգային հաղթանակ»:



Փաշինյանն ասաց, որ երբ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց էր առաջադրվել նախկինում, ինքը դեմ է քվեարկել, որովհետեւ գտնում է, որ արտաքին քաղաքականությունում կտրուկ շրջադարձերը կարող են վտանգավոր լինել ՀՀ-ի համար. Պետական գործիչները պետք է առաջնորդվեն ոչ թե իրենց քմահաճույքներով, այլ երկրի ազգային շահերով:
ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նա ասաց, որ պարզաբանումներ տվել է: Մի բան է, երբ դու ընդդիմության ներկայացուցիչ ես, բարձրաձայնում ես խնդիրները, մեկ այլ բան է, երբ իշխանության ներկայացուցիչ ես ու կարող ես հարցերը դասավորել ու քննարկել գործընկերների հետ համբերատար, փոխադարձ հարգանքի մթնոլորտում. «Էլի ասում եմ, որ վարչապետ ընտրվելու պարագայում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չենք բարձրացնելու, սա չի նշանակում, որ ԵԱՏՄ-ում ամեն ինչ իդեալական է, մենք կաշխատենք հարցերը քննարկել ու գալ լուծումների»:
Շարմազանովը պատասխանեց. «Չհամոզեցիք ու ասեմ ինչու: Ես այն կարծիքին չեմ, որ ընդդիմության ներկայացուցչի խոսքը պետք է պակաս պատասխանատվություն ունենա, քան իշխանության»: Նա ասաց, որ պետք է տարբերություն չլինի ընդդիմադիր ես, թե իշխանություն: Նա ասաց, որ Փաշինյանը խոստովանեց, որ մինչ այսօր ՀՀ արտաքին քաղաքականությունը բխել է մեր ազգային ու պետական շահերից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































