«Ադրբեջանցիների կողմից անգամ շնորհավորանքներ եմ ստացել…ասում էին՝ «տա աստված, որ նույնը մեր մոտ կրկնվի»: Դա նշանակում է, որ Ադրբեջանում մեծ դժգոհություն եւ անվստահություն կա իրենց իշխանությունների նկատմամբ: Այսօր Ադրբեջանի հասարակությունը հասկանում է, որ Հարավային Կովկասում իրենք միակն են, որ զուրկ են ժողովրդավարությունից»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով «Իմ քայլը» շարժման ձեռքբերումների մասին ներադրբեջանական դիրքորոշումները, ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Աշոտ Մովսիսյանը:
«Ի դեպ, Ադրբեջանում սկսեցին շրջանառել թեզը, թե Նիկոլ Փաշինյանը Մոնթե Մելքոնյանի հետեւորդն է»,-հավելեց նա:

Աշոտ Մովսիսյանի համոզմամբ՝ չի բացառվում, որ զանգվածային ցույցերի պարագայում Ադրբեջանում անգամ բանակը դուրս կբերեն ժողովրդի առաջ, քանի որ օրենքն արդեն դա թույլ է տալիս. «Ադրբեջանում լուրջ ներքին զորքեր ունեն, ի տարբերություն Հայաստանի, ուստի իշխանության թիվ մեկ հենարանը ուժային կառույցներն են»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































