Այս պահին Երևանի քաղաքապետարանի դիմաց անցկացվում է «Մերժիր Տարոնին» բողոքի ցույց՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով:

Քաղաքացիները գոռում են «Տարոն, հեռացիր»:

Նրանցից մեկը, որ ներկայացավ Լուսինե Սարգսյան, հայտարարեց. «Ես քաղաքապետին չեմ ճանաչում, բայց ուզում եմ, որ նա մնա քաղաքապետ: Ալեն Սիմոնյանն ասել է, որ ուզում է դառնալ քաղաքապետ: Ես չեմ ուզում, որ նա լինի քաղաքապետ: Նա մի քանի անգամ հայտարարություն է արել, որ պետք է մարիխուանան օրինականացվի: Մենք պայքարում ենք մեր ավանդույթների համար, մեր երիտասարդների համար: Ես իմ ձայնը տվել եմ Տարոն Մարգարյանին, ես ծրագիր եմ կարդացել՝ ես հո հիմար չեմ»: Այս խոսքերից հետո կինը հայտարարեց՝ ես հիմա մերժում եմ Ալեն Սիմոնյանին, ո՞վ է ինձ հետ: Ոչ ոք ձայն չհանեց:
Տարոն Մարգարյանին «դեմ» արտահայտվող քաղաքացիներից մեկն ի պատասխան կարծիք հայտնեց՝ ի՞նչ ծրագիր, Երևանի կենտրոնում երկու հատ ծաղիկ են տնկել, ասում եք ծրագի՞ր:
Մեկ այլ կին հայտարարեց՝ ժողովուրդը սիրում է Տարոնին:
Հավաքված ցուցարարներն այս կանանց դիմելով ասացին՝ գնացեք քաղաքապետարան, ձեզ աշխատանքի են կանչում:
Մեկ այլ միջին տարիքի տղամարդ, մոտենալով վիճաբանող քաղաքացիներին, ասաց՝ թույլ տվեք ես իմ խոսքն ասեմ ու հայտարարեց. «Մեր Սահմանադրությամբ մեր հայրենիքը պատկանում է ՀՀ քաղաքացիներին և անգամ դրսում ապրող հայերին: Սա բոլորիս տունն է և այս հայրենիքի համար չարչարվել են մեր պապերը, մեր հայրերը և մենք: Մեր հերթն է, որ դուք թողնեք այդ մարդիկ գան ու կառավարեն իրենց երկիրը»:

Ցուցարարներից մեկը վրդովված հայտարարեց. «Առանց հանրային կարծիքի, մասնագիտական կարծիքի. ի՞նչ է սա, ուռենիներն ո՞ւր են: Տարոն Մարգարյան, դու վտանգավոր ես մեզ համար: Դու քանի՞ գլխանի ես, որ քաղաքն ավիրես: Սրա համար պիտի նա պատժվի. պատկան մարմինները թող գան, զբաղվեն: Սա վանդալիզմ է, հանցագործություն, և դրա պատասխանատուն հիսուն մետր այն կողմ նստած է, թող գան բռնեն, տանեն ու պատասխանատվության ենթարկեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































