ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինային և Ջուզեպե Գալատիին:
Քննարկվել են Հայաստանում տեղի ունեցած զանգվածային միջոցառումների ընթացքում մարդկանց հիմնարար իրավունքների և ազատությունների քրեաիրավական պաշտպանությանը, արձանագրված առերևույթ հանցագործության դեպքերով ընթացող քննությունների օբյեկտիվությանն ու լիարժեքությանը, դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողությանը վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ զանգվածային միջոցառումների ընթացքում դատախազությանը հայտնի դարձած հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր դեպքերով՝ կապված ինչպես հավաքներն առանձին դեպքերում օրենքի պահանջների խախտմամբ անցկացնելու, այնպես էլ քաղաքացիական անձանց կողմից հավաքի մասնակիցների իրավունքների խախտման, ոստիկանության ծառայողների կողմից նրանց նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության միջոցներ կիրառելու, լիազորություններն անցնելու հետ, պարտադիր նախաձեռնվել են վարույթներ, ոստիկանության բաժիններում դատախազների անմիջական մասնակցությամբ հսկողություն է իրականացվել քաղաքացիների իրավունքների պաշտպանության նկատմամբ:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հավաքների ընթացքը լուսաբանող լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը համարժեք իրավական գնահատականի արժանացնելուն:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև հանրապետությունում ընթացող դատաիրավական բարեփոխումների ընթացքի, տեսլականների մասին:
ՀՀ գլխավոր դատախազը արժևորել է ԵԽԽՎ-ի հետ Հայաստանի դատախազության երկարամյա համագործակցության շոշափելի արդյունքները՝ վստահություն հայտնելով, որ այն շարունակական կլինի:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին


















































