Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի առաջին վարչապետի ողբերգությունը. չափից դուրս շիտակ, բայց այժմ մոռացված. Daily Beast

Մայիս 28,2018 17:40

Հույս ունենալով դառնալ Կովկասի Ջորջ Վաշինգտոնը՝ 100 տարի առաջ Հովհաննես Քաջազնունին օգնեց հիմնել Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ գրում է Daily Beast պարբերականը «Հայաստանի առաջին վարչապետի ողբերգությունը. չափից դուրս շիտակ, բայց այժմ մոռացված» խորագրով ծավալուն հոդվածում:

Հոդվածագրի փոխանցմամբ՝ Հայաստանն աշխարհի ամենաերիտասարդ պետություններից է, որը հիմնադրվել է 1991թ. Խորհրդային Միության փլուզումից հետո, բայց հայ ժողովուրդն ունի շուրջ 3000 տարվա պատմություն և նշում է առաջին Հանրապետության հիմնադրման 100 ամյակը: Շատերը հայերին համեմատում են հրեաների հետ. հպարտ, հարգված ազգեր՝ շրջապատված թշնամական հարևաններով՝ գրում է պարբերականը, ապա անդրադառնում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացմանը՝ Մեծ Եղեռնին:

Այդ նույն ժամանակահատվածում Ռուսաստանում մոլեգնում էր բոլշևիկյան հեղափոխությունը, և եթե Հայաստանի Հանրապետությունն ունենար ավելի լավ առաջնորդ և բախտ, կարող էր գոյատևել՝ փաստում է հոդվածագիրը:

«Հովհաննես Քաջազնունին ծնվել է 1868թ. ցարական Ախալցխայում՝ ներկայիս Վրաստանի տարածքում: 1880-ական թվականների վերջում և 1890-ական թվականների սկզբում, սովորելով ճարտարապետություն Սանկտ-Պետերբուրգում, նա վարակվում է հակացարական ռուսական հեղափոխության ոգով… Քաջազնունին դառնում է Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ… 1917թ. Հայոց ազգային խորհրդին միանալուց հետո նա ներկայացնում է Հայաստանը Տրապիզոնի հաշտության բանակցությանը, որը մեկնարկեց 1918թ. մարտի 14-ին: Քաջազնունու վեց երեխաներից 3-ը մասնակցել են Առաջին աշխարհամարտում: Երկուսը զոհվել են 1918 և 1920թթ., երրորդին գերեվարել են թուրքերը 1920թ.:

1918թ. գարնանը տարածաշրջանային քաղաքական ճնշումները, Օսմանյան բանակը ստիպում են Հայաստանին անդամակցել ոչ գրավիչ Անդրկովկասյան Ֆեդերացիային: Հույս ունենալով, որ Վրաստանի ղեկավարությունը կարող է խոչընդոտել արյունարբու օսմաններին, Քաջազնունին միանում է կաբինետին: Ֆեդերացիան գոյատևում է ապրիլի 22-ից մինչև մայիսի 26-ը, երբ անկախություն հռչակեց Վրաստանը, ապա մուսուլմանները հռչակեցին Ադրբեջանի Հանրապետությունը: Հայերը ևս անկախություն են հռչակում»,-գրում է պարբերականը՝ ընդգծելով, որ Հայաստանի վարչապետ է ընտրվում Քաջազնունին, որն այդ պաշտոնը զբաղեցնում է մինչև 1919թ. օգոստոսի 7-ը:

Հոդվածագիրն ընդգծում է, որ նա չորս վարչապետներից առաջինն էր, որ 2.5 տարվա ընթացքում հավաքում է 7 տարբեր կաբինետ: Մինչև բոլշևիկների ներխուժումը, Քաջազնունին զբաղեցնում է խորհրդարանի խոսնակի պաշտոնը, որից հետո ձերբակալվում է. «բոլշևիկները ոչնչացնում են Առաջին Հանրապետությունը և հայերի հույսերը ընդհուպ մինչև 1991թ.»:

Նշվում է նաև, որ Բուխարեստում ապրելու տարիներին Քաջազնունին դադարեցնում է անդամակցությունը ՀՅԴ-ին, հրատարակում «Դաշնակցությունն այլևս անելիք չունի» գրքույկը: Վերաշարադրելով պատմությունը՝ Քաջազնունին ափսոսանք է հայտնում, որ հայերը խաղաղություն չհաստատեցին թուրքերի հետ և վստահեցին Ռուսաստանին:

Քաջազնունին հիշում է, թե բոլշևիկներն ինչքան հեշտ նվաճեցին Հայաստանը և ինչքան լավ ընդունվեցին այստեղ: «Մենք հույս ունեինք, որ խորհրդային իշխանությունները, որոնց աջակցում էր Ռուսաստանը, կկարողանային կարգուկանոն հաստատել, մի բան, որը մենք չկարողացանք անել»,-մեջբերում է հոդվածագիրը նրա խոսքերը:

Պարբերականը գրում է, որ Քաջազնունու նախկին ընկերները՝ դաշնակցականները, չեն ներում նրա «վախկոտ կապիտուլյացիան», արգելում են գրքերը Հայաստանում:

«Քաջազնունին փորձում է կրկին քաղաքացիական գործունեություն ծավալել: 1925թ. հետո նա աշխատում և ապրում է որպես ճարտարապետ ՀԽՍՀ-ում, Երևանում նրա նախագծած բնակելի և կոմերցիոն շինությունների մի մասը կանգուն է մինչ օրս: Բայց նա դառնում է ստալինյան բռնաճնշումների թիրախ, ձերբակալվում 1937թ., իսկ 1938-ին մահանում է թոքաբորբից:

Ժամանակակից ՀՅԴ-ի անդամ Ալբերտ Աճեմյանը Քաջազնունում անվանում է «Հանրապետության ոգի»՝ ասելով, որ «նրա ազնվության խորհրդանիշ դարձավ մեր երկրի համար: Հաջորդ սերունդները շատ բան ունեն նրանից սովորելու»:

Առաջինը՝ նրանք պետք է սովորեն նրա մասին: Քիչ հայեր նշեցին Քաջազնունու ծննդյան 150-ամյակը: Ոչ մեկ չգիտի՝ որտեղ է նա հուղարկավորված: Նրա 60-ամյա ծոռը՝ Քսենիա Օռլովան, կարծում է, որ առաջին վարչապետի հիշատակն անդառնալիորեն մոռացվել է»,-եզրափակում է հոդվածագիրը:

Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031