«Չնայած պետպատվերի ցանկում ներառված է դարի հիվանդության բուժման մի մեծ հատվածը, բայց որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ դաշտը եւս մոնոպոլացված է: Քիմիոթերապիայի դեղեր իրավունք ունեն բերել միայն իշխանության բարձրագույն սանդղակին կցված օլիգարխները եւ այդ դեղերը վաճառվել են մի քանի անգամ ավելի թանկ, քան մեր տարածաշրջանի բոլոր երկրներում: Վստահ եմ՝ տեղյակ եք, որ հիվանդները, իսկ ՀՀ-ում հիվանդության տոկոսը կատաստրոֆիկ բարձր է, բայց նախընտրում են գնալ Վրաստան, Իրան, ՌԴ, բայց ոչ երբեք մեր երկրում բուժվել, որովհետեւ կա խայտառակ որակ ու խայտառակ գնային քաղաքականություն», – այսօր ԱԺ-ում 2017-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին բողոքեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ հետաքրքրվեց օնկոլոգիայի կենտրոնից:

Արսեն Թորոսյանն ասաց, որ կենտրոնի պոտենցիալ շահագործողների հետ բանակցություններ է սկսել. «Կա կնքված կոնցեսիոն պայմանագիր էքսկլյուզիվ, որը ենթակա է կատարման, քանի որ իրավական հետեւանքներ կլինեն, այդ մարդը, որը մեր հայրենակիցն է ԱՄՆ-ից, շահագրգռվածություն է հայտնել կենտրոնը վերցնել, շահագործել, բայց դա ուռուցքաբանության մասն է: Պատրաստվում ենք կառուցել ճառագայթային բուժման, նաեւ ստացիոնար մասնաշենքեր՝ վիրահատությունների մասով, բայց դա կլինի 3-4 տարի հետո: Այս մեկը հույս ունենք մինչեւ գարուն կկարողանանք գործարկել»:
Նախարարն ասաց, որ ինքը իր համար երկու գերակա ուղղություն է ընտրել աշխատանքի, մեկը առողջության առաջնային պահպանումն է, կանխարգելումը, մյուսը՝ ուռուցքաբանությունն է՝ թե՛ շուտ հայտնաբերման, թե՛ բուժման. «Դեղերի ոլորտում մենք ունենք երկու խնդիր: Նախ, զուգահեռ ներմուծումերի պրոբլեմ ենք ունեցել, երբ արտադրողից բացի մյուս ներկրողները փորձել են ներկրել ու չեն կարողացել: Դա չի վերաբերել միայն օնկոլոգիական դեղերին, մյուս դեղերի մասով էլ կա: Կառավարության որոշում կա, որը լավ չի գործել, հիմա նորն է շրջանառվում, երբ մենք փաստացի անվտանգության պայմանների առկայության դեպքում թույլ ենք տալիս ներկրել՝ արտադրողների կողմից սերտիֆիկացիա պետք է լինի, սերիա համարներ եւ այլն: Դա կբերի մենաշնորհների վերացմանը: Իրական մենաշնորհներ դեղի ոլորտում չեն եղել, չի եղել արգելքներ դեղի ներկրման՝ զուտ անձնավորված՝ անկախ մեր պատկերացումներից»:
Արսեն Թորոսյանն ասաց, որ ցանկացած ընկերություն ստացվում է, որ կարող է բերել ցանկացած դեղ, բայց մենք խնդիր ունենք չգրանցված դեղերի հետ կապված, երբ դեղերը ներկրվում են զարտուղի ճանապարհներով ու վաճառվում են հիվանդին՝ առանց վերահսկման: Այն դեղերը, որոնք մեզ պետք են ու արտադրողներին ձեռնտու չի գրանցել այդ դեղերը ՀՀ-ում, որովհետեւ փոքր շրջանառություն ունեք, պետությունը ինքը իր հաշվին կգրանցի, որ ներկրումը վերահսկելի լինի:
Նախարարն ասաց, որ մանկական օնկոլոգիական դեղերը պետք է պետությունը գնի, ոչ թե բժիշկը դիմի ծնողներին, թե այսինչ դեղը ճարեք, որ ձեր երեխաներին բուժենք:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































