Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԿԵՆԳ-ը Մոսկվայի էկոնոմ կարգի ավիատոմսը գնել է 588 հազար դրամով, բյուջեի փողերը ոչ թե խնայել, այլ քամուն է տվել

Հունիս 06,2018 15:30

Մոտ երկու տարի առաջ կառավարությունը բյուջեի փողերը խնայելու նպատակով պաշտոնյաների համար ավիատոմսերի գնման գործընթացը փոխեց: Եթե նախկինում այս կամ այն պաշտոնյայի տոմսը գնվում էր պետական գնումների մրցույթով, ապա նոր կարգով տոմսերի մատակարար դարձավ ԷԿԵՆԳ ՓԲԸ-ն, որն ուղիղ կապ էր ունենալու ավիատոմսերի վաճառքի համար նախատեսված «Ամադեուս» ծրագրի հետ: Առաջին հայացքից պետության փողերը խնայելու իդեալական տարբերակ էր, սակայն կառավարությունն իր այդ քայլով, ինչպես ավիատոմսերի բիզնեսով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներն են փաստում, այդ մասով մենաշնորհ ստեղծեց` հակառակ կառավարության վարած մենաշնորհային քաղաքականության: Այսինքն` այն հսկայական գումարները, որոնք դուրս էին գրվում պետական բյուջեից պաշտոնյաների ավիատոմսերի համար, սկսեցին հոսել այդ ընկերության գրպանը: Մինչդեռ տարիներ ի վեր այդ մրցույթներին մասնակցել են փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք նույնպես զբաղվում են ավիատոմսերի առուվաճառքով:

Ինչպես արդեն նշել էինք, կառավարությունն իր այդ քայլը ժամանակին պատճառաբանել էր բյուջեի փողերը խնայելով: Այսօր արդեն մի շարք օրինակներով կարելի է փաստել, թե ինչպես է ԷԿԵՆԳ-ը ոչ թե խնայում, այլ բյուջեի գումարները, մեղմ ասած, քամուն տալիս: Օրինակ` այս տարվա մարտին ԷԿԵՆԳ-ը Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյայի համար Երեւան-Մոսկվա չվերթի համար ավիատոմս է ձեռք բերել 318 հազար դրամով: Ընդ որում՝ էկոնոմ կարգի: Այս մասին տեղեկանում ենք հենց ԷԿԵՆԳ-ի կայքում` govtravel.am-ում տեղադրված հաշվետվությունից: Մարտի 24-ին էլ Փարիզ-Երեւան ավիատոմսի միայն մի ուղղությունը այս ընկերությունը գնել է 336 հազար դրամով` մոտ 600 եվրո, այն դեպքում, երբ այս պիկ սեզոնին Երեւան-Փարիզ-Երեւան երկկողմանի ուղղությունն այդքան արժի: Ի դեպ, ավիատոմսի թանկ լինելը հաշվետվությունում պատճառաբանված է` «անհրաժեշտությունից ելնելով»: Իսկ որ ամենաուշագրավն է, կրկին այս տարվա մարտի 29-ին ԷԿԵՆԳ-ը Երեւան-Մոսկվա ավիատոմսը գնել է 588 հազար դրամով: Այս տոմսն էլ, ըստ ԷԿԵՆԳ-ի հաշվետվության, էկոնոմ կարգի է: Մի քանի ավիագործակալությունից կատարած մեր հարցումները ցույց տվեցին, որ մարտ ամսին Մոսկվայի էկոնոմ կարգի ավիատոմսը 130-140 հազար դրամից բարձր չի եղել: Այդ թանկարժեք ավիատոմսով թռել է Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության պաշտոնյաներից մեկը, որը մարտի 29-ին գնացել է եւ 31-ին վերադարձել է: Կրկին մարտ ամսին ՀՀ ոստիկանության համար էլ դեպի Մոսկվա ոչ պակաս թանկարժեք ավիատոմսեր են ձեռք բերվել` 185 հազար դրամանոց, 195 հազարանոց: Արտգործնախարարության համար Երեւան-Մոսկվա ավիատոմսը նույն ամսին ԷԿԵՆԳ-ը գնել է 193 հազար դրամով, ընդ որում՝ մեկ կողմը, կարգն էլ` էկոնոմ:

ԷԿԵՆԳ-ը հաշվետվությունները ոչ թե ամենօրյա ռեժիմով կամ մի քանի օրը մեկ է կայքում տեղադրում, այլ մի քանի ամիսը մեկ: Այսինքն` այդ պահին հնարավոր չի լինում զուգահեռ ճշտել եւ համեմատել, թե ասենք` այլ ավիագործակալություններ այս կամ այն ավիատոմսն ինչ արժեքով են առաջարկում: Մինչդեռ երբ ավիատոմսերը դեռ ձեռք էին բերվում գնումների միջոցով, բոլոր գերատեսչությունները հաշվետվություններ էին ներկայացնում, թե այդ տոմսն այսինչ արժեքով են գնել: Եթե հիմա ինչ-որ գերատեսչության պաշտոնյա նույնիսկ հարցում էլ անի, եւ ավիագործակալությունները նրան ավելի էժան տոմս առաջարկեն, միեւնույն է՝ այդ կառույցը չի կարող ավելի էժան ավիատոմսը ձեռք բերել, քանի որ պարտադիր պայման է դրված, որ տոմսը պետք է գնվի ԷԿԵՆԳ-ից, ինչն էլ, ավիատոմսերի բիզնեսով զբաղվող գործարարների համոզմամբ, մենաշնորհ է: Եվ որքան էլ ԷԿԵՆԳ-ի պատասխանատուները պնդում են, թե իրենք Հայաստանի ավիատոմսերի շուկայի չնչին մասն են զբաղեցնում, այդուամենայնիվ, տարեկան մոտ 3000-ից 3500 ավիատոմս է պաշտոնյաների համար դուրս գրվում, ինչը փոքր բիզնեսի համար ինչ-որ եկամուտներ էր ապահովում, շնչելու հնարավորություն էր տալիս: Պետական կարիքների համար ձեռք բերվող ավիատոմսերի բիզնեսն ամբողջությամբ ԷԿԵՆԳ-ին հանձնելուց հետո այդ մի քանի տասնյակ ՓՄՁ-ները ֆինանսական դժվարությունների առաջ կանգնեցին, ընկերություններում աշխատատեղեր կրճատվեցին, որոշ ընկերություններ էլ պարզապես հրաժարվեցին այդ գործից:

Գործարարները մի քանի անգամ այն ժամանակվա իշխանության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահին, վարչապետին նամակներ էին գրել, սակայն որեւէ դրական պատասխան չէին ստացել: Կառավարության ղեկը Կարեն Կարապետյանին անցնելուց հետո էլ մենաշնորհների դեմ ակտիվ պայքար հայտարարած այդ վարչապետին են դիմել: Սկզբում գործարարներին խոստումներ են տվել, թե՝ «նայեք ոնց ենք հացը լուծում», հետո, երբ հասկացել են, թե ԷԿԵՆԳ-ի հետեւում ինչ բարձրաստիճան պաշտոնյաներ են կանգնած, այսպես ասած, հետ քայլ են դրել. ավելին` ԷԿԵՆԳ-ից բողոքող բոլոր գործարարների ընկերություններում հարկային ու այլ տարատեսակ ստուգումներ են սկսվել:
Եվ որքան էլ ԷԿԵՆԳ-ի պատասխանատուները վստահեցնում են, որ ընկերության բաժնետոմսերի 100%-ը պատկանում է կառավարությանը, իսկ ձեւավորված շահույթն էլ յուրաքանչյուր տարի փոխանցվում է ՀՀ բյուջե, այդուհանդերձ, ավիատոմսերի բիզնեսով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները վերապահումով են մոտենում այդ ասածներին, քանի որ ի սկզբանե, երբ ԷԿԵՆԳ-ը ներդրվում էր, նրանք հավատացնում էին, թե ավիատոմսերն ուղիղ են ձեռք բերելու՝ առանց միջնորդների, սակայն ավիագործակալությունների ներկայացուցիչները սեփական հետաքննությունն են արել ու պարզել, որ բիզնեսի պոչերը դեպի Ռուսաստան են տանում, եւ ավիատոմսերը դուրս են գրվում մի միջնորդ՝ ինչ-որ «Վիզա Կոնկորդ» կազմակերպության միջոցով, որը կապ չունի հայաստանյան համանման ընկերության հետ:

Գործարարները վստահեցնում են, որ այդ բիզնեսը շատ լավ կազմակերպված. մտածված սխեմայով է գործում, որ նույնիսկ աուդիտը չի կարող պարզել, թե գումարները ուր են փոխանցվում, ում միջոցով: Բացի այդ, մտահոգություն են հայտնում, որ մեր պաշտոնյաների անձնական տվյալների բազան հայտնվում է ռուսական ընկերությունների ձեռքում, այսինքն` ազգային անվտանգության խնդիր է առաջ գալիս. «Ի՞նչ իրավունք ունի ռուսական ինչ-որ կազմակերպություն իմանա, թե մեր որ պաշտոնյան ուր է մեկնում»:
Ավիատոմսերի բիզնեսով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները վստահ են, որ մի հսկայական կոռուպցիա էլ ԷԿԵՆԳ-ի շուրջ է թաքնված, եւ նոր կառավարության ուշադրությունն են հրավիրում այդ հանգամանքին:

Գործարարները Նիկոլ Փաշինյանին առաջարկում են ԷԿԵՆԳ-ի մենաշնորհը վերացնել եւ հնարավորություն տալ փոքր բիզնեսին էլ մասնակցել պետական կարիքների համար ավիատոմսերի գնման մրցույթներին, եւ ով ամենացածր գինն առաջարկի, կառավարությունը նրանից էլ գնումը կատարի: Նրանք համոզված են, որ ԷԿԵՆԳ-ը բազմաթիվ դեպքերում պարտվելու է, քանի որ ինքն օգտվում է ծրագրավորողների միջոցով ստեղծված հարթակից, որը տոմսերի վրա գործակից է կիրառում 5 կամ 10 տոկոս, ինչը տոմսի գինն էականորեն բարձրացնում է: Բացի այդ, այս բիզնեսով զբաղվողները վստահեցնում են, որ նրա քաղաքականությունը բոլորովին ճկուն չէ, ընդամենը մեկ-երկու ծրագրով է աշխատում, կան ավիափոխադրողներ, որոնց տոմսերն ընդգրկված չեն «Ամադեուս»-ի մեջ, մի շարք ներքին չվերթներ չի կարողանում ապահովել, ինչի պատճառով էլ հնարավոր է, որ տվյալ պաշտոնյայի գործուղման օրը, ժամը, օրապահիկն ավելանան: ԷԿԵՆԳ-ը այդ պահին առկա տեղերով է տոմսը ձեռք բերում, իսկ հետո, երբ այլ տոմսերի ամրագրումներ դուրս են գալիս, ու ավելի էժան տոմսեր են ի հայտ գալիս, տոմսն արդեն գնված է լինում, հազար ու մի միջնորդավճարներ ու տոկոսներ է ավելացնում տոմսի արժեքին եւ այլն:

Ընդամենն օրեր առաջ նոր կառավարությունը հրապարակեց կառավարության ծրագիրը` նշելով, որ կարեւորում է տնտեսական մրցակցության պաշտպանությունը՝ ելնելով այն հրամայականից, որ տնտեսական գործունեության որեւէ ազատության կիրառում չպետք է հանգեցնի տնտեսական որեւէ այլ գործունեությամբ զբաղվելու անհամաչափ սահմանափակման։

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

05.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930