Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանք քաղաքական հետապնդումներ են, ՀՀ իշխանությունները հոգեվարքի մեջ են եւ այս ռեպրեսիաներով արցախահայերին վախեցնել չեն կարող»

Մայիս 27,2024 14:00

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը

– Տիկին Հակոբյան, Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Տեղեկություններ կան, որ սա քաղաքական բնույթ ունի, այսինքն՝ Հայկ Շամիրյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, ինչից հետո տեղի ունեցավ նրա բնակարանի խուզարկությունն ու ձերբակալությունը։ Ի՞նչ ուղերձ եք տեսնում ՀՀ իշխանությունների այս գործողություններում, փորձում են վախեցնե՞լ արցախցիներին։

– Հայաստանի Հանրապետության իշխանությունները շատ հետեւողական են իրենց հայտարարություններում, հատկապես եթե դրանք ռեպրեսիաների, բռնության, ահաբեկման կոչեր են։ Իրենք իրենց ոճի մեջ են, իրենց հայտարարած ժողովրդավարության բաստիոնը հենց իրենք են քայքայում։ Ես մի բան կարող եմ ասել, որ իրենց այս գործողություններում Արցախի հայերին վախեցնել չեն կարող։ Արցախի հայը բոլոր վախերի միջով անցել  ու դրանք հաղթահարել է։ Արցախի հայի աչքի առաջ իր երեխային են մորթել կամ սպանել, դրանից ավելի մեծ վախ մարդը երբեք չի կարող ապրել։ Եվ այն, ինչ այս իշխանություններն անում են, դա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ արցախցիների տրամադրությունների վրա։ Միանշանակ է, որ սրանք քաղաքական հետապնդումներ են։ Քիչ էր, որ Հայաստանի մեր հայրենակիցներին էին քաղաքական հետապնդումների ենթարկում, հիմա բռնի տեղահանված, այդքան աղետի միջով անցած մարդկանց են ահաբեկում։ Դա իրենց ոճն է, իրենց թվում է՝ դրանով կանխելու են այն, ինչ տեղի է ունենում։ Բայց իրենք էլ շատ լավ գիտեն, մենք էլ գիտենք, որ իրենց իշխանությունն ավարտվել է, իրենք հոգեվարքի մեջ են։ Անկախ նրանից, շարժումն այս պահին ունի հաջողություն, թե ոչ, միեւնույն է, իրենք հոգեվարքի մեջ են, ավարտվել է իրենց իշխանությունը։

Ես վստահ եմ, որ մեր հմուտ փաստաբանները կարողանալու են ամեն ինչ անել, եւ Ասկերանի քաղաքապետն անպայման ազատության մեջ կգտնվի, որովհետեւ ակնհայտ անհիմն, լկտի ու բարոյական բոլոր նորմերից դուրս մեղադրանքներով այսօր փորձում են մարդկանց ուղղակի ճնշել ու վախեցնել։ Եվ հույս ունեն, որ այս մեկ դեպքով արցախցիները կվախենան եւ չեն անի այն, ինչ պարտավոր են անել։ Իսկ դա ոչ թե արցախցու պարտավորությունն է, այլ ցանկացած հայի, որոնք անպայման պետք է լինեն այն ուժի կողքին, որն այսօր պայքարում է այս իշխանությունների դեմ։

– Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վճռորոշ հանրահավաք է անցկացնելու, ի՞նչ ակնկալիք կա։

– Ես կարծում եմ, որ սա հայի ու չհայի պայքար է։ Եվ ցանկացած մարդ, ով իրեն հայ է համարում եւ ուզում է, որ իր երեխաները հայ մնան ու հայ մեծանան, պետք է անպայման այդ օրը լինեն հրապարակում։ Ես կրկնում եմ՝ այս շարժումն արդեն իսկ տվել է իր պտուղները, արդեն իսկ հաջողել է՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ վերջնարդյունք է գրանցելու։ Իշխանությունները քայքայված են, արդեն օդում կախված են, ընդամենը մեկ շարժում, եւ իրենք վայր են ընկնելու։ Այսօր դա մեզանից յուրաքանչյուրից է կախված, որովհետեւ հայրենիք կորցնելը դա զուտ հող չէ, տուն չէ, ունեցվածք չէ, դա մարդու արժանապատվությունն է։ Եվ այն հայը, որն իրեն համարում է արժանապատիվ հայ եւ իրավունք ունի ապրել ու ունենալ հայրենիք, ապա ինքն այլընտրանք չունի, ինքը հրապարակում պետք է լինի։ Այսինքն՝ ակնկալիքս հենց այն է, որ այս շարժման արդյունքում մենք հայրենիք ունենալու հնարավորություն ենք ունենալու։

– Բացի սպառնալիքներից ու քաղաքական հետապնդումներից, իշխանությունները նաեւ տարբեր պիտակավորումներ են կպցնում այս շարժման մասնակիցներին՝ «գործակալներ» եւ այլն։ Սա նույնպե՞ս խոսում է նրանց վախերի մասին։

-Յուրաքանչյուրը դիմացինին չափում է իր ձեւով։ Դեռեւս 2018 թվականից ենք մենք պնդել, որ իրենք գործակալներ են, թշնամի ուժերի օգնությամբ իշխանությունը զավթած անձինք են, ովքեր շատ լավ գիտեն, թե ինչպես է դա տեղի ունենում։ Եվ իրենք այլ պատկերացում չեն կարող ունենալ, որ ուղղակի կարող են լինել ազգային ուժեր, որոնք անկախ ամեն ինչից, պայքարելու են իրենց դեմ։ Այն, ինչ իրենք 2018-ին անում էին, առաջինը թիրախավորելով եկեղեցուն ու ազգային հերոսներին, այսօր իրենք փորձում են դրանով հաղթել։ Բայց դա չի կարող տեղի ունենալ։ Եվ, իհարկե, իրենք ջղաձգումների մեջ են։ ՔՊ-ական հայտնի պատգամավորը (նկատի ունի ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին-հեղ.), երբ փորձում էր մատ թափ տալ արցախցիների վրա ու վախեցնում էր, որ սոցիալական աջակցությունից կզրկեն արցախցիներին, արդեն իսկ իր աչքերում վախ կար։ Եվ նա այն անձն է, որի հարեւանությամբ ես ծնվել ու ապրել եմ, տեսել եմ, թե 1990-ական թվականներին ինչ լկտի պահվածք ունեին, ինչպես էին վերաբերվում հարեւանությամբ բնակվող մարդկանց։ Իրենք չեն փոխվելու, պարզապես չակերտավոր հաջողել են ու զավթել իշխանությունը։ Բնական է, հիմա իրենք մահից շատ վախենում են իշխանություն կորցնելուց, որովհետեւ ազգային ուժերի հաղթանակից հետո հենց այդ տեսակը ուղղակի չի լինելու Հայաստանում։ Այո, իրենք վախեցած են, հոգեվարքի մեջ են, եւ ՀՀ վարչապետի խոսքից երբեմն արդեն աղաչանք է լսվում, որ իրեն ուղղակի փրկեն։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031