ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզպետարանում այսօր աշխատակազմին ներկայացրեց Սյունիքի նոր մարզպետ, ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանին:


Հիշեցնենք որ նա պաշտոնը ստանձնեց ներկուսակցական խժդժություններով։ Պատգամավորական մանդատից, ինչպես նաեւ ԲՀԿ-ից՝ հրաժարվեց ծննդով կապանցի պատգամավոր Մերուժան Սիմոնյանը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Սյունիքի մարզպետի աթոռը պիտի նրան տրվեր:

Դահլիճում չէր Մեղրիի քաղաքապետ, հանրապետական Մխիթար Զաքարյանը, որն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել էր նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ
Հ. Գ. Ըստ նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ նախարարը խոսել է նաև համայնքային հողի և գույքի օտարման գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի բացառմանը միտված ՏԿԶ նախարարության կողմից մշակվող առցանց էլեկտրոնային հարթակի մասին, որը հնարավորություն կտա չեզոքացնել գույքի օտարման գործընթացում կամայականություններն ու ապօրինությունները՝ տեղեկատվական բազան դարձնելով բաց և հասանելի։
Սուրեն Պապիկյանը ներկաներին հիշեցրել է վարչապետի հանձնարարականի մասին, համաձայն որի մարզպետարանները պետք է ունենան մարզերի զարգացմանն ուղղված պատրաստի բիզնես- փաթեթներ, որոնք առաջարկվելու են ոչ միայն տեղի գործարարներին, այլև մեր այն հայրենակիցներին, ովքեր ապրելով Հայաստանի սահմաններից դուրս, ցանկանում են ներդրումներ կատարել հայրենիքում։
Լուսանկարները՝ Ռուբեն Հարությունյանի/«Սյունյաց երկիր» թերթի ֆեյսբուքյան էջից




















































