Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ հեղինակները ոչ միշտ են իմ ճաշակով»

Հուլիս 09,2018 13:30

Սերժ Մելիք-Հովսեփյանի դիտարկումները՝ թատրոնի եւ փորձարարության մասին

Նորարար-փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) հունիսի 29-ին ներկայացվեց ֆրանսիացի թատերագիր, բեմադրիչ Ժոել Փոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը» պիեսի հիման վրա «Սերը բավական չէ՞» ներկայացման առաջնախաղը՝ Սերժ Մելիք-Հովսեփյանի թարգմանությամբ ու ռեժիսուրայով: Բեմադրիչը ընտրել է հեղինակի սիրո տարբեր հոգեվիճակներ արտահայտող 22 թատերական նովելներից 12-ը: Պիեսը ներկայացնելու հետաքրքիր լուծում էր գտել ռեժիսորը. հանդիսատեսը գործողությունների հետ դրվագից դրվագ տեղաշարժվում է ՆՓԱԿ-ի մի խորշից մյուսը, մեծ սրահի հատվածների մեկից՝ մյուսը: Յուրաքանչյուր պատմություն իր վերնագիրն ունի՝ «Բաժանում», «Հիշողություն», «Փող», «Մահ», «Երեխաներ», «Հարսանիք» եւ այլն: Դերասանները հիմնականում Համազգայինից են ու հանդիսատեսին հայտնի՝ Նարինե Գրիգորյան, Արմինե Անդրեասյան, Մարիա Սեյրանյան, Մխիթար Ավետիսյան, Արթուր Նազարյան, Սերգեյ Թովմասյան, Նարեկ Բաղդասարյան: Ռեժիսորը հրավիրել է նաեւ «նոր»՝ երիտասարդ դերասանների, օրինակ՝ Հռիփսիմե Շահինյանին հիշում ենք Նարինե Գրիգորյանի աստվածաշնչյան թեմաներով «Հովնան» ներկայացումից, կամ Սոնա Վարդանյանին մտաբերեցինք Արթուր Շնիցլերի «Շուրջպարը» ներկայացումից, ընդ որում՝ դարձյալ Սերժ Մելիք-Հովսեփյանի ռեժիսուրայով:

Ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանը նոր անուն չէ հայաստանյան թատերական դաշտում: Շուրջ տասը տարի առաջ նա ստեղծել է «Ագորա» թատերախումբը ու ներկայացնում է բացառապես ժամանակակից միջազգային դրամատուրգիա: Առիթի դեպքում հիշատակվում են իտալացի դրամատուրգներ Դարիո Ֆոյի եւ Ֆրանքա Ռամեի պիեսի հիման վրա բեմադրված «Սովորական օր» մոնոներկայացումը, ֆրանսիացի Ֆլորյան Զելլերի «Մայրը» եւ այլ բեմադրությունները, իսկ Երեւանում ռեժիսորի առաջին աշխատանքը Էրիկ Էմանուել Շմիդտի «Ազատաբարոն» պիեսն էր: Ի դեպ, այս տարի Տաթեւ Ղազարյանը «Արտավազդ» մրցանակաբաշխությունում «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեց հենց «Սովորական օր»-ով: Չմոռանանք ասել, որ արվեստագետը երկար տարիներ ստեղծագործել է Թեհրանում ու Փարիզում, եղել է Փիթեր Բրուքի ասիստենտը եւ երբեւէ մտքով չի անցել հիմնավորվել Երեւանում:

Առաջնախաղից հետո «Առավոտը» որոշել էր հիշյալ ներկայացման եւս մեկ-երկու պրեմիերայից հետո հանդիպել ռեժիսորի հետ: Այս առիթով մեր խնդրանքին ի պատասխան՝ Սերժ Մելիք-Հովսեփյանն ասաց. «Առաջին անգամ է, որ մշակութային լրագրողից զանգ եմ ստանում հարցազրույցի համար»: Եվ քանի որ ժամանակի առումով համաձայնության չեկանք, որոշեցինք «նորարար-փորձառական» հարցազրույց վարել:

– Այնուամենայնիվ, Փարիզից եկաք Երեւան ու, փաստորեն, հիմնավորվեցիք:

– Պատճառը «Ագորան» է ու հենց այս թատերախմբի միջոցներով ենք բեմադրություններ իրականացնում, ֆինանսական օգնություն էլ ոչ մի տեղից չունենք: Բայց արի ու տես, որ դերասաններն ու ես մեծ սիրով ենք աշխատում…

– Սիրում եք ընդառաջել երիտասարդ դերասաններին, բայց նաեւ…

– Գնալով ավելի լավատես եմ դառնում: Երիտասարդների մեջ ձգտում կա, հետաքրքիր ստեղծագործողներ կան, բայց, մի բայց կա՝ նրանցից ոմանք ժամանակակից լինելը այլ կերպ են հասկանում, օրինակ՝ ձեւի մեջ են տեսնում նորարարությունը, կենտրոնանում են հիմնականում ներկայացման ձեւական լուծումների վրա՝ մոռանալով, որ բեմադրության ասելիքը բովանդակությունն է:

– Ընդունված է ասել՝ թատրոնը դասեր պետք է տա կամ հանդիսատես կրթի… 

– Հակառակը՝ թատրոնը չպետք է դասեր տա, այն պետք է հանդիսատեսին անտեսանելի երեւույթների հետ ծանոթացնի՝ ներկայացնելով մարդկային հարաբերությունները, միաժամանակ ցույց տա դրանց լուծումները:

– Ձեր բեմադրություններում դեկորներ համարյա չկան: 

– Այդպես էլ պետք է լինի: Նման կերպ ես օգնում եմ դերասանին ազատվել բարդույթներից, ազատ լինել բեմում: Դերասանը ներկայացման կենտրոնն է…

– Հայ հեղինակներին չեք անդրադառնում:

– Այո, նրանք ոչ միշտ են իմ ճաշակով… Բավական է տարբեր թատրոնների խաղացանկն ուշադիր ընթերցես եւ հասկանալի կդառնա, թե որն է նպատակը: Հաճախ են հայ դրամատուրգները գանգատվում, որ ռեժիսորներին չեն հետաքրքրում իրենց գործերը: Բայց վստահ կարող եմ ասել, որ մեր դրամատուրգների մեծ մասը ծանոթ չէ միջազգային դրամատուրգիային:

– Ի՞նչ եք առաջարկում:

– Պետք է մեզ փոխենք, զարգացնենք ու էքսպերիմենտներ անենք:

«Էքսպերիմենտ»-ը՝ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

«Առավոտ օրաթերթ»

07.07.2018

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031