Նախագահ Արմեն Սարգսյանն այս օրերին հանդիպումներ է ունենում Հայաստանում ֆիզիկայի ոլորտի տարբեր մասնագետների հետ: Խնդիրը հետեւյալն է`գույքագրել հնարավորությունները, հաշվարկել տարբերակները`ի՞նչ եւ ինչպե՞ս անել, որեպեսզի Հայաստանը դառնա այս ոլորտում լոկոմոտիվ երկրներից: Ինչո՞ւ հենց այս ոլորտում`նախագահի բացատրությունը պարզ է`ինքն այդ ոլորտի մասնագետ է, նաեւ միջազգային ասպարեզում տարբեր կապեր ունի:


Բոլոր հանդիպում-քննարկումներից հետո նախագահը, ամբողջացնելով իր պատկերացումներն ու մոտեցումները կառավարության հետ, կքննարկի եւ իր խորհուրդներով կփորձի աջակցել ոլորտի զարգացմանը: Ինքը, համենայնդեպս, վստահ է, որ սա մեր երկրի զարգացման հիմնական ոլորտներից մեկն է: Նա վստահ է, որ Հայաստանը ունի պոտենցիալ`դառնալու դեռեւս փոքր, բայց արժեքավոր արտադրության երկիր: Կարծում է նաեւ, որ այս ամենի արդյունքում հնարավոր կլինի մեծ ներդրումներ բերել Հայաստան: Ինքն, իբրեւ նախագահ, անվերապահ աջակցելու է կառավարությանը`դրված խնդիրներին հասնելու համար:
Ի դեպ, թեմայի շրջանակներից դուրս հարցերին նախագահ Արմեն Սարգսյանն այսօր չպատասխանեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































