Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսագործնական եւ ուսանելի դրույթներով

Հուլիս 23,2018 11:30

Գործե՛լ…գործել… Ահա այն, հանուն ինչի մենք գոյություն ունենք…
Յոհան Ֆիխտե

ԱՄՆ-ում բնակվող շինարար-ճարտարագետ, հասարակական գործիչ եւ բարերար Օգսեն Բաբախանյանի հետ ծանոթացել եմ անցյալ տարվա ամառային օրերին, վաղ առավոտյան:
Նա իր տասնամյա որդու` Էրիկի հետ Նոր Նորքի համայնքապետարանի դիմացի գետնանցումի աստիճանների ջարդված, տեղահանված սալաքարերն էր վերանորոգում:
Անկեղծ ասած, սկզբում զարմացա, տարօրինակ թվաց տեսարանը:

Մի քանի բառ փոխանակելուց հետո հասկացա, որ սփյուռքահայ է եւ բնակարան ունի Նոր Նորքի երկրորդ զանգվածում: Պարզվեց նաեւ, Օգսեն Բաբախանյանը 10 տարի շարունակ, ընտանիքով այցելում է հայրենիք եւ ոչ թե այլոց նման հանգստանալու կամ զվարճանալու համար մեկնում գայթակղիչ վայրեր: Այդ տարիներին նա քանիցս այցելել է Արցախ, Ջավախք եւ շատ ծանոթներ ու մտերիմներ ունի, բարի գործեր է կատարել հայրենիքում, իր հնարավորությունների չափով: Օրեր անց Օգսենը ինձ նվիրեց Երեւանում լույս տեսած, ալբոմանման մի գրքույկ` «Մեր զարթոնքը» խորագրով, ուր շարադրված էր իր կյանքի ու աշխատանքի փորձը: Բիզնեսին վերաբերող այդ գրքույկը օգտակար ու գործնական դրույթների, խորհուրդների, առաջարկությունների մի ժողովածու է` հասցեագրված երիտասարդներին, բիզնեսով զբաղվող խավերին ընդհանրապես:

Այս ամառ էլ այցելելով հայրենիք` հեռախոսային կարճ զրույց ունեցանք, եւ հրավիրեց մի բաժակ սուրճ վայելելու: Եվ ինչ տեսնեմ, բանվորական հագուստով մի քանի երիտասարդների հետ, դարձյալ որդու` Էրիկի ընկերակցությամբ, իրենց շքամուտքն են նորոգում` հարթեցնելով, ներկելով պատերն ու առաստաղը: Իսկը մի շինարարական հրապարակ:
Այս անգամ էլ շինարար-ճարտարագետը թարմ ներկի հոտով մի գրգույկ նվիրեց՝ «Մեր զարթոնքի» մատենաշարի 2-րդ մասը` «Մեր մշակութային հեղափոխությունը» վերտառությամբ: Հրահանգարանի, հարց ու պատասխանի սկզբունքներով կառուցված գրքույկը, ըստ էության, մշակութային ուղղվածություն ու հարուստ բովանդակություն ունի` սկսյալ առօրյա հարաբերություններից, ընտանիքից, եկեղեցուց, հայրենասիրությունից, արտագաղթը կասեցնելուց, զոհի սինդրոմից ձերբազատվելուց մինչեւ նոր տեխնոլոգիաները:
Այս գրքույկով Օգսեն Բաբախանյանը կոնկրետ առաջադրույթներով ու համոզիչ փաստերով, ապացույցներով ներկայացնում է բարեկեցիկ ապրելու, ջանադիր աշխատելու, հայրենիքը զորացնելու իր տեսլականը: Ըստ որի՝ մեզ անհրաժեշտ է նախ վերափոխվենք հոգեւին, մտածելակերպով ու գործելակերպով` հարազատ մնալով մեր ստեղծարար ոգուն, հավատալով մեր սեփական իմացազգացական արմատների կենսունակությանը, ներքին ուժին ու ռեսուրսներին` խթանելով փոքր ու միջին բիզնեսը` անհատական բարեկեցիկ կյանք ապահովելով, երկիր հայրենին զորացնելով` Հայաստանով, Արցախով, Ջավախքով, Սփյուռքով հանդերձ: Ընդ որում՝ հայրենազգաց ճարտարագետը գրքույկի հետագա էջերում նրբանկատորեն հորդորում է արտագաղթողներին չլքել հայրենիքը, հավատարիմ մնալ ազգային արմատներին, հայի արժանապատվությանը, օջախների պատվին` միաբանվելով, ներքնապես միմյանց ճանաչելով, ինքնակազմակերպվելով, վստահելով ու հավատալով միմյանց, մեր ներաշխարհային արժեհամակարգը բացահայտելով: Գրքույկի տեսագործնական դրույթները վերաբերում են մեր հանրային կյանքի գրեթե բոլոր բնագավառներին եւ ուղղակիորեն, թե անուղղակիորեն աղերսվում են թավշյա հեղափոխության «Քայլ արա» կարգախոսին:

ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

«Առավոտ»

20.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031