Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական հեղինակությունները Հայաստանում ապրում էին հանգիստ, բայց նոր իշխանությունները նոր կանոններ են թելադրում. Lenta.ru

Հուլիս 24,2018 18:20

«Ходу воровскому процветать!». նման ողջույնով է սկսվում ցանկացած գողական պրոգոն (գողականի գրավոր ուղերձը ձերբակալվածներին): Այս թեզիսը միշտ արդիական է եղել Հայաստանի համար: Եվ չնայած ԽՍՀՄ փլուզումով մեկ շնչին բաժին ընկնող քրեական հեղինակությունների թիվը զգալիորեն նվազեց, հանրապետությունը չմնաց առանց գողական հանրության: Մեկը նախկինի պես զբաղվում է քրեական գործերով, մյուսն էլ ժամանական առ ժամանակ գալիս է «հարցեր լուծելու» և վարձին սպասելու: Սակայն դատելով վերջին իրադարձություններից՝ նոր իշխանությունները որոշել են խաչ քաշել գողականների բարգավաճման վրա: Հանրապետությունում մեծ զտումներ են սկսվում: Lenta.ru-ի աղբյուրները օրենքի երկու կողմերում, որոնք այս կամ այն կերպով կապված են քրեական հեղինակությունների հետ, անանուն մնալու սկզբունքով նկարագրել են իրավիճակը և ուժերի դասավորությունը ժամանակակից Հայաստանի գողական աշխարհում:

Նոր պախանը

Հայաստանում իշխանափոխությունից գործնականում անմիջապես հետո սկսվեցին ստուգայցեր քրեական հանրության հեղինակավոր ներկայացուցիչների տներում: Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձավ մայիսի 8-ին, և ուղին 10 օր անց ոստիկանները «քաղաքավարության այցեր» սկսեցին իրականացնել ամբողջ երկրի գողականներին՝ նրանց կանչելով կանխարգելիչ զրույցների: Զրույցների բովանդակությունը իրապես հայտնի չէ, բայց ընդհանուր առմամբ հեղինակություններին բացատրել են, որ նոր Հայաստանում պետք է հաշվի առնել քրեական իրավունքը, ոչ թե՝ գողական:

Մի քանի օր անց տեղի գողականները հավաքվեցին սխոդկայի Երևանի հյուրանոցներից մեկում: Ոստիկանությունը խափանեց միջոցառումը՝ ձերբակալելով զրույցի համար հավաքվածներին և գործողության մասին տեսանյութ տարածելով: Իհարկե, մասնակիցների դեմքերը խամրեցված էր, և հասկանալ՝ ով է այնտեղ ներկա, հնարավոր չէր:

Ըստ ամենայնի՝ զրույցները և ցուցադրական ակցիաները պատշաճ արդյունք չունեցան. հունիս 20-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ աշխատակիցները նորից այցեր կազմակերպեցին տեղի գրեթե բոլոր օրենքով գողականների տներով,այդ թվում Անդրանիկ Սողոյանի (Լեննականցի Զապ), Նորայր Փիլոյանի (Քոնչո), Գևորգ Մելիքյանի (Օշականցի Գևորիկ), Անդրանիկ Հարությունյանի (Կաղ Անդո), Ալեքսանդր Մակարյանի (Ալո) և այլն: Բայց այս անգամ խուզարկություններով: Ոստիկանությունը դարձյալ հրապարակեց տեսանյութ, որտեղ գողականներին արդեն նշում էին անուններով և մականուններով, իսկ դեմքերը չէին թաքցնում: Նախկինում Հայաստանում նման բան չի եղել:

Գևորգ Մելիքյան (Օշականցի Գևորիկ)

Ստուգայցերի ընթացքում որոշ հեղինակություններ ձերբակալվեցին: Մեկի մոտ զենք գտան, մյուսի մոտ՝ մարիխուանա, երրորդի մոտ՝ դեղեր: Երկու հոգու՝ Կաղ Անդոյի և Շահումյանցի Ալոյի դեմ արդեն մեղադրանք է առաջադրվել թմրանյութեր պահելու մեղադրանքով:

Գողական Երևան

Հայաստանի օրենքով գողերի ներկա սերունդը նախորդ դարի գողական Երևանի բեկորներն են: Գրող կրիմինալիստ Լևոն Սողոմոնյանն իր հուշերում նկարագրում է Երևանի մայրաքաղաքը, որտեղ «օրենքով գողերն ու քրեական հեղինակություններ կային գրեթե ամեն բակում»:

Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում գողականները գնալով քչացան, իսկ գողականը, որը նախկինում բոլորին տեսանելի էր, աստիճանաբար անցավ ստվերի տակ: Նախորդ դարի վերջին և 2000-ականների սկզբին հայկական գողական աշխարհում քիչ թվով «գեներալներ» էին մնացել. դրանց թվում էր Կառլեն Թովմասյանը (Գիժ Կառլեն), Մաելս Մկրտչյանը (Կնդո), Վարդգես Ասլանյանը (Ծիպո Վարդգես), Ռաֆիկ Խոյեցյանը (Խոյ), Ռաֆիկ Փիլոյանը (Մկան), Վազգեն Ներսիսյանը (Վզգո) ու ևս մի քանիսը:

Հայաստանի ժամանակակից գողական աշխարհն իր գոյությամբ շատ հարցերում պարտական է նրանց: Բավական է միայն այն, որ Հայաստանում ապրող գողականների մեծամասնությունը թագադրվել է հենց նրանց կողմից:

Հին սերնդի գողերից այսօր ոչ մեկ ողջ չէ: Վերջինը մահացել է Վզգոն, որը թագադրվել էր 1956թ.՝ 19 տարեկանում: Նա թագը կրել է իր ողջ կյանքի ընթացքում և իր հետ գերեզման տարել 2016թ. մարտի 1-ին՝ 79 տարեկանում:

Այսպիսով, վերջին տարիներին Հայաստանում տեղի է ունեցել գողական սերնդափոխություն. hին գողերի փոխարեն եկել են համեմատաբար երիտասարդները: Բայց այսօր արդեն նրանք չունեն այն ազդեցությունը, ինչ իրենց նախորդները:

Կանոն՝ բացառություններով

Ռուսաստանում և հետխորհրդային տարածության մյուս երկրներում օրենքով գողերը զբաղված են բիզնեսի հովանավորչությամբ, կազմակերպում են ձերբակալվածներ կյանքը, լուծում են քրեական միջավայրում առաջացած վեճերը, հավաքում և բաշխում են գողական «օբշագը», ինչպես նաև հետևում են գողական կոդեքսի պահպանմանը: Հայ գողականները հայտնվելով այնտեղ, մերվում են ընդհանուրի մեջ և գործում ըստ իրավիճակի:

Ինչ վերաբերում է անմիջապես Հայաստանին, ապա այստեղ նման ակտիվություն չի նկատվել մի քանի պատճառներով: Նրանք չունեն հասանելիություն դրամական հոսքերին, բիզնեսը վաղուց և ամուր կերպով հաստատված է նախկին իշխանություններին մոտ կանգնած օլիգարխների ձեռքում: Հայաստանում հանցավորության ցածր մակարդակը, և որպես հետևանք՝ բանտարկյալների թիվը մեծ չէ: Ավելի քիչ են այն մարդիկ, որոնք որոշում են իրենց կյանքը նվիրել հանցավորությանը: 2017թ. Հայաստանում գրանցվել է 49 սպանություն՝ 100 հազար բնակչությանը բաժին է ընկնում 1.6 սպանություն: Համեմատության համար նշենք, որ այդ թիվը ԱՄՆ-ում 4.8 է, Եվրոպայում՝ 1.5:

Այս ամենը իջեցնում է այն մակարդակը, որում կարող էին գործել քրեական հեղինակությունները: Օրենքով գողերը պարզապես ծավալվելու տեղ չունեն, էլ չասած հիերարխիայում ավելի ցածր գտնվողների մասին: Սա ընդհանուր կանոն է, որից իհարկե կան որոշակի բացառություններ: Դրանցից մեկը Զապն է:

Զապ

Օրենքով գող Անդրանիկ Սողոյանը՝ նույն ինքը Լեննականցի Զապը, ժամանակակից Հայաստանում ազդեցիկ օրենքով գող է: Եվ ոստիկանության հրապարակած տեսանյութում էլ նրա մասին հիշատակվում էր: Նրա տունը խուզարկել են, բայց ոստիկանությունը Սողոյանին բերման չի ենթարկել, անգամ չի տեսել, քանի որ նա արդեն երկու տարի է՝ ապրում է արտասահմանում:

Զապը սերտ կապեր ուներ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ, քրեական շրջանակում Սողոյանին անվանում են պետական գող: Նախկին ոստիկանապետը Զապին էր վստահում սինթետիկ թմրանյութերի ներմուծման և տարածման ցանցի ողջ վերահսկողությունը, իսկ դրա դիմաց իր բաժինն էր ստանում և Զապին ազատում էր օրենքի հետ ավելորդ խնդիրներից: Դա կարգավորված բիզնես էր, որը ստիպված էին մի փոքր սառեցնել՝ կապված 2017թ. խորհրդարանական ընտրությունների հետ. իշխանություններին անհրաժեշտ էր օրինականություն խաղալ:

Զապը դուրս եկավ Հայաստանից, նրան դրանից հետո նկատել են Թուրքիայում, որտեղ նրա անունը կապվում էր օրենքով գող Դաթո Փանիկիսսկիի սպանության հետ: Բացի այդ, որոշ տեղեկություններով, Զապը մասնավոր հյուր է ԱՄԷ-ում: Ինքը՝ Սողոյանը, փորձում է այնպես անել, որ իրեն ոչ մի տեղ չնկատեն. Չեխիայի իշխանությունները նրա անունով միջազգային հետախուզում են հայտարարել պատվիրված սպանության և սպանության փորձի համար. 2014թ. Պրահայի դատարանը նրան դատապարտել է 22 տարվա ազատազրկման: Այդպիսով, ցանկացած անցակետում անհաջողությունը կարող է ավարտվել Պրահայում ազատազրկմամբ:

Հանուն հետագա աշխատանքի բիզնեսը ժամանակավոր սառեցնելու միտքը չհաջողվեց. Հայաստանում տեղի ունեցավ «թավշյա հեղափոխություն», և նա, ով ամեն ինչ էր, դարձավ ոչինչ: Վովա Գասպարյանը և նրա ողջ շրջապատը հեռացվեցին ոստիկանությունից:

Գոյություն ունի նաև մեկ այլ տարբերակ, որի համաձայն Զապը ստիպված էր լքել Հայաստանը մյուս օրենքով գողերի՝ Մանեթի տղա Սամոյի, Աֆոյի, Քոնչոյի, Կաղ Անդոյի և մյուսների հետ վեճի պատճառով: Ասում են, որ Զապը համաձայնություն է տվել «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներին «նեղել» բանտում: Դրա համար Զապի դեմ ֆիզիկական ազդեցության լծակներ են օգտագործվել, ինչը միշտ համարվել է թագից զրկելու սկիզբ: Այդ ժամանակ իշխանությունները, որոշելով փրկել Զապին, նրան երկրից հանել են՝ շառ ու փորձանքից հեռու:

Հենց այդ ժամանակ էլ խոսակցություններ տարածվեցին, որ «Սասնա ծռերի» հետ կապված այս պատմությունը նրան զրկել է գողական տիտղոսից, բայց դրանք հաստատված չեն: Իրականում կռիվներ որպես այդպիսիք չեն եղել, գողերը սահմանափակվել են ոչ մեծ ծեծկռտուքով, որից հետո կարողացել են կոծկել սկանդալը, իսկ Զապը ինչպես եղել է գող, այնպես էլ մնացել է: Գործն իհարկե բարդացնում էր Զապի լարված հարաբերությունները երևանցի օրենքով գող Ժիրայր Բրուտյանի (Ժիրո) հետ, բայց այդ վեճը շուտով ավարտվեց հաշտությամբ:

Հայաստանի գողական միջավայրում նման քաղաքակիրթ բարքերը բացատրվում են նրանով, որ դա փոքր երկիր է, այստեղ բոլորը սերտորեն կապված են, և գողերը փորձում են վեճերը լուծել խաղաղ ճանապարհով՝ դրանք չհասցնելով պատերազմների: Եթե նման բան լիներ Ռուսաստանում, հնարավոր է՝ այլ լուծում ստանար, այստեղ տոկոսադրույքներն են ուրիշ, մասշտաբները, շահերը: Բայց Հայաստանում ամեն ինչ հեշտ է. եթե չկա գողական կոդեքսի ակնհայտ խախտում, մանր անհարթություններից ոչ մեկ չի նեղվում:

Այսպես միշտ չի եղել, այսպես դարձել է վերջերս

Հասկանալու համար՝ ինչ է փոխվել «թավշյա հեղափոխությունից» հետո, պետք է հասկանալ՝ ինչ է եղել դրանից առաջ: Նախկին իշխանությունների ժամանակ համակարգային հանցավորությունը դիտում էին ոչ թե որպես սպառնալիք, այլ ավելի շուտ որպես օջախ, որը թույլ էր տալիս լուծել հարցեր այնտեղ, որտեղ պետությունը պաշտոնապես անելիք չուներ: Նման օջախների գոյությունը արտոնվել է ամենավերին օղակներում, ընդհուպ մինչև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և նրա շրջապատի կողմից:

Հայաստանում յուրաքանչյուր օրենքով գող ուներ այդ շրջապատում իր հովանավորը, որը կարգավորում էր նրա հետ կապված հարցերը և նրա միջոցով ներկայանում քրեական աշխարհում: Կաղ Անդոն, որը ձերբակալվեց ոստիկանության ստուգայցի ժամանակ, սերտորեն կապված էր տխրահռչակ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: Օրինակ, նա փորձել է զբաղվել գեներալի հոգեզավակի գործով: 2014թ. վերջինս սպանվել էր մի խումբ մարդկանց կողմից, որոնց թիկունքում կանգնած էին հեղինակություններ Սանկտ Պետերբուրգից: Այդ հարցով գեներալ Մանվելի խնդրանքով պետք է զբաղվեր հենց Անդո Խրոմոյը: Բայց նա չկարողացավ:

Բացի առանձին մարդկանց հետ անհատական կապերից՝ Հայաստանում կրիմինալն աշխատել է իշխանության հետ համատեղ, գործընթացը կազմակերպել է նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը: Նրան քարտ բլանշ էին տվել ամենաբարձր մակարդակով, ինչը գլխավոր ոստիկանապետին թույլ էր տալիս ամեն ինչ կազմակերպել իր հայեցողությամբ: Կրիմինալն օգտագործվում էր ինչպես օպերատիվ աշխատանքում, երբ անհրաժեշտ էր տեղեկություն ստանալ ներքևից և չերևալ, այնպես էլ ընտրությունների ընթացքում. մի շարք առանցքային ընտրատեղամասերում հայտնվում էին անհասկանալի մարդիկ, որոնք այնքան էլ չէին սիրում լրագրողներին, դիտորդներին և վստահված անձանց: Նրանք այնպես էին անում, որ այնտեղ ավելորդ աչքեր չլինեն: Բացի այդ, նրանք տեղերում կազմակերպում էին քաղաքացիների հետ բացատրական աշխատանքներ՝ մատնանշելով՝ ինչպես պետք է իրենց պահեն և ում աջակցեն:

Բնականաբար, գողերը դրանով իրենք չէին զբաղվում՝ դա լիազորելով որևէ օգնականի, բայց այնպիսի քրեական հեղինակությունները, ինչպիսին էր օրինակ Քանաքեռցի Տույը, չէին խորշում անձամբ վերահսկել գործընթացը:

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հետ ստացվեց, որ այդ համակարգը պետք չէ. նա հանդես է գալիս որպես օրենքի պահպանման մոլի ջատագով և սկզբունքորեն դեմ է հանդես գալիս այդ սխեմաներին: Այդ պատճառով ոստիկանությանը կարգադրվեց ազատվել Հայաստանում կրիմինալից:

Կա մեկ այլ նրբություն: Գողերը այն անձիք են, որոնք ազդեցություն ունեն որոշակի շրջանակներում, նրանք կարող են անհրաժեշտության դեպքում մարդկանց համախմբել: Նրանք, որպես կանոն, ունեն զենք և դրան հասանելիություն: Կարճաժամկետ հեռանկարում այդ իրավիճակը կարող է Փաշինյանի հետ չար կատակ խաղալ:

Բանն այն է, որ Փաշինյանի կառավարության վարկանիշը դանդաղ, բայց հետևողականորեն կընկնի: Չէ՞ որ մարդիկ նրան իշխանության են բերել կյանքի բարելավման ակնկալիքներով, իսկ դա հնարավոր չէ անել մոտ ապագայում: Փաշինյանի թիմում դա հասկանում են և մտավախություններ ունեն, որ վարկանիշի անկման ֆոնին կարող է ռևանշիզմի սպառնալիք առաջանալ նախկին իշխանությունների կողմից:

Ավելի շատ նրանք վախենում են «Սասնա ծռերի» նման ինչ-որ իրավիճակից, ու հետևաբար գնում են նրանց ետևից, ում մոտ զենք կա: Այդպիսով օրենքով գողերի դեմ ստուգայցերը և հենց գեներալ Մանվելի հետ պատմությունը նույն շղթայի առանձին օղակներ են:

Կրիմինալ քաղաքականություն

Այս արշավի քաղաքական ենթատեքստի մասին է խոսում նաև այն փաստը, որ շատ քրեական հեղինակություններ կապված են քաղաքական գործիչների հետ, ընդ որում դա ոչ մեկ չի թաքցնում: Օրինակ, Երևանի Էրեբունի համայնքի ղեկավար, Հանրապետական կուսակցության անդամ Դավիթ Գրիգորյանը բառացիորեն մայիսին բացահայտ հայտարարեց, որ քրեական հեղինակություն Արմեն Իսրայելյանը, նույն ինքը Պիստը, իր մանկության ընկերն է և իրեն հարազատ մարդ: Ընդ որում, հայկական ԶԼՄ-ները Պիստին մեղադրում են նրանում, որ նա կազմակերպել է Նիկոլ Փաշինյանի համախոհների ծեծը ցույցերի ժամանակ:

Մեկ այլ քրեական հեղինակություն՝ Ռուբեն Կոստանյանը (Բոգո) օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնապահն է:

Մեկ այլ հեղինակություն՝ Արթուր Կազարյանը (Քանաքեռցի Տույ) ընտրությունների ժամանակ նախկին իշխանությունների վաղեմի օգնականն է, որը իր կալվածքում՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում կուսակցությանն ապահովել է ձայներով, ընկերություն արել գեներալների հետ, և մի քանի տարի առաջ կարողացել է հարվածել օրենքով գողերից մեկի դեմքին և զարմանալիորեն խաղուպարով ապրել (Ռուսաստանում դրա համար խստորեն պատժում են):

Էմիգրանտ գողականներ

Սակայն բոլորին չէ, որ հաջողվել է ստանալ իշխանությունների հովանավորչությունը: Մյուս կողմից բոլորը չէ, որ նախընտրում են հանգիստ և համեստ կյանք. քրեական աշխարհի ներկայացուցիչների մի մասը մեկնում են հեռավոր եզրեր՝ իրենց բախտը փորձելու: Ոմանք՝ միանգամայն հաջողված: Դրա վառ օրինակը Արսեն Մկրտչյանն է (Արսեն Երևանցի)՝ օրենքով գող, որը խոր արմատներ է ձգել Կալուգայում: Նրա թագադրմանը մասնակցել է նույն Կնդոն:

Մեկ այլ գողական էմիգրանտ է Էրիկ Ջաղինյանը (Էրիկ Տոմսկի), որը ծնվել է Ստեփանավանում: Նրա մասին տեղեկությունը քիչ է, բոլորովին վերջերս նրան բացահայտեցին Իսպանիայի իշխանությունները:

Բայց եթե այս երկուսը ակնհայտ շահեր չունեն Հայաստանում, երրորդի մոտ այդ շահերը կան. դա Արմեն Ղազարյանն է (Պզո), որը սպանված Երրորդմասցի Լյովիկի հորեղբայրն է: Պզոն ճանաչում է ստացել Դոնի Ռոստովում դեռ 90-ականների սկզբին, որից հետո տեղափոխվել է Ատլանտյան օվկիանոսից այն կողմ և հիմնավորվել ԱՄՆ-ի Արևմտյան ափին: Արմեն Ղազարյանին կապում են Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի (Սաշիկ) հետ: Տեղի հայ-ամերիկյան ԶԼՄ-ները նրանց ներկայացնում էին որպես ընկերներ, գրում էին, որ Սաշիկի յուրաքանչյուր այցը ԱՄՆ-ը ուղեկցվում է Պզոյին այցելությամբ:

Արմեն Ղազարյանը ներքաշված է ԱՄՆ-ում հայկական Armenian Power խմբի գործունեության մեջ, որը զբաղվում էր բժշկական ծառայությունների ոլորտում խարդախություններով: 2013թ. Պզոն գործարքի գնաց արդարադատության հետ, մեղավոր ճանաչվեց ռեկետի մեջ և ազատազրկվեց մեկուկես տարով:

Նա պարբերաբար այցելում է պատմական հայրենիք, կապ պահպանում գործընկերների հետ, բայց նախընտրում է մնալ հեռավորության վրա: Նրա վերջին այցը եղել է 2015թ.՝ եղբորորդու սպանությունից հետո:

«Ходу воровскому процветать!»

Հայտնի չէ՝ երբ Արմեն Ղազարյանը դարձյալ կկարողանա առանց իր համար սպառնալիքի հայտնվել Հայաստանում, և արդյո՞ք կկարողանա ընդհանրապես: Փոխարենը պարզ է, որ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ լրջորեն որոշել են ազատվել երկրի ներսում քրեական տարրերից: Արդյոք սա Փաշինյանի դիրքորոշումն է, թե սկզբունքային մոտեցում՝ տվյալ պարագայում այնքան էլ կարևոր չէ. արդյունքը նույնն է լինելու: Կոմպակտ հանրապետությունում, որտեղ ամեն ինչ ափի մեջ է, ցանկության դեպքում դա կարելի է հանել հեշտ և արագ:

Lenta.ru-ի աղբյուրներից մեկը, ավարտելով Հայաստանում գողականների հեռանկարների մասին զրույցը, ասել է.

Դու գրում ես գողականների կյանքի մասին, բայց գլխավոր գողականը քեզ մոտ մնացել է չակերտներից դուրս:

Ո՞վ է դա:

Մենք հիմա ունենք մեկ գողական՝ Նիկոլ Փաշինյանը: Հիմա նա է ամեն ինչ որոշում: Ինչպես ասաց՝ այնպես էլ կլինի:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031