Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի եւ Ֆրանսիայի քաղաքացին երազում է նաեւ հայկական անձնագրի մասին

Օգոստոս 29,2018 11:30

Հարցազրույց Հայաստան առաջին անգամ այցելած, ծնունդով Վրաստանից, ֆրանսաբնակ ճանաչված օպերային սոպրանո Աննա Կասյանի հետ

– Այսօր դուք առաջին անգամ կներկայանաք հայ հանդիսատեսին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական օպերային թատերականացված նախագծում, Նեդդայի դերերգով՝ Լեոնկավալոյի «Պայացներ»-ում: Հետաքրքիր է՝ ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը որտե՞ղ «գտավ» ձեզ, իր բնորոշմամբ՝ հրաշալի սոպրանոյին:

– 2015թ. Բեյրութում Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ հանդես եկա Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ: Հավանաբար Սմբատյանն է Թոփչյանին ներկայացրել ինձ:

– Ասում են՝ երաժշտական ընտանիքում եք մեծացել, ձեր հայրը մտերիմ է եղել մեծանուն երգիչ Գլախո Զաքարյանի հետ ու մշտապես հանդես եկել նրա ընկերակցությամբ:

– Այո, հայրս՝ Հովհաննես-Օգոս Կասյանը, իսկապես ճանաչված դուդուկահար էր, մայրս՝ Լիլի Լազարեւան, դաշնակահարուհի է: Բնականաբար, ծնողներիցս եմ ժառանգել երաժշտական բացարձակ լսողությունը եւ քայլ առ քայլ բարձրացել դեպի վեր: Սովորել եմ Թբիլիսիի կենտրոնական երաժշտական դպրոցի դաշնամուրի եւ ջութակի դասարաններում, իսկ երբ սկսեցի երգել Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում, ինձ խորհուրդ տվեցին դպրոցն ավարտելուց հետո, նույնիսկ առանց վոկալի մասնագետի մոտ պարապելու, դիմել Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա: Այդպես էլ վարվեցի: 22 տարեկանում իբրեւ վոկալիստ ուսումս շարունակեցի Փարիզի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում: Ի դեպ, մինչ օրս այդ տարիքում ոչ մի երաժիշտ չի ուսանել այդ կոնսերվատորիայի ասպիրանտուրայում: Փաստորեն, օպերային երգչի կարիերաս սկսվեց արվեստների քաղաքից:

– Ասում են նաեւ, որ ձեր բախտը շատ է բերել վոկալի պրոֆեսորների հարցում:

– Իսկապես դա այդպես է: Նշեմ միայն մեկ-երկու անուն, որոնք հայտնի են աշխարհում. Թերեզա Բերգանցա, Ռայինա Կաբաիվանսկա, Բիորիկա Քորթե, Տոմ Քրաուզե… Իմ բախտը մեկ այլ հարցում էլ է բերել. հանդես եմ եկել Ջանին Ռայսի ընկերակցությամբ, որը ժամանակին հանդիսացել է Մարիա Կալասի, Պլաչիդո Դոմինգոյի եւ այլ աշխահահռչակ օպերային աստղերի քոչը:

– Արտասահմանյան որոշ պարբերականներ ներկայացնելով ձեզ՝ նշում են, որ ձեր այցեքարտը Ռոզինայի դերերգն է՝ Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերայում:

– Ես այդ կարծիքին չեմ: Հանդես եմ եկել ավելի քան 20 դերերգով՝ համաշխարհային օպերային գրականության այնպիսի հեղինակների մեծակտավ ստեղծագործություններում, ինչպիսիք են Վերդին, Մոցարտը, Պուչինին եւ այլն: Գուցե այդ պարբերականները շատ են հավանել իմ մեկնաբանությամբ Ռոզինային: Այդ դերերգով մշտապես հանդես եմ գալիս օրիգինալով:

Սոպրանոն Միմիի կերպարում՝ Պուչինիի «Բոհեմում»

– Շատ եք մասնակցել մրցույթների, որոնց ժյուրիները ղեկավարել են այնպիսի անուններ, ինչպիսիք են Ռենատո Բրուզոնը, Բարբարա Հենդրիքսը եւ այլն, արժանացել եք գրան պրիի, առաջին մրցանակների, նաեւ մեր ուշադրությունը գրավեց Սանկտ Պետերբուրգում 2008թ. «Երաժշտական Օլիմպիոս» հեղինակավոր փառատոնում ձեր նվաճած «Լավագույն արտիստ» մրցանակը: Ներկա գտնվելով մեր ֆիլհարմոնիկի հետ ձեր փորձերին, համոզվեցինք դրանում:

– Որպես երգչուհի, արտիստ, իմ կուռքը եղել եւ մնում է ժամանակին օպերային արվեստում հեղափոխություն իրականացրած Մարիա Կալասը: Այո, օպերային արտիստին անհրաժեշտ է բարձրակարգ խաղն այնպես, ինչպես վոկալ արվեստը:

Սինգապուրցի դիրիժոր Դարրելլ Անգի հետ:

– Հենց այդ խաղն է պատճառը, որ ձեզ նկատել են նաեւ ռեժիսորները:

– Առաջինն ինձ նկատեց իտալացի հանրահայտ Կառլո Վերդոնեն. դա 2012 թվականն էր, այդ ռեժիսորը նկարահանեց Ռոսինիի «Մոխրոտը», որտեղ ես հանդես եկա Քլորինդայի դերերգով: Մինչ նկարահանումը, այս օպերան նույն ռեժիսորի բեմադրությամբ ուղիղ հեռարձակվեց 150 երկիր: Պարոն Վերդոնեի կողմից 2016թ. հրավեր ստացա ու նկարահանվեցի արդեն իբրեւ դրամատիկական դերասանուհի «Labbiamo Fatta Grossa» ֆիլմում:

Աննա Կասյանը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ փորձի ժամանակ:

 

– Երբեւէ հանդես եկե՞լ եք հայաստանցի կամ արտասահմանում բնակվող հայ կոլեգաների հետ:

– Շատ հիացական խոսքեր եմ լսել հայաստանյան վոկալ դպրոցի մասին: Ցավոք, դեռ ոչ մի հայրենակցիս հետ բեմ չեմ բարձրացել, բայց երեւանյան «Պայացները» կարծես լրացնում է այդ բացը: Այստեղ Թոփչյանը հավաքել է իսկապես օպերային երգիչների աստղաբույլ, բացառիկ լավն է նաեւ նվագախումբը: Փորձերի ժամանակ արդեն բեմ եմ բարձրացել տենոր Պերճ Քարազյանի, Մոսկվայի Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնից տենոր Արսեն Սողոմոնյանի հետ, ծանոթացա նաեւ իտալացի բարիտոն Ջանպիերո Ռուջերիի եւ ղազախ բարիտոն Ազամատ Ժելտիգրուզովի հետ: Նշեմ, որ 2009թ. Հարավային Աֆրիկայում Արսեն Սողոմոնյանի հետ մասնակցել եմ Ռաինա Կաբաիվանսկայայի վարպետության դասընթացներին: Բախտ եմ ունեցել Մոսկվայում ընդգրկվել 50 ճանաչված հայերի ցուցակում, այդ թվում՝ Անդրե Աղասի, Շառլ Ազնավուր, Շեր, Կարեն Շահնազարով եւ այլն, որոնց, կարելի է ասել, Կրեմլի պալատում «մեկտեղել» էր բարերար Ռուբեն Վարդանյանը: Երբ ժամանակ եմ ունենում, նաեւ հետեւում եմ հայաստանյան TV-ների ծրագրերին, օրինակ՝ սիրով կհանդիպեի «Շանթի» «Աշխարհի հայերը» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Արտյոմ Երկանյանի հետ:

«Labbiamo Fatta Grossa» Ֆիլմի շնորհանդեսին:

– Ի՞նչ բացատրություն կտաք այն փաստին, որ արտասահմանյան մեկ-երկու պարբերական ձեզ ներկայացնում են ֆրանսիացի օպերային սոպրանո:

– Հավանաբար պատճառն այն է, որ ես նաեւ Ֆրանսիայի քաղաքացի եմ եւ երազում եմ առաջիկայում ունենալ հայկական անձնագիր եւս:

Զրուցեց
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ»

29.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031