Լրահոս
Օրվա լրահոսը

Օրակարգի առանցքային հարցերը

Սեպտեմբեր 08,2018 10:00

Այսօր կայանալիք Պուտին – Փաշինյան հանդիպման օրակարգում, ի թիվս  այլ հարցերի, կարծում եմ, քննարկվելու է երկու խնդիր՝ 1/ Արցախը, 2/ պայմանականորեն ասած, «հեղափոխությունն ու ՀՀ-ՌԴ հարաբերությունները» (ՀԱՊԿ, Քոչարյան, Խաչատուրով, Միքայել Հարությունյան այլն): Պետք չէ, կարծում եմ, երկար բացատրել, որ այդ երկու խնդիրերն իրենց որոշակի կողմերով փոխկապակցված են:

Առաջին հարցի շուրջ նոր իշխանությունների մոտ վերջնական պատկերացում առայժմ չի ձեւավորվել եւ, հավանաբար, երեք ամսում չէր էլ կարող ձեւավորվել: Վերջին 25 տարում ընտրված ո՞ր մարտավարությունն է նախընտրելի՝ փուլային տարբերակ, տարածքների փոխանակում (ինձ թվում է, ամանաանհաջող լուծումը), status quo –ի պահպանում, տարածքներ կարգավիճակի դիմաց՝ առայժմ հայտնի չէ: Իմ, զուտ լրագրողական, հայացքով ամենահարմարն այս պահիս status quo – ի պահպանումն է մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը: Ինչ տարբերակ էլ այսօր քննարկման դնի կառավարությունը, չունենալով Ազգային ժողովում մեծամասնություն, այն կհանդիպի լուրջ դիմադրության, եւ այս անգամ ՀՀԿ-ն հնարավորություն կունենա զբաղվելու պոպուլիզմով, բացականչելով՝ «ժողովո~ւրդ, Ղարաբաղը ծախում են»՝ բացականչություն, որը 1992 թվականից ի վեր հնչում է բոլոր ընդդիմությունների շուրթերից:

Մինսկի խմբի համանախագահ երկրները եւ, մասնավորապես, Ռուսաստանը պետք է որ հասկանան, որ լուրջ բանակցությունների մասին անիմաստ է խոսել մինչեւ այն պահը, երբ Փաշինյանին սատարող ուժերը ԱԺ-ում ստանան մեծամասնություն (ենթադրում եմ, որ այդպես կլինի)՝ հատկապես հաշվի առնելով, որ մեր երկրում կառավարման համակարգը խորհրդարանական է:

Ինչ մնում է երկրորդ խնդրին, ապա, վստահ եմ, վարչապետը հանդես կգա Հայաստանի ինքնիշխանության, մեր ներքին գործերին չմիջամտելու դիրքերից: Դա, իհարկե, ճիշտ դիրքորոշում է, ավելին՝ միակ դիրքորոշումն է, որը կարող է ունենալ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության աջակցությունը վայելող ղեկավարը: Բայց կան դիվանագիտական երանգներ, որոնք կարող են մեծ նշանակություն ունենալ: Օրինակ, կարելի էր հետ կանչել Խաչատուրովին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից, առաջարկել մեկ այլ թեկնածություն եւ հետո միայն սկսել գեներալի քրեական հետապնդումը: Թվում է, թե մանրուք է, բայց նման մանրուքները հաշվի չառնելը կարող է գործին վնասել:

Մի խոսքով, ինքնիշխանությանը, արժանապատիվ կեցվածքին՝ այո, ավելորդ «դուխավիկությանը» եւ տղայական մոտեցումներին՝ ոչ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Պարոն Փաշինյանը, ինք, պիտի չգործէ ճակատագրական սխալը՝ այնքան մը հակադրուելու Ռուսաստանի կամքին կամ հաշիւներուն, որ աղետ բերի Հայաստանի – եւ յատկապէս Արցախի – գլխին:

    Զինք սիրողն ալ, չսիրողն ալ, եթէ ուղղամիտ է, մինչեւ հիմա այլեւս գիտէ թէ սա, այսպէս է: Փառք Աստուծոյ:

    Սակայն դեռ ո՞րքան ժամանակ, եւ ո՞ր աստիճան, նա պիտի կարողանայ զսպել/տնօրինել այն բոլոր ուժերը զորս շղթայազերծեց, եւ որոնց մէջ կան այլազան տեսակի եւ տարբեր մղումներով՝ հակառուս հոսանքներ:

    Սա է խնդիրը, համլետեան տարողութեամբ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930