Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Վտանգավոր է հեղափոխականությունը արտաքին քաղաքականություն տեղափոխելը. Դավիթ Շահնազարյանը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

Սեպտեմբեր 09,2018 12:35

Սեպտեմբերի 8-ին «Շանթ» հ/ը եթերում Արամ Աբրահամյանի՝ «Հեռանկար» հաղորդաշարի հյուրը՝ 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանն էր, որն անդրադարձավ Մոսկվայում ժամեր առաջ ավարտված Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման արդյունքներով ֆեյսբուքյան էջում գրել էր. «Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»:

Իսկապես այդպե՞ս է: Դավիթ Շահնազարյանը երկու վարկած առաջարկեց. «Եթե հարաբերություններում ոչ մի պրոբլեմ չկա՝ այստեղից ուրեմն, եզրակացություն եմ անում, որ Ռուսաստանն այլեւս Ադրբեջանին ոչ մի փամփուշտ չի վաճառելու, Ադրբեջանի նկատմամբ կիրառելու է պատժամիջոցներ` մարտական հռետորաբանության համար, նշանակում է, որ ՀՀ նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, երեւի, ձեռնաշղթաներով արդեն ինքնաթիռով տեղափոխվում է Երեւան, նշանակում է, որ Լարսում առանձին սահմանային կետ է բացվելու միայն հայկական բեռնատարների համար եւ մենք գազի համար, այսուհետեւ, ինչպես Պուտինն ասաց այս հանդիպման սկզբում՝ պետք է իսկապես վճարենք 150 դոլար, այլ ոչ թե 300 դոլար, ինչպես հիմա ենք վճարում: Երկրորդ վարկածը. նույն այդ հանդիպմանը լրագրողների առջեւ Փաշինյանը հայտարարեց, որ եթե երկու երկրների միջեւ ընդհանրապես հարցեր չկան, ապա Աստված մի արասցե, դա կնշանակի, որ հարաբերություններ չկան»:

Դ.Շահնազարյանն անդրադարձավ մինչեւ Փաշինյան-Պուտին հանդիպումը ռուսաստանյան մամուլի հրապարակումներին այն մասին, թե Փաշինյան-Պուտինը հանդիպմանը խոսվելու է Հայաստանի նախկին պաշտոնյաների մասին: Արդյոք Փաշինյան-Պուտին վերջին հանդիպմանը քննարկվե՞լ են այդ հարցերը: Դավիթ Շահնազարյանը կարծում է՝ քանի որ Փաշինյան-Պուտին հանդիպումը տեւել է երկու ժամ՝ նրանք բազմաթիվ հարցեր են քննարկել. «Սպասենք, տեսնենք ինչ անդրադարձ կլինի ռուսաստանյան մամուլում: Չեմ բացառում, որ գուցե քննարկված լինի նաեւ ՀԱՊԿ-ին՝ Ադրբեջանի անդամակցության հարցը՝ դիտորդի կարգավիճակում: Կարծում եմ, այսօր Մոսկվայում քննարկված կլինի Լեռնային Ղարաբաղի հարցը եւ շատ ու շատ, այլ կնճռոտ հարցեր: Ես եղել եմ այն կարծիքին եւ հիմա էլ այդ կարծիքին եմ մնում, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում խորը ճգնաժամ կա»:

Դավիթ Շահնազարյանն այնուհետեւ Փաշինյան-Պուտին հանդիպումը համեմատեց վերջերս Սոչիում կայացած Պուտին-Ալիեւ բանակցությունների հետ: «Այսօր Մոսկվայում ՌԴ նախագահը հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ չհնչեցրեց «ռազմավարական գործընկերություն» բառակապակցությունը, որը նա հնչեցրել էր Սոչիում՝ Ալիեւի հետ բանակցությունների մեկնարկին», նկատեց Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով. «Կարծում եմ իրականում հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան եւ միամիտ կլիներ կարծել, որ այդ խնդիրները միայն հանդիպումների ընթացքում կարող են լուծվել: Եթե խնդիրների մի մասը հաջողվել է վարչապետին հարթել՝ ապա մենք պետք է գոհ լինենք»:

Անդրադառնալով ՀՀ նախկին պաշտոնյաների հարցի քննարկման հավանականությանը Դավիթ Շահնազարյանն, այնուամենայնիվ կարծում է, որ այդ հարցը չի քննարկվել Փաշինյան-Պուտին մակարդակով. «Փաշինյանն ակնարկեց երկրների ներքին գործերին չմիջամտելու մասին: Հնարավոր է, այդ կարգի հարցերը շատ ավելի ցածր մակարդակով քննարկվեն: Բայց, ըստ էության, քննարկելու բան չկա, ամեն ինչ հրապարակային ասվել է Լավրովի մակարդակով, իսկ Փաշինյանի այցից մեկ օր առաջ Մոսկվան հայտարարեց, որ Պուտինը սեպտեմբերի վերջին այցելելու է Բաքու, հայտնի դարձավ նաեւ, որ Ռուսաստանն իր տարածքում դադարեցնում է Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը»: Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ սխալ էր ՀՀ իրավապահների կողմից Մ. Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը, այն պայմաններում, երբ նա ՌԴ քաղաքացի էր հանդիսանում, իսկ ՌԴ օրենսդրությամբ արգելված է ՌԴ քաղաքացիներին արտահանձնելը. «Ռուսաստանում հետախուզում հայտարարելը՝ միամտությո՞ւն էր, թե՞ սխալ, չգիտեմ նույնիսկ ինչպես բնորոշել, համենայնդեպս, դա բացարձակ ոչ պրոֆեսիոնալիզմ էր»:

Սիրիա հայկական ստորաբաժանում ուղարկելու եւ ռուսական կողմի հետ այս հարցով քննարկումների վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին անդրադառնալով եւ հարցին, արդյոք Փաշինյան-Պուտին հանդիպմանը քննարկվել է նաեւ այս թեման, Դ.Շահնազարյանը նշեց. «Դա բավական խրթին հարց է այս պայմաններում: Եթե իմ տեղեկությունները ճիշտ են, ապա նախկին իշխանություններն այդ առաջարկը դիվանագիտորեն մերժել էին: Հայաստանը կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ մի քանի պատճառներով՝ Հայաստանում «Կալաշինիկովի» արտադրություն, Իրանի հետ հարաբերություններ, հույս ունեմ, որ ՀՀ իշխանությունները շատ լավ հաշվարկել են նաեւ այդ քայլի հնարավոր հետեւանքները, չնայած արտաքին քաղաքականության բոլոր քայլերում նրանք առաջնորդվում են մի քայլի քաղաքականությամբ»:

Դավիթ Շահնազարյանն անդրադարձավ նաեւ Սոչիում Պուտին-Ալիեւ եւ Մոսկվայում՝ Փաշինյան-Պուտին հանդիպումներում արցախյան խնդրի շուրջ քննարկումներին: Նա հիշեցրեց, որ Սոչիում բանակցությունների ընթացքում ԼՂ խնդրին անդրադարձ եղավ. «Ալիեւը Պուտինի ներկայությամբ մեկ անգամ եւս բավական կոշտ հայտարարություն արեց»:

Կհաջողվի՞ Հայաստանին ԼՂ հարցով բանակցությունները երկարաձգել մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը: Շահնազարյանը նախ շեշտեց, թե վստահ չէ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու: «Ինչպե՞ս եք պատկերացնում հետաձգել, ասելու են՝ սիրելի Իլհամ Ալիեւ, մի քիչ ժամանակ տուր, մինչեւ մեր իշխանությունները կծանոթանան այդ հարցին, պատրաստ կլինեն, դրանից հետո կշարունակենք: Ես արդեն մի առիթով հայտարարել եմ, որ Հայաստանում առաջին անգամ է, որ իշխանությունը ԼՂ հարցով չունի հայեցակարգ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը հավակնում է գալ իշխանության՝ պետք է դա պատրաստ ունենա, բայց այսօր վարչապետը հայ գործարարների հետ հանդիպմանն էլ ապացուցեց, որ դա չկա: Ի՞նչ է նշանակում՝ թայմ-աութ է… Եթե դրա հետ միասին հնարավոր լիներ ամբողջ աշխարհում ժամանակը կանգնեցրել, գուցե դա հնարավոր լիներ, բայց չկա նման բան, ի՞նչ է նշանակում՝ թայմ-աութ: Այս կառավարության ոսկե ժամանակաշրջանն արդեն կորսված է բոլոր հարցերում: Անհրաժեշտ էր շատ մեծ նախաձեռնողականություն ցուցաբերել ոչ միայն Արցախի հարցում, այլեւ՝ ընդհանրապես՝ բարեփոխումներ իրականացնել բոլոր ոլորտներում: Այս իշխանությունը, ինչպես ինքն է հայտարարում՝ «ժողովրդի վստահության կառավարություն է», բայց վստահ է չէ՞, որ ժողովրդի այդ վստահությունն անընդհատ նվազելու է՝ անկախ նրանից՝ բարեփոխումներ կիրականացնե՞ն, թե ոչ: Ոչ միայն բարեփոխումների պատրաստակամություն չկա, այլեւ Արցախի հարցի ձգձգումը արդեն հայկական կողմի համար հանգեցրել է լուրջ կորուստների եւ եթե այսպես շարունակվի, Աստված մի արասցե, այդ կորուստները կարող են էլ ավելի մեծանալ», նշեց Դավիթ Շահնազարյանը:

Շահնազարյանը չափազանց վտանգավոր է համարում հեղափոխականությունը արտաքին քաղաքականություն տեղափոխելը. «Վտանգավոր է հեղափոխականությունը տանել Մոսկվա, Բրյուսել, Թբիլիսի: Այդ իմաստով, շատ մեծ ցավով եմ ասում, մենք այսօր անհասկանալի ենք թե՛ Մոսկվայի, թե՛ Բրյուսելի, թե՛ Վաշինգտոնի, թե՛ Թբիլիսիի համար եւ թե, ինչ-որ առումով՝ Թեհրանի համար: Սա շատ վտանգավոր իրավիճակ է»:

Վերադառնալով ԼՂ խնդրով բանակցություններին, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումներում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացության տալուն եւ այժմ «սուբստանտիվ բանակցությունների» անցկացման եզրույթի ի հայտ գալուն՝ Դավիթ Շահնազարյանը նկատեց. «Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի իշխանությանը հաջողվել էր ամրագրել Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների հարցը՝ այսինքն, շփման գծում զինադադարի ռեժիմն ամրապնդելու երեք միջոցառումները, որոնցից երկուսին Ալիեւը համաձայնեց, ապա չհամաձայնեց: Խնդիրը դրված էր այսպես՝ քանի դեռ պայմաններ չկան՝ բովանդակային բանակցություններ չեն լինելու: Այն որ դա ամրագրվել էր՝ վկայում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները: Հիմա՝ թե՛ համանախագահների երեւանյան այցից հետո, թե՛ Բրյուսելու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին ակնարկ չկա համանախագահների հայտարարություններում»:

Դ. Շահնազարյանը նաեւ հավելեց, որ Ադրբեջանն էապես ընդլայնել է Ռուսաստանի հետ հարաբերությունները. «Մեկ շաբաթ առաջ Սոչիում տասնյակ պայմանագրեր ստորագրվեցին, որոնցից կարեւորագույնը, ըստ իս Ռուսաստանի համար այն էր, որ ՌԴ-ն գազի եւ նավթի որոնողական աշխատանքներ կատարելու իրավունք է ստանում Կասպիցի ադրբեջանական տարածաշրջանում: Պատահական չեն Ադրբեջանում արդեն պաշտոնյաների մակարդակով խոսակցությունները՝ դիտորդի կարգավիճակով Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու հնարավորությունների վերաբերյալ, որի մասին դեռ երկու տարի առաջ ես տեղեկություններ ունեի: Այդ անդամակցության դիմաց, թե ինչ կցանկանա Ադրբեջանը՝ ինձ թվում է ակնհայտ է: Միայն հիշեցնեմ, որ 1993թ., երբ Հեյդար Ալիեւը որոշում ընդունեց ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ, դրանից մի քանի ամիս անց՝ 1993թ. դեկտեմբերին, արցախյան պատերազմի ամենածանր ժամանակահատվածն էր՝ լայնածավալ հարձակումներով»:

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930