Խորհրդարանում այսօր քննարկվում էր «ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը: Այն ներկայացնում էր ՀՀ գյուղնախարար Արթուր Խաչատրյանը: ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հետաքրքրում էր`արդյոք հարեւան Վրաստանը վավերացրել է այս համաձայնագիրը. «Պարզապես կհորդորեի ձեզ տեղեկություն տալ՝ վավերացվե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կազմակերպությունը ի՞նչ անելիք ունի այստեղ, որպեսզի Վրաստանի տարածքով ցամաքային տրանսպորտի միջոցով ցորենի ներմուծումը Հայաստան չսահմանափակի»:
Ի դեպ, այսօր Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետը:

Ինչ վերաբերում է Հայաստան`ցորենի ներմուծման մասով առաջացած խնդիրներին, գյուղնախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ այն ՄԱԿ-ի ՊԳԿ-ի քննարկման խնդիրը չէ. «Վստահ եմ, որ քննարկումների ժամանակ վարչապետը խնդիրը կներկայացնի, ես էլ երեկոյան հանդիպում ունեմ Վրաստանի իմ գործընկերոջ հետ եւ նույնպես կներկայացնեմ»:
Հայաստան ժամանած վրացական պատվիրակության հետ հանդիպում է ունենալու նաեւ ԱԺ փոխնախագահը` նա եւս պատրաստվում է հարցը բարձրացնել:
Հիշեցնենք, վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ վրացական կողմը հնարավոր է արգելի իր տարածքով Հայաստան ներմուծվող ցորենի`տրանսպորտային տարբերակով ներմուծումը: Պատճառաբանությունն այն է, որ վրացական ճանապարհներն են վնասվում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































