Լրահոս
Օրվա լրահոսը

Հեքիաթային գույների փոխարեն՝ խունացած պատեր

Սեպտեմբեր 15,2018 13:00

Գյումրու տիկնիկային թատրոնի շենքը վերանորոգման կարիք ունի

Գյումրու պատմական կենտրոնում՝ Աբովյան ճեմափողոցում գտնվող Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում մեկնարկվեց 83-րդ թատերաշրջանը: Կովկասում առաջին պետական տիկնիկային թատրոնը նորանշանակ ղեկավար ունի, որը նոր գաղափարներով է եկել կազմակերպելու տիկնիկայինի նոր ստեղծագործական գործունեությունը։ Արմենուհի Մանուկյանը տիկնիկայինում բեմադրող ռեժիսոր է եղել, տարիներ շարունակ աշխատելով այստեղ՝ հստակ պատկերացնում է թատրոնի գերակա խնդիրները։ Վերջինիս խոսքով՝ թատրոնը ինչպես կար՝ կա, փոխվել է միայն ձեռագիրը։

Ոտք դնելով թատրոն՝ զննող աչքը չէր կարող չտեսնել շենքի անմխիթար վիճակը, խունացած պատերը։ Այն ներքին հարդարման կարիք ունի, որը տարիներ շարունակ չի հաջողվում կատարել։ Նոր ղեկավարն էլ իր հերթին է իրազեկում. «Մեր ամենաառաջնային խնդիրը շենքի ներկայիս վիճակն է։ Անհրաժեշտ է ներքին հարդարում իրականացնել, որը եւ մեր սեփական ուժերով չենք կարող կատարել»։ Թատրոնը համայնքապատկան կառույց է, որը պետական որեւէ հովանավորություն չի ստանում, համայնքապետարանն էլ կարողանում է վճարել միայն աշխատավարձերը։
Հույսը սրտացավ հովանավորների եւ կողմնակի օգնության վրա է: «Ով սրտացավ է թատրոնի հանդեպ, նա անելիք ունի այստեղ,- նշում է Արմենուհի Մանուկյանն ու շարունակում,- պետք է փորձենք երեխային ավելի գեղագիտական տեղ բերել։ Երեխան առաջինը մտածում է, որ ինքը մտնում է հեքիաթային աշխարհ։ Նա պիտի գույն տեսնի, հեքիաթային աշխարհ, մինչդեռ մեր պատերը խոնավ են։ Այն տարածքը, որտեղ երեխան ներկայացում է նայելու, պատերից սնկեր են կախված»։
Տիկնիկայինում պատրաստվում են Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը» հեքիաթի բերմադրմանը, որը, տնօրենի խոսքով, թեմատիկ առումով շատ ժամանակակից է՝ ստեղծված արդի գաղափարախոսության հիման վրա։

Նոր ներկայացումներին զուգահեռ չենք կարող չնկատել նաեւ հիմնական խաղացանկում տեղ գտած, այսպես ասած, «կյանք ապրած» ներկայացումները, որոնք մինչ օրս հանդիսատեսի կողմից պահանջարկ ունեն:

«Մենք ունենք մեկ ներկայացում՝ «Ոսկե ճուտիկը», որն անցած շաբաթ օրը խաղացինք իր 30-ամյակի կապակցությամբ. բեմադրել է Լեոնիդ Հարությունյանը՝ Արցախի թատրոնից, մեր 3 բազմափորձ դերասանների հետ, ու այդ ներկայացումը 30 տարի անընդմեջ խաղացվել է: Հիմնական խաղացանկի ամենապահանջված ներկայացումներից են «Անհաղթ աքլորը», «Աքլորիկն ու վհուկը», «Անտառի տնակը», իմ բեմադրած «Չոպչոպիկը, «Բարեկենդանը»: Մեր դերասաններից ոմանք նույնպես բեմադրություններ են կատարել, դերասաններից Անի Իվանյանը բեմադրեց «Իսկական ընկերը»:

Եթե ժամանակն անցնում է, բեմադրությունն իր ասելիքը փոխում է, մենք այն վերակագնում ենք, իմաստային առումով բերում ենք այսօրվա ասելիքին: Մեր ժամանակի մուլտերը այսօրվա երեխային չեն ձգում, իրենց նայած մուլտերը ավելի ռոբոտային են, ավելի վախենալու: Մեկ-մեկ մտածում ենք, կարող է նմանատիպ բան բեմադրենք, երեխան վախենա, պետք է գտնել ձգող, գայթակղող մի բան»,-ասում է Արմենուհի Մանուկյանը:

Շենքային խնդիրներից զատ, ոչ պակաս կարեւոր է թատերային ստեղծագործական գործընթացը։ Թատրոնի թե՛ մթնոլորտը, թե՛ կազմը երիտասարդացած է:
«Մեր թիմը սկսել է ժամանակին համահունչ, թեմատիկ նոր բաներ մտածել։ Կարծում եմ՝ թափքը եղավ օգոստոսի 5-ով՝ իմ պաշտոնավարման ընթացքով։ Թատերաշրջանի բացումն էլ բուռն ստացվեց: Հիմա այնքանով ուրախ ենք, որ սպասումը կա մեր ներկայացումների, պահանջարկը հստակեցված է։ Քաղաքում տիկնիկայինը՝ որպես մանկության օջախ, հեքիաթի օջախ, միանշանակորեն դրված է»,- ոգեւորությամբ նշում է նոր ղեկավարը։

Երբ զրուցակցիս հարցրի, թե որն է այն հիմնական նորույթը, որ բերվելու է թատրոն, պատասխանեց. «Ես միշտ ասել եմ, որ տիկնիկային թատրոնը միշտ ստեղծագործել է, բայց ստվերում է մնացել: Մենք հիմա փորձում ենք այդ բացը լրացնել գովազդով, հեռուստաընկերությունների միջոցով, որոնց հետ արդեն կապ ենք հաստատել։ Թատրոնը սեպտեմբերի 21-ին, 22-ին, 23-ին ունի պրեմիերա, որի համար նոր տիկնիկներ են պատրաստվել»։

Նկարիչ-քանդակագործ Վահան Հովսեփյանն էլ նշում է, որ տիկնիկները փոփոխվում, թարմացվում են։ Նոր ներկայացման մեջ «ներգրաված» բոլոր տիկնիկները նոր են։ Մեր հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում տիկնիկները, Վահան Հովսեփյանը ծիծաղելով պատասխանեց. «Մեծ հաճույքով։ Մի տիկնիկը տարբերվում է մյուսից. մեկն ունի մի բնավորություն, մյուսը՝ մեկ ուրիշ։ Հենց բնավորությունից կախված՝ մենք փորձում ենք ստանալ կերպարի դեմքը։ Սկզբում ստանում ենք նկարով, հետո քանդակով, այս ամենից հետո նոր սկսվում է ամենահետաքրքիրը՝ տիկնիկագործությունը»։

Երբ հետաքրքրվեցինք, թե Գյումրվա ինչ կոլորիտային կերպարներ կան արհեստանոցում, նկարիչ-քանդակագործը հերթով ցույց տվեց տիկնիկները եւ ասաց. «Մեր բոլոր տիկնիկները իրենց մեջ Գյումրվա կոլորիտային կերպարներից նշույլներ ունեն. ուզում է հերոսը լինի Անդերսենի հեքիաթից, թե` Թումանյանի։ Դա նրանից է, որ գյումրեցին է պատրաստում, գյումրեցին է ներկայացնում»:

ՇՈՒՇԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ՇՊՀ-ի լրագրության բաժնի
3-րդ կուրսի ուսանողուհի

«Առավոտ»

14.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930