«Արդարություն և օրենք: Դեպի Արարատ»,-«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը Եռաբլուրում այսպիսի կարգախոսներով հանդես եկավ: Զարուհի Փոստանջյանը հայտարարեց. «Անկախ ապրելն այնպիսի արժեք է, որին ոչինչ չի կարող փոխարինել: Այդպիսի արժեքի համար պետք է պայքար մղել, որ չկորցնենք մեր անկախությունը, այլ ավելին, ազատագրենք մեր՝ դեռ գերված հայրենիքը»:

Իգոր Մուրադյանի մասին Զարուհի Փոստանջյանն ասաց. «Նա եզակի քաղաքական գործիչ էր, որ դեռ արցախյան շարժումն իր թափը չէր առել, նա կանխազգացել էր, որ պետք է լինի պատերազմ և պետք է պատրաստվենք պատերազմին»:

Այնուհետև Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ քաղաքական ուղերձով: Նա հայտարարեց. «Եռաբլուրի բարձունքից մեր հերոսների պանթեոնից նորանկախ Հայաստանի Հանրապետության հռչակումից 27 տարի անց ազդարարում ենք, որ փակվում է ավտորիտարիզմի և դավաճանության քառորդ դարը և հայերի մրցունակության դարն է բացվում: Մեր կյանքում առաջիկա կարևոր իրադարձությունը ազգային խորհրդարանի ընտրությունն է, որը միասնություն և ինքնահամախմբում է պահանջում, ժամանակակից հայկական պետականության բոլոր հատվածի քաղաքական մանդատի վերականգնում: Այսօր մեր հայ ազգի քաղաքական մանդատը տարածվում է 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, և այս տարածքում յուրաքանչյուր հայ մարդ, որն ունի ՀՀ քաղաքացի լինելու իրավունք, ունի իրավունք իրացնելու իր քաղաքացիական իրավունքները՝ ընտրելու և ընտրվելու իրավունքը: Մասնավորապես խորհրդարանի ձևավորման ժամանակ արցախահայությունը պետք է մասնակցի որպես Արցախի մարզ և ունենա իր պատգամավորը ու ընտրի պատգամավորներ»:

Եռաբլուրից հետո «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները քարոզարշավ անցկացրին Նորագավիթում: Կուսակցության անդամները Նորագավիթում այսպիսի կոչով են հանդես գալիս. «Սեպտեմբերի 23-ին դնում ենք ընտրելու արդարության և օրենքի պաշտպան Զարուհի Փոստանջյանին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































