Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հայ մամուլի օրվա կապակցությամբ իր մոտ հրավիրելով ու շնորհավորելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին, խնդրեց քննադատել, սակայն դա անել օբյեկտիվ։


Գյումրու քաղաքապետը նաև նշեց, որ մամուլի քննադատությունները իրեն օգնում են թերությունները վերացնելու։
«Իհարկե, կան թերություններ, բայց կան նաև շատ լավ բաներ, շտկում ենք, անում ենք, դուք էլ պետք չէ միայն ասել վատ, վատ, լավին՝ լավ ասեք, վատին՝ վատ, ես դա շատ կարևորում եմ։ Ես լրագրողների հետ միշտ լավ աշխատել եմ, չի եղել որևէ լրագրողի մի կոպիտ խոսք ասեմ՝ դուրս գալով ասենք նրա ոչ օբյեկտիվ գնահատականից։ Այսօր ինստագրամում, ֆեյսբուքում, համացանցի տարբեր միջոցներով տարբեր մեկնաբանություններ են կատարվում եղած իրավիճակի մասին, առաջ նման բաներ չի եղել, առաջ տպագիր մամուլ էր, շատ փոքր ինֆորմացիա էինք ստանում։ Էսօր էնպես է, որ համացանցով հինգ րոպե հետո ամբողջ ինֆորմացիան ստանում ենք և սա կարևոր է, որ մենք ընկալենք, հասկանանք, որովհետև իրողություն է փոխվել, շատ բան է փոխվել։ Տեսնում ենք, որ երիտասարդը դուրս եկավ, կանգնեց իր երկրի կողքին և ուզում է զարգացնել, հիմա էդ իրողության հետ պետք է հաշվի նստենք, և լրատվությունն էլ պետք է այդ ամենը օբյեկտիվ մեկնաբանի։
Միայն օբյեկտիվություն, ուրիշ բան չեմ խնդրում, երբեք չեմ ասի՝ վայ դուք մեր լրագրողներն ենք, ես ձեր քաղաքապետն եմ, ինձ պաշտպանեք, ես պաշտպանվելու կարիք ունեմ, չկա էդպիսի բան, վատ բան է արվում, կոռուպցիա կա, կաշառակերություն կա և այլ, և այլն, արեք ամեն ինչ, բայց լինի դա օբյեկտիվ, ճիշտ, ճշմարտությունը վեր հանվի, որպեսզի համայնքային ծառայողը, քաղծառայողը իր պարտականությունները նորմալ կատարի»,-ասաց Սամվել Բալասանյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































