Բագրատաշենի անցակետում տեւական ժամանակ է, ինչ 130 եւ ավելի աջ ղեկով ավտոմեքենաներ են կուտակվել։ Մարդիկ, հավատալով նախկին իշխանություններին, որ ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն է արգելքը, մեկը վարկով, մյուսը պարտքով աջ ղեկով մեքենա են պատվիրել, գնել։ Բայց հիմա այն չեն կարողանում ներկրել Հայաստան, քանի որ նախկին կառավարությունը, կոպիտ ասած, «քցել է» ՀՀ քաղաքացուն։ Ընդ որում, նշենք, որ Վրաստանի տարածքում եթե մեկ մեքենան 60 օրից ավել է մնում, ապա վարորդը պետք է օրական 50-60 լարի (9000-10000 դրամ) վճարի։ Իսկ ավտոկանգառներում կայանելու մեկ օրվա վարձը կազմում է 4 լարի (730 դրամ)։
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Զոհրապ Իգիթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ «Անգամ բանավոր զրույցներում կառավարության անդամներ, տրանսպորտի նախարարության աշխատողներ կան, որոնք ասում են, որ տեղյակ չեն եղել «հոկտեմբերի 1-ի կամ ժամանակավոր»-ի հանվելու մասին։ Դրանք դուրս են եկել Վրաստանից, հատել են չեզոք գոտին եւ այժմ գտնվում են հայկական սահմանին։ Այս պահին հայկական սահմանին, մաքսային տարածքում 130 մեքենա կա կուտակված։ Ի դեպ, տեղեկացնենք, որ հայկական սահմանին «գերի մնացած» աջ ղեկով մեքենաները վնասվում են մեծ բեռնատար մեքենաների տեղաշարժի հետեւանքով։
Զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ վարորդների մի մասը, ովքեր աջ ղեկով մեքենա են ներկրում, փորձում են Վրաստանի տարածքում փոխել ղեկը եւ այդպես ներմուծել։ Բայց մասնագետը պնդում է, որ ղեկը փոխած մեքենան վարորդի համար հղի է լուրջ վտանգներով։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում


















































