Եվս մի քանի օր, և տեղի կունենա Սևանի քաղաքային զբոսայգու հարևանությամբ կառուցված ֆուտբոլի մարզադաշտի բացման արարողությունը: Մինչ ընթանում էին մարզադաշտի կառուցման աշխատանքները, որը Սևան համայնք-Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա համագործակցության լավագույն օրինակներից է, սևանցիներն էլ իրենց հիշողություն էին թարմացնում:
Անցյալ դարի 80-ական թվականներին Սևան քաղաքում գործում էր «Ախթամար» ֆուտբոլային թիմը, որը գրանցել էր լուրջ հաջողություններ` տեղացիներին պարգևելով հպարտանալու բազմաթիվ պահեր, սակայն 90-ական թվականներն իրենց գործն արեցին, և ֆուտբոլն ու ֆուտբոլային հաջողությունները դարձան միայն հիշողություն:
Երկու տարի առաջ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն իր նախընտրական ծրագրում Սևանի մարզական կյանքի աշխուժացման ուղղված հստակ ու կոնկրետ քայլեր էր մատնանշել, որոնց ուղղությամբ էլ հասցրել է իրականացնել մի շարք աշխատանքներ:


Ռուսաստանի Դաշնությունում գործող «Յունիոր» ֆուտբոլային դպրոցն իր մասնաճյուղերն ունի շուրջ 16 երկրում, աշխարհագրությունն էլ ընդգրկուն է` Բելառուսից մինչև Ղազախստան, Սինգապուրից Չինաստան: Չնայած այս ընդգրկվածությանը` դպրոցը մինչ օրս պրոֆեսիոնալ թիմ չի ներկայացրել այլ երկրների առաջնություններում:

Սևան համայնքի ղեկավար Մուրադյանը մի կարևոր դիտարկում է անում. «Թիմի անվանման հետ կապված կային տարբերակներ, անգամ` «Ախթամար», սակայն ես նպատակահարմար գտա «Սևան» բրենդը օգտագործել, որը նաև առաջխաղացման լուրջ հայտ է»:
ՀՀ ֆուտբոլի առաջնության առաջին խմբի բացարձակ առաջատար «Յունիոր Սևան»-ն անցկացրել է 11 խաղ, տոնել 10 հաղթանակ, 1 ոչ ոքի: Առջևում հերթական տուրերն են, որոնք ևս խոստանում են լինել գոլառատ:

««Յունիոր Սևան»-ի հաջողություններն ակնհայտ են, հաղթանակները` ոգևորիչ ու պարտավորեցնող: Մասնակցել եմ թիմի բոլոր հանդիպումներին ու լավ գիտեմ, թե ինչպես են ծնվում այդ հաղթանակները: 1-ին խմբի մրցաշարային աղյուսակի 1-ին տեղում հաստատուն լինելն էլ դրա ապացույցն է: Սա ճանապարհ է հարթում բարձրագույն խումբ: Թիմի մուտքն արդեն տեսանելի է ու աչքի ընկնող, կասկած չկա, որ առաջմղման համար էլ պետք է գտնվեն բավարար միջոցներ: Թիմի տնային խաղերի անցկացումն էլ մոտ ապագայի խնդիր է: Նոյեմբերի կեսից էլ մարզադաշտը պատրաստ կլինի ընդունելու ֆուտբոլային հանդիպումներ,- նշում է Սևան համայնքի ղեկավար Մուրադյանը:- Եկել է ֆուտբոլային ավանդույթների վերականգնման ժամանակը»:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
















































