Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կրթական հեղափոխություն կլինի, եթե լավագույն մանկավարժները դառնան դասվարներ. Սերոբ Խաչատրյան

Հոկտեմբեր 28,2018 23:55

Կրթության փորձագետ

Սերոբ Խաչատրյանի խոսքը

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Հայտնի գրող Անդրեյ Ժիդն ասում էր՝ մի հավատացեք այն մարդկանց, որոնք գտել են լուծումները, հավատացեք մարդկանց, ովքեր որոնում են լուծումները: Կրթության մեջ առաջարկված առանձին լուծումները, ըստ իս, չեն աշխատելու: Մեզ պետք է բազմամասնագիտական կայուն մի խումբ, որտեղ ներառված կլինեն կրթության մասնագետներ, արվեստագետներ, հոգեբաններ  եւ այլն եւ որոնք կփորձեն ընդհանուր քննարկումների արդյունքում մշակել  որոշակի տեսլական եւ կոնկրետ քայլեր ձեռնարկել: Այսօր գուցեեւ լավ տեսլականներ  գրվում են, բայց կոնկրետ քայլերի պակաս ունենք: Այսօր մենք փաստարկված, համոզիչ խոսքի կարիք ունենք, որ ցույց կտա խնդիրները եւ կմատնանշի լուծումները: Օրինակ, այս առումով  ԲՈՀ-ի ղեկավար Սմբատ Գոգյանի  աշխատանքը ես բավականին բարձր եմ համարում, նա կանգնում է ակադեմիկոսների առաջ, մատնանշում է խնդիրը եւ բոլորն են համաձայնում նրա հետ, քանի որ փաստարկված, համոզիչ է խոսքը: Մարդը կարողացել է կարճ ժամանակում խնդիրները մեջտեղ հանել եւ ներկայացնել ու լուծումներ առաջարկել:

Մենք արդեն 20 տարի է կրթության ռեֆորմ ենք անում: Բայց ոչ ուսուցիչներին ենք համոզել, որ անհրաժեշտ են այդ ռեֆորմները, ոչ դասախոսներին: Նրանց մեծ մասը դեմ է այդ ռեֆորմներին, այդ դեպքում ինչպե՞ս ենք փոխելու իրավիճակը, չէ որ չենք կարող հազարավոր մասնագետների ամեն ժամ վերահսկել: Հանրակրթության բարեփոխման առաջին քայլը պետք է համոզիչ խոսքը լինի, ոչ թե ինչ – որ թուղթ, որ ուսումնական հաստատություններում կստանան,  մի կողմ կդնեն ու կշարունակեն հին ձեւով աշխատել:

Մարդիկ, պետք է լինեն,  որ Սմբատի պես կհամոզեն, որ իրենց մատնանշած եղանակն է ճիշտ եւ գործը առաջ կտանեն:

Աշխարհը կտրուկ փոխվել է, բայց մենք կարծես չենք զգում այդ փոփոխությունները: Աշխարհում ավտոմատացում է գնում եւ հինգ տարուց արդեն զգացվելու են արդյունքները: Մեծ Բրիտանիան արդեն հրապարակեց, որ երկրում 800 տեխնիկական աշխատանք արդեն ավտոմատացված է: Եթե մեր կրթական համակարգը շարունակի կենտրոնանալ միայն գերազանցիկների վրա, մյուս երեխաները լուրջ խնդրի են բախվելու: Բացատրեմ միտքս: Երբ ավտոմեքենան ստեղծվեց, կառապանները սկսեցին ավտոմեքենա վարել, երբ գործարանները փակվեցին, բանվորները գնացին սպասարկման ոլորտում աշխատեցին, դա հեշտ էր: Այսօր փոփոխությունը ուղղահայաց է լինելու: Երբ սպասարկման ոլորտի աշխատատեղերը ավտոմատացվեն, նոր առաջարկը համարժեք չի լինելու: Գործազուրկ վարորդին, օրինակ, շուկայում ծրագրավորող աշխատելու առաջարկ կլինի:

Այսօր Հայաստանի դպրոցներում աշակերտների 70 տոկոսը չի սովորում, նրանց ուղղակի պահում ենք այնտեղ: Հինգերորդ –վեցերորդ դասարանում երեխան լավ չի սովորում, ուսուցիչը չգիտի ինչ անել նրա հետ, ասում է՝ դու վերջում նստի: Այսինքն` մենք վատնում ենք երեխայի կյանքը, մանկությունը: Նա անիմաստ չարանում է, որովհետեւ  չգիտի ինչ անի: Եթե այսօր դպրոցում այնքան էլ լավ չսովորող աշակերտները  անտեսվում են, վաղը նրանք բեռ են դառնալու Հայաստանի եւ աշխարհի համար: Ի՞նչ անենք: Աշխարհում տարբեր մոտեցումներ կան: Աշխարհի շատ երկրներում, օրինակ, հինգերորդ դասարանից դպրոցում փորձում են հասկանալ տվյալ երեխան ինչ՞ի կարող է հասնել: Ավելի լավ ունակություն ունեցողներին ուղղորդում են գիմնազիա, հետո՝ համալսարան, ավելի թույլ երեխային մի քիչ այլ դպրոց, որից հետո էլ նա հնարավորություն ունի շարունակելու ուսումը համալսարանում, բայց մի փոքր ավելի երկար  ճանապարհով պետք է հասնի այնտեղ: Այդ համակարգն էլ, իհարկե, իր քննադատներն ունի: Կարծիք կա, որ սխալ է վաղ տարիքից որոշել երեխայի ունակությունները, բայց այսպես նստելով էլ չի լինի, մի բան պետք է արվի:

Ես կարեւորում եմ նաեւ վաղ մանկության կրթությունը: Ֆրանսիայում, օրինակ, արդեն որոշվել է, որ հաջորդ տարվանից կրթությունը պետք է սկսվի երեք տարեկանից, յուրաքանչյուր երեխա կրթական որեւէ օջախ պետք է գնա երեք տարեկանը լրանալուն պես: Հայաստանում սխալ կարծրատիպ է ձեւավորվել, որ տարրական դպրոցներում ու նախակրթարաններում աշխատում են այն ուսուցիչները, որ թույլ ունակություններ ունեն ու այդ կարծրատիպը հաշվի առնելով էլ այդ ուսուցիչները ցածր են վարձատրվում: Մանկապարտեզի դաստիարակն ու դասվարը ամենամեծ ազդեցությունը կարող են ունենալ երեխայի կյանքում: Եթե լավագույն մանկավարժները դասվար դառնան, դա Հայաստանում կրթական հեղափոխություն կլինի, որովհետեւ մինչեւ վեց տարեկանն է ուղեղի ձեւավորման  կարեւոր փուլը: Դպրոցի առաջին տարիներին է որոշվում այդ երեխան սիրելու է կրթությունը, թ՞ե ոչ, մանկապարտեզից է որոշվում նա ինչպիսի անհատ կձեւավորվի:

Շատ կարեւոր է նաեւ կրթության բովանդակությունը: Այն բովանդակությունը, որ ունենք այսօր նախատեսված է մի սերնդի համար, որտեղ չի եղել համակարգիչ եւ համացանց: Այսօր ոչ մի ներդրում չի արվում դասագրքերի հեղինակների վրա: Մարդիկ նստում իրենց սենյակում դասագիրք են գրում, ոչ ոք նրանց չի ասում, որ դասագիրք գրելու հստակ կանոններ կան: Ես վստահ եմ, որ եթե հայոց լեզվի քննություն լինի հեղինակներից շատերը  կարող են անգամ կտրվել այդ քննությունից: Չկա վերահսկողություն, ընդհանուր մոտեցում … Ինֆորմացիայի ավելանալուն զուգահեռ ավելանում է նաեւ դասագրքերում ներառված նյութի ծավալը: Հիմա, օրինակ, հեղափոխություն եղավ, հաջորդ տարի պատմության դասագիրքը տասնհինգ էջ էլ կավելանա: Մեխանիկական այս մոտեցումը, որ ենթադրում է նյութի, առարկաների անընդհատ ավելացում, սխալ է եւ այսօր աշխարհը այլ առաջարկ ունի: Որոշվում եւ շեշտադրվում են առանցքային նյութեր, քանի որ ինֆորմացիոն մեծ հոսքի այս դարաշրջանում երեխաները խճճվում են նյութի մեջ եւ այդպես էլ ոչինչ չեն սովորում:

Մենք պետք է մշտապես իմանանք, նաեւ թե ինչ են անում երեխաները դպրոցից դուրս, որովհետեւ այդ հարցի պատասխանից է կախված, թե ինչ պետք է անենք մենք դպրոցում: Մենք պետք է հասկանանք ինչն է նրանց հետաքրքրում, ի՞նչ են ցանկանում ստանալ եւ, ըստ այդմ, կառուցենք ծրագիրը, ոչ թե հին ձեւով շարունակենք մեր գիծը, ասենք՝ ուզում եք հարմարվեք, ուզում եք մի հարմարվեք, սա է մեր ձեւը: 21-րդ դարի երեխայի ուղեղը փոխվել է, այսօր կան հետազոտություններ, որ ասում են, որ այդ փոփոխությունը ֆիզիոլոգիական է: Ես առաջարկում եմ, որ օգտագործենք նաեւ երեխաներին, որպես սովորեցնողներ, մեր աջակիցներ եւ մի փոքր հավասարեցնենք մեր հարաբերությունները նրանց հետ:

Հայաստանում բավականին լավ մարդկային կապիտալ կա՝ լավ ուսուցիչներ, լավ դաստիարակներ կան: Պետք է ճիշտ  օգտագործվի նրանց  ներուժը: Պետք է համախմբել լավ մասնագետներին ու փորձել այդպես համակարգը տեղից շարժել: Քանի որ աշակերտների հետ աշխատող ուսուցիչները ավելի լավ կարող են անել դա, քան վերեւից կարգադրություններ իջեցնող պաշտոնյաները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031