Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւան» քառյակը կպրոպագանդի հայ կոմպոզիտորներին

Նոյեմբեր 03,2018 12:30

Վերջին տարիներին Հայաստանում ստեղծված լարային քառյակները, այդ թվում՝ Խաչատրյանի, Միրզոյանի, Սարյանի, փաստում են, որ ունենք կամերային երաժշտության հանդիսատես: Տարբեր կազմերով քառյակները, այդ թվում՝ լարային, սկսել են գործել 17-րդ դարից, իսկ կամերային գործիքային անսամբլների դասական ձեւերը (տրիո, կվարտետ, կվինտետ եւ այլն) իրենց բարձունքին հասան շնորհիվ Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի: Մեր իրականությունում կամերային երաժշտության ձեւավորման, առաջխաղացման համար մեծ ավանդ են ունեցել Կոմիտասը, Սպենդիարյանը, Տիգրանյանը եւ այլ դասականներ: Վերադառնալով մեր ժամանակներ, ասենք, որ այսօր էլ կոմպոզիտորները աչքաթող չեն անում կամերային երաժշտության ոլորտը:

Վերջերս Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ «Երեւան» լարային քառյակի համերգը: Հնչեցին Արտեմի Այվազյանի եւ մեր ժամանակակցի՝ Ռուբեն Ալթունյանի Երկրորդ լարային կվարտետները: Միայն հայ հեղինակների ստեղծագործությունների «ներկայությունը» մեկ երեկոյի ընթացքում, արդեն ողջունելի է, մանավանդ որ «Երեւանի» երաժիշտների հիմնական աշխատավայրը երկու ճանաչված մշակութային օջախներն են. առաջին ջութակ Նարեկ Սահակյանն ու ալտ Վերոնիկա Վարդ-Պատրիկյանը օպերային թատրոնի նվագախմբից են, երկրորդ ջութակ Արտաշես Մելիքյանը եւ թավջութակահար Միքայել Նավասարդյանը՝ ֆիլհարմոնիկ նվագախմբից են: «Երեւան» լարային քառյակի առաջին բեմելը կայացել է 2017թ. ամռանը, Կամերային երաժշտության տանը: Երաժիշտներին հիշեցրինք, որ իրենց առաջին համերգին կատարել են միայն ստեղծագործություններ համաշխարհային կվարտետային երաժշտության գանձարանից, այդ թվում՝ Մենդելսոնի, Բեթհովենի, Բարբերի ստեղծագործություններից: Արտաշես Մելիքյանն ասաց, որ իրենց գերնպատակն է տարածել միայն հայ ժամանակակից կոմպոզիտորների գործերը: Գործընկերոջ խոսքը շարունակելով՝ Միքայել Նավասարդյանը նշեց, թե առաջին հերթին պետք է պրոպագանդել այն, ինչը ունենք: Վերոնիկա Վարդ-Պատրիկյանն էլ հավելեց. «Ցանկություն ունենք ընդարձակել քառյակի աշխարհագրական գործունեությունը, որպեսզի Սփյուռքում էլ տեղեկացվեն, թե ինչ է կատարվում մեր մշակույթում…»: Ռեպլիկին՝ նման գործունեությունն ակնկալում է նաեւ շոշափելի գումար, Նարեկ Սահակյանը նախ հիշեցրեց իրենց առաջին ելույթը, որը բարեգործական նպատակ է ունեցել՝ հասույթն ուղղվել է Մարի Իզմիրլյան մանկատանը, հետո էլ ասաց. «Բարդ է ստեղծագործական աշխատանքը զուգահեռել գումար հայթայթելու հետ, բայց, այնուամենայնիվ, ունենում ենք քառյակի կազմակերպական հարցերին աջակցողներ, օրինակ՝ հենց Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրինությունը, ArtKonzert բարեգործական միջազգային ասոցիացիան, GG -ն…»:

Մեր զրուցակիցները հավաստիացրին, որ մինչեւ տարեվերջ ծրագրել են եւս երկու համերգ՝ զուտ հայ հեղինակների ստեղծագործոթյուններով:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Մարտիրոս Փանոսյանի «Կվարտետ» ֆիլմին: Չմանրամասնելով ֆիլմի սցենարը, նշենք միայն, որ ֆիլմում նվագախմբի յուրաքանչյուր անդամ իր դերակատարությունն ունի կվարտետի ամբողջականությունը պահպանելու գործում, բայց առանձնանում է Անդրեասը, որի կերպարը հիանալի է մեկնաբանում Սոս Սարգսյանը: Երբ հանգամանքների բերումով կվարտետից հեռանում է իրենց մուսան՝ Անդրեասը, դադարում է կոլեկտիվի գործունեությունը: Հարցրինք՝ «Երեւանի» պարագայում ով է մուսան, գուցե միակ կին երաժի՞շտը՝ Վերոնիկա Վարդ-Պատրիկյանը: «Երեւան» քառյակի երաժիշտները հավաստիացրին, թե ամենօրյա փորձերով իրենք ձգտում են նախ գտնվել գերազանց «մարզավիճակում», ինչից էլ բխում է համերգի հաջողությունը: «Մենք ոգեւորվում ենք մեկս մյուսով, ինչը մեր քառյակի առաջ մղիչ ուժերից է»,- ասաց Արտաշես Մելիքյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` «Երեւանը»՝ Կոմիտաս թանգարան-ինստիտուտում:

«Առավոտ»

02.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ողջունում եմ այս անսամբլի ծնունդը։ Ափսոս, որ ես կվարտետներ չեմ գրում ․․․ Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել ashot babayan

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930