Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Քաղտեխնոլոգ. «Հայաստանյան քաղաքական դաշտը ադեկվատ չէ»

Նոյեմբեր 09,2018 18:40

Նոյեմբերի 9-ին «Հենարան» մամուլի ակումբում հյուրընկալվել էր քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի քաղաքական դաշտում ոչ ադեկվատություն է նկատվում։

«Մայիսից հետո հասկանալի էր, որ մեկ տարի ժամանակ է տրվում ԱԺ ընտրությունները անցկացնելու համար, սակայն այս ժամանակահատվածը մինչև հոկտեմբերի սկիզբը, երբ արդեն հայտարարվեց, որ ԱԺ ընտրությունները դեկտեմբերին են լինելու, ցույց տվեց, որ քաղաքական ուժերը ադեկվատ չեն ստեղծված իրավիճակի նկատմամբ։ Սա նշանակում է, որ առնվազն մայիսի 8-ից հետո քաղաքական ուժերը պետք է հասկանային, որ ընտրազանգվածի գիտակցության մեջ արմատական փոփոխություններ են տեղի ունեցել»։

Ըստ Արմեն Բադալյանի հոկտեմբերի 2-ին բոլորը գիտեին, որ լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ և արդեն կարող էին սկսել անուղղակի քարոզարշավ։

«Փոխանակ անուղղակի քարոզարշավ սկսելուն, կուսակցությունները սպասում են պաշտոնական քարոզարշավի մեկնարկին, սակայն չեն գիտակցում, որ 12 օրը բավականին քիչ է Հայաստանի մասշտաբով քարոզարշավ իրականացնելու համար»։

Բադալյանն ասաց, որ եթե Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ քննարկվում էին միայն Երևանի հետ կապված խնդիրները, ապա արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում բազմաթիվ հարցեր կան, որոնց քննարկման համար 12 օրը շատ քիչ է։

«Այս ընտրություններում պետք է քննարկել արտաքին քաղաքականության հայեցակարգը, դատաիրավական համակարգի բարեփոխումները, Սահմանադրության փոփոխության հարցը, ՏԻՄ մարմինների հայեցակարգը, տնտեսական բարեփոխումները, սակայն սրանցից և ոչ մեկը չի քննարկվել․ Փոխարենը երկու շաբաթ շարունակ քննադատում էին Ընտրական օրենսգիրքը, հիմա էլ կարծում են, որ 12 օրվա մեջ քննարկելու են բազմաթիվ հարցեր, վստահ եմ՝ չեն հասցնելու»։

Նա նշեց, որ ամեն մարզում կուսակցությունները պետք է հասցնեն քարոզարշավ իրականացնել մեկ օրում, սակայն կան մարզեր, որտեղ հնարավոր չէ մեկ օրում անել այդ ամենը․ օրինակ Սյունիքի մարզը։

Քաղտեխնոլոգն ասաց, որ շատերի մոտ պատկերացում չկա, թե ինչ են ընտրությունները, և նրանք պարզապես ցանկանում են համամասնական ցուցակ կազմել, կուսակցության ղեկավար ունենալ ու տարբեր հարթակներում իրենց ընդհանուր քարոզարշավը իրականացնել։

Բադալյանը նշեց, որ քարոզարշավին 17 օր է մնացել, բայց ընդամենը մի քանի կուսակցություններ են պաշտոնապես հայտարարել, որ մասնակցելու են ընտրություններին։

«Կուսակցությունները պետք է պաշտոնական հայտարարությամբ ներկայացնեն իրենց ցուցակները, ոչ թե գնան մամուլի ակումբներում հայտարարեն իրենց մասնակցության մասին»։

Բադալյանի խոսքով անուղակի քարոզարշավը պետք է տարբերել պաշտոնական քարոզարշավից։

«Անուղակի քարոզարշավը այն է, երբ դու ոչ միայն հայտարարում ես, որ մասնակցելու ես ընտրություններին, այլև ցուցակ ես տպում, և թեկնածուներիդ ուղարկում ես հավաքներ անցկացնելու։ Մինչ քարոզարշավը ցուցակները հրապարակելը օրինական է, օրենքը դա չի արգելում և սա առիթ է լրացուցիչ անուղակի քարոզարշավ անցկացնելու համար»։

Բադալյանը նշեց, որ կուսակցությունները ընտրություններին չեն մասնակցում իշխանություն և ընդդիմություն կարգավիճակով։

«Քարոզարշավի ժամանակ դադարում է քո՝ նախկինում ընդդիմություն կամ իշխանություն լինելու գործոնը․ մարդիկ քվեարկում են ոչ թե նրա համար, որ գնաս ընդդիմություն դառնաս, այլ իրենց քվեն են տալիս քո ասածի կամ քո լիդեռի համար։ Ըստ այդմ` ընտրությունների արդյունքում ով կանցնի ԱԺ և չի մասնակցի գործադիր իշխանության ձևավորմանը, նա կլինի ընդդիմություն»։

Քաղտեխնոլոգն անդրադարձավ նաև ապագա խորհրդարանի աշխատանքին և ասաց, որ այն պետք է գործի ընդամենը 3,5 տարի, որից հետո կրկին անհրաժեշտ է խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնել։

«Տրամաբանական կլինի, որ այս խորհրդարանը աշխատի 3,5 տարի, որովհետև այդ 3,5 տարիների ընթացքում մեծամասնություն ունեցող ուժը կանի իր բոլոր բարեփոխումները․ կփոխի Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը, կբարելավի տնտեսական դաշտը, կփոխվի հասարակության սոցիալական կառուցվածքը, էյֆորիան ամբողջովին կվերանա և նորմալ արտաքին քաղաքականություն կլինի։ Դրանից հետո արդեն իրական ընտրություններ տեղի կունենան»։

«Aravot.am»-ը փորձեց ճշտել, թե ըստ քաղտեխնոլոգի նորաստեղծ կուսակցությունները ինչ հավակնություններ ունեն և արդյոք կանցնեն խորհրդարան։

«Այն նոր կուսակցությունների մոտ այն համոզվածությունը կար, որ շուտով ԸՕ-ն կփոխվի և 2% ձայն հավաքելու շնորհիվ կմտնեն խորհրդարան, բայց երբ պարզ դարձավ, որ այլև այդ 2%-ը չի աշխատելու, նոր կուսակցությունների ստեղծումը, կարծես, դադարեց։ Այս կուսակցությունները շանսեր չունեն խորհրդարան անցնելու համար, քանի որ ցանկացած կուսակցություն պետք է սկսի պատրաստվել ընտրություններից 6-9 ամիս առաջ․ եթե հոկտեմբերին կուսակցություն ես ստեղծում, ապա դեկտեմբերի ընտրություններին 0 ձայն ես ստանալու»,-ասաց Արմեն Բադալյանը։

Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930