Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր ճարտարապետ Մեսչյանը անօթեւանների հարցը վերջնականապես լուծելու տարբերակ առաջարկեց

Նոյեմբեր 13,2018 14:58 Share

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը Երեւանի ավագանու նիստում, անդրադառնալով ավագանու անդամների ելույթներին, որոնք ուղղված էին անտուն մարդկանց բնակարանով ապահովելու խնդրին, ելույթի իրավունք խնդրեց եւ ասաց. «Կան այժմեական խնդիրներ, որոնք պետք է լուծել այսօր: Շինարարական տեխնոլոգիան, որով այսօր կառուցվում են շենքերը, դա 50-60-ական թվականների տեխնոլոգիա է: Այսինքն՝ այդ բոլոր մոնոլիտ կարկասները, արմատուրան եւ այն, ինչ որ մենք գիտենք, դրա ժամանակը վաղուց սկսել է անցնել: Միակ հնարավորությունը մեծածավալ շինարարական բնակելի շինարարություն սկսել Երեւանում՝ մի տարբերակ կա, եթե վերականգնվի ԴԷ-ԷՍ-ԿԱ հասկացողությունը, տնաշինական կոմբինատներ: Արագ հավաքողի, սենդվիչային տարբերակով: Արտադրվեն բնակելի կառույցների մոդուլներ եւ այդ մոդուլներով մեկ տարվա ընթացքում կարելի է բավականին մեծ թաղամաս կառուցել: Դրա արժեքն էլ է բավականին պակաս՝ համեմատած մոնոլիտ շինարարության հետ, որն այսօր կատարվում է Երեւանում, դա կլինի մեկ քառորդից նույնիսկ ավելի պակաս»:

Գլխավոր ճարտարապետը դիմելով ավագանու անդամներին՝ ասաց, որ Երեւան քաղաքի տեսիլքը, նաեւ ապագան ինչ-որ չափով կախված է ավագանու անդամներից. «Որովհետեւ քաղաքի սոցիալական պատվերը, ես, որպես ճարտարապետ, ի վերջո ստանալու եմ ձեզնից»:

Արթուր Մեսչյանի խոսքով՝հարց կծագի՝որտեղի՞ց են լինելու այն գումարները, որ այդ ԴԷ-ԷՍ-ԿԱ-ն սկսի արտադրվել. «Այ այստեղ պետք է բիզնեսի շահերը կապել այս ծրագրի հետ»:

Գլխավոր ճարտարապետն ասաց, որ այսօր թվարկված անտուն ընտանիքներին ինքը կավելացներ նաեւ հայրենադարձներին՝ նշելով, որ բնակարանային ֆոնդը քաղաքականություն է 100 տոկոսով. «Դա ոչ միայն սոցիալական խնդիր է, դա քաղաքական խնդիր է: Եվ քանի որ մենք ունենք պետական ծրագիր, պետական մտածողություն հայրենադարձության, ունենք խնդիր մեր բնակիչներին բնակելի ֆոնդով ապահովելու, միակ ճանապարհը նա է, մեր մտածողությունը շինարարության եւ ճարտարապետության, գոնե մոտեցնենք 20-րդ դարի վերջին, ոչ թե 21-րդ դարին: Կրկնում եմ, այն տեխնոլոգիան, որով այսօր կառույցներ են արվում, դրանք շատ թանկ են, երկարատեւ են»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Որպէս բանաստեղծ, երաժիշտ, երգահան եւ երգիչ, Արթուր Մեսչյան ը բարձրագոյն մակարդակի, հանճարեղ արուեստագէտ մըն է. Այն շատ քիչերէն, բոլոր ազգերու մէջ, որոնք առասպել կը դառնան իրենց կենդանութեան, եւ լիովին արժանի են այդ հանգամանքին:

    Ես ինքս իր երկրպագուներից եմ: Կարող եմ իր երգերից թերեւս քսան հատը երգել, ծայրէ ծայր, բառ առ բառ (ահաւոր ձայնովս անշուշտ, բայս նորէն ալ…) :

    Այս ամէնը հաստատելէ ետք՝ որպէս ճարտարապետ, ո՞րքան գործնական փորձառութիւն ունի Պարոն Մեսչյանը: Նաեւ, ի՞նչ վարչական ի՞նչ փորձառութիւն ունի, ի օգուտ իր այս պաշտօնին:

    Եթէ միայն PR-ի համար զինք նշանակեցին, սխալ ու անարդար է, նախ եւ առաջ՝ իրեն համար: Նամանաւանդ որ շատ զգայուն մարդ մըն է:

    Յարգելի լրագրողներ, քանի որ «պետական» գործիչները անհասկնալի եւ չհասկացող էակներ են, հաճիք գոնէ դուք ջանացէք խնայել այս մարդը, նկատի ունենալով վերոնշեալ իր վեհ ու բացառիկ արուեստագէտի վաստակը:

Պատասխանել Հ.Շ.

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930