Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Հայկ Նահապետն ընտրեց ապրել Արարատի ստորոտում

Նոյեմբեր 14,2018 12:30

Հիշեցում բոլոր իշխանություններին

Ինձ միշտ հետաքրքրել է այն հարցը, թե ինչու մեր Հայկ Նահապետը Արարատի ստորոտն ընտրեց որպես իր բնակության վայր: Կարծում եմ՝ նա շատ լուրջ պատճառ ուներ դրա համար ու այդ պատճառը մինչեւ հիմա արդիական է մեր ազգի համար: Կարճ պատասխանը, կարծում եմ, հետեւյալն է: Հայկ Նահապետը մերժեց Բելի բռնավորությունն ու բոլորին տիրելու մոլուցքը եւ ընտրեց ապրել Արարատի ստորոտում, Արարատի առջեւ, որպեսզի այն իրեն միշտ հիշեցնի, թե ով է մարդը, թե որտեղից է շարունակվել մարդկությունը ջրհեղեղից հետո ու թե ով էր Նոյը եւ թե ինչու միայն Նոյը փրկվեց ջրհեղեղից՝ իր ընտանիքով հանդերձ: Պատմությունից գիտենք, որ մեծ ու իմաստուն արքաները մանրակրկիտ ուսումնասիրություն են կատարում մեծ որոշումներ ընդունելուց առաջ: Օրինակ, Իշխան Վլադիմիրը Ուղղափառություն ընդունելուց առաջ պատվիրակներ ուղարկեց ուսումնասիրելու շրջակա երկրների կրոնները: Ի վերջո, Հուդայականությունից, Կաթոլիկությունից ու Մահմեդականությունից նա ընտրեց Ուղղափառությունը: Կարծում եմ՝ Հայկ Նահապետը, Բելի բռնավորությունից հեռանալուց առաջ, նույնպես պետք է որ լավ մտածած լիներ, թե ուր է հաստատելու իր ցեղի ապագա բնակության վայրը: Օրինակ, Հայկը կարող էր գնալ ու բնակվել Միջերկրականի բարեբեր ափերին, կարող էր գնալ հարավ, կարող էր գնալ արեւելք, դեպի Հնդկաստանի կողմերը, բայց ընտրում է հյուսիս՝ բնակվելու, ինչպես Բելն է գրում Հայկին՝ «ցուրտ սառնամանիքների մեջ»: Ուրեմն ինչու Հայկ Նահապետն ընտրեց ապրել հյուսիսում, ցուրտ սառնամանիքների մեջ: Այո, Արարատյան դաշտում ամառն ինչքան էլ տաք լինի, տարին ընդհանուր առմամբ ավելի ցուրտ է, քան կյանքը Մերձավոր Արեւելքում:

Բայց Հայկն ընտրեց Արարատի ստորոտը: Մեր պատմահայր Մովսես Խորենացին գրում է, որ Բելը ստեղծել էր բռնավորության ու տիրելու մի համակարգ: Դա շատ նման էր աշխարհում տիրող այսօրվա կյանքի համակարգին: Դա վաշխառուական համարկարգն էր: Հայկը դիմադրում էր այն բոլորին, ովքեր ձեռք էին բարձրացնում դյութազունների վրա՝ տիրելու համար: Բելը բռնավոր էր: Երբ մարդկությունը տարածվում ու սփռվում էր, Բելը ցանկանում էր տիրել բոլորին: Այդ ժամանակ «ամեն մարդ խելագարված սուրն ընկերի կողն էր կոխում, ձգտում էին մեկը մյուսի վրա տիրելու, եւ Բելին պատահմամբ հաջողվեց բռնանալ ու բոլոր երկիրը գրավել», գրում է մեր պատմահայր Մովսես Խորենացին իր «Հայոց Պատմության» մեջ: Ինչքան նման է, չէ,՞ այդ ժամանակվա կյանքը մեր այսօրվա կյանքին: Այսօր ագահության պատճառով մեծ բիզնեսները փորձում են տիրել փոքրերին, աշխարհը տիրելու համար լի է պատերազմներով, մարդիկ անարդարություն ու անօրենություն են անում մեկը մյուսին տիրելու համար, երեխաները փոքրուց մեծանում են ավելի շատ ունենալու, ավելի հարուստ դառնալու, ավելի շատ տիրելու երազներով, այլ ոչ թե Կոմիտաս, Նարեկացի, Շիրակացի կամ Խաչատրյան դառնալու ցանկությամբ: Մարդիկ այսօր էլ բռնանում են դիմացինի իրավունքի վրա ու ցանկանում նրան տիրել, ավելի շատ հարստություն կուտակելու համար: Բելը ստեղծել էր մի վաշխառուական համակարգ: Մեր Հայկ Նահապետը սա մերժեց, ասաց՝ սա ճիշտ չի ու կործանման է տանում: Հավատարիմ մնաց Աստծուն ու ընտրեց Արարատը՝ այն տեղը, որտեղ իջել էր Աստուծո փրկության տապանը: Այն տեղը, որն իրեն միշտ պիտի հիշեցնի, թե ով է ինքը, թե ով է մարդը եւ թե ինչ կյանք պիտի ինքն ապրի:

Հիմա աշխարհում հաստատված է չարի վաշխառուական համակարգը: Բազում մեծ ազգեր ու պետություններ են անցել, բայց Աստված պահել է մեր ազգին Արարատի ստորոտում: Նույնիսկ մեր շրջանների անուններն են պահպանվել ճիշտ այնպես, ինչպես դրանց անվանակոչել էր Հայկ Նահապետը՝ Հայկաշեն, Արմավիր, Շիրակ, Ամասիա եւ այլն: Մենք ապրում են Արարատի առաջ: Լեռը մեզ հիշեցնում է մեր իրական կոչման մասին: Արարատը մեզ ամեն օր հիշեցնում է արդարության մասին, իրար սիրելու, այլ ոչ թե իրար ատելու մասին: Բայց Արարատն այդքան մոտիկ լինելով, այդքան հեռու է, որովհետեւ մենք այսօր ինքներս ենք ընկել վաշխառուական համակարգի մեջ: Կաշառք, տիրել, խաբել, սեքս, հաճույք, ավելի շատ սեքս ու ավելի շատ հաճույք, ավելի շատ ունենալ, հավաքել, ավելի կուտակել, դիզել, ավելի մեծ մեքենա, սելֆի, ցուցամոլություն, փառք, իրար սպանել ունեցածին տիրելու համար: Ո՞րն ասեմ: Սա է այսօր կյանքը ամբողջ աշխարհում: Մարդիկ չեն ուզում լսել Աստուծո Խոսքը: Բայց Աստված մեր առաջ հիշեցումներ է դրել: Արարատը: Լեռ, որ մեզ ամեն օր հիշեցնում է, որ չի կարելի այսպես ապրել: Մենք պետք է փոխվենք ու ապրենք Նոյի ու Հայկի պես: Բայց այսօր ապրում ենք Բելի պես: Եվ ահա Հայաստանում եղան մեծ փոփոխություններ: Աշխարհում միլիարդավոր մարդիկ հոգնել են այս տանջալից վաշխառուական համակարգից: Ու իրենք մեզ են նայում: Օրինակի են նայում: Մոդելի են նայում: Մենք պետք է հստակ հայտարարենք, թե ինչ երկիր ենք կառուցում: Վաշխառուական համակարգի մեղմացված ու դանդաղ սպանող տարբերա՞կը, թե՞ Աստուծո Խոսքի վրա հիմնված, արդարության ու սիրո վրա հիմնված, կարեկցանքի ու հոգատարության վրա հիմնված, քաջության ու դյութազնության վրա հիմնված Արարտյան արժեքների երկիր: Արժեքներ, որոնք հիմնեց Աստված՝ փրկության տապանն այդ լեռան վրա հանգրվանելով: Արժեքների երկիր, որը դարձավ Նոյի երկիրը: Արժեքների երկիր, որին հետեւեց Հայկ Նահապետը եւ այն դարձավ Հայկի երկիր, Հայոց երկիր, հենց այս նույն արժեքների վրա հիմնված առաջին Քրիստոնյա երկիր:

Սիրելի իշխանություններ, թե ներկա եւ թե գալիք: Սիրելի ժողովուրդ: Սիրելի մարդիկ: Հիշեք այս բաների մասին: Փոխեք ձեր մտածողությունը կյանքի մասին: Դարձեք հաղթող մարդիկ, այլ ոչ թե փոքր մարդիկ: Օգնեք ձեր երեխաներին ավելի մեծ բաների մասին երազել, իրական տնտեսություն ու կյանք կառուցել, այլ ոչ թե տիրել ու բռնանալ: Որովհետեւ նույնիսկ սա չի աշխատելու մի քանի տասնամյակ հետո, քանի որ գալիս է մի անսիրտ ու ծրագրավորված էակ՝ ռոբոտը: Ու նրանց աշխարհում սեր չկա, մարդու համար տեղ չկա: Կդիմանա միայն այն մարդը, ով կարող է ավելի բարձր լինել, քան ռոբոտը: Դա հոգեւոր մարդն է: Տիրակալ, վաշխառու ու բռնավոր էակն այնտեղ տեղ չունի: Աստուծո առաջ տեղ չունի: Բայց սլացիկ ու բարձր մարդը, ով ձգտում է Նոյի ու Հայկի արժեքներով, ով ձգտում է միավորվել Աստուծո հետ, ավելի բարձր է ու կհաղթի: Ու թող Աստված մեզ օրհնի այս սուրբ ու բարի գործի մեջ:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

13.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930