Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ «Ադրբեջանահայ փախստականություն» գործնական գիտաժողով, որը կազմակերպել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը: Քաղաքական, մշակութային, հասարակական խնդիրները 30 տարի անց (պատճառներ, ընթացք, ինտեգրացիա, հեռանկարներ)» թեմայով:
Գիտաժողովի նպատակն է քննարկել Ադրբեջանի հայաթափման պատճառներն ու ընթացքը, ադրբեջանահայ փախստականների ճակատագիրը ՀՀ-ում անցած երեսուն տարիների ընթացքում և նրանց պրոբլեմների լուծման հեռանկարները: Գիտաժողովին իրենց ելույթներով և քննարկումներով հանդես եկան փախստականության խնդիրներին առնչություն ունեցող պետական պատկան մարմինների՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության, ՀՀ Արտգործնախարարության ներկայացուցիչներ, փախստականության ընթացքի և խնդիրներով շահագրգիռ փորձագետ-վերլուծաբաններ:

Տարբեր մասնագետներ արտահայտեցին իրենց տեսակետը, խնդրի վերաբերյալ նշելով, որ հանրությունը, որքան էլ զարմանալի թվա, ամբողջությամբ ծանոթ չէ Ադրբեջանում հայատյացության մակարդակին։
«Ադրբեջանում հայատյացության հարցն արձագանքի անհրաժեշտություն ունի ոչ միայն քաղաքագիտական, տեղեկատվական դաշտերում, այլ հենց մարդու իրավունքների տեսանկյունից: Քաղաքացիական հասարակությունը պետք է մասնակից լինի: Միգուցե թվա, որ այս խնդիրն այնքան էլ էական դեր չունի, սակայն դրա վտանգի աստիճանը բարձր է և դրական միտում չենք կարող տեսնել»,-ասաց Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
Գիտաժողովի մյուս բանախոսներից Սուրեն Զոլյանը հանդես եկավ Սումգայիթյան ջարդերը և Խորհրդային Միության փլուզումը թեմայով նշելով որ,-Սումգայիթյան ջարդերը նախապես ծրագրված գործողությունների շարք էր, որը հետապնդում էր հայ ազգի մասնակի ոչնչացում ու բռնի տեղահանում, ինչը թույլ է տալիս այդ ջարդերը որակել որպես ցեղասպանություն:
Դիանա Մանուկյան


















































