Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր կյանքն էլ է յուրօրինակ կրկես»

Նոյեմբեր 29,2018 13:00

Հարցազրույց երիտասարդ դրամատուրգ Արշակ Սեմիրջյանի հետ

– 2016թ. «Դրամատուրգիա» հանդեսում տպագրվեց ձեր «Թանկարժեք դիակ» կատակերգությունը, նույն թվականին Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրվեց դարձյալ նույն ժանրում գրված «Վաճառվում է տղամարդը»: 2017-ին «Թանկարժեք դիակը» տեղ գտավ մոսկովյան հեղինակավոր Երիտասարդական թատերական ֆորումի 3-րդ ալմանախում, օրերս էլ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ ձեր «Դու էիր պակաս» կատակերգության պրեմիերան: «Սեփականաշնորհե՞լ» եք այդ ժանրը:

– Կյանքում ցանկացած իրավիճակի, անգամ եթե դա ողբերգություն է, անձամբ ես թեթեւ եմ վերաբերվում ու իմ ստեղծագործություններում առկա հեգնանքն ու ծաղրը կյանքում էլ եմ արտահայտում: Համաձայնեք, որ առօրյայում էլ շատ-շատ բաներ, որոնք արտաքուստ կարող են լուրջ թվալ, դրանցում առկա են ծիծաղելի էլեմենտներ: Քանի որ «Դու էիր պակաս»-ի տպավորությունը հանդիսատեսի ու ինձ մոտ դեռ թարմ է, ասեմ, որ կոմեդիայի թատրոնը ընտրեց դեռեւս 2011թ. գրված այս գործը: Նրանց համար, ովքեր դեռ չեն դիտել ներկայացումը, նշեմ. գլխավոր հերոսը տնփեսա կրկեսի ծաղրածուն է, որը հեռացվել է աշխատանքից: Նա բնակարանը կրկեսի արենայի է վերածում, կինն ու զոքանչն էլ ակամայից դառնում են իր փորձերի մասնակիցը… Ընդ որում, նման իրավիճակ կարող է պատահել ոչ միայն կրկեսի արտիստի, այլեւ իրավաբանի, բժշկի եւ այլ մասնագիտության տեր մարդկանց ընտանիքներում: Թույլ տվեք նկատել, որ դատելով հանդիսատեսի վերաբերմունքից, հասկացա, որ նա ճիշտ ընկալեց: Ի վերջո մեր կյանքն էլ է յուրօրինակ կրկես: Իմիջիայլոց, ծաղրածուն ասում է՝ «կյանքը գունավոր նկար է, յուրաքանչյուրը վրձնով սեփական պատկերացումն է հանձնում կտավին»: Այս կոմեդիայում՝ ի տարբերություն իմ մյուս գործերի, որքան էլ կյանքը պատկերել եմ իբրեւ կրկեսային խաղ, քաղաքական ոչ մի ենթատեքստ չկա…

– Չե՞ք կարծում, որ կյանքը մատուցել իբրեւ կրկես, արդեն ենթադրում է քաղաքական ենթատեքստ:

– Միգուցե, բայց ինքս ունենալով այդ ծաղրն իմ ներսում, այդուհանդերձ կարող եմ վստահեցնել, թե հանդիսատեսը չի զգա այն:

– Թատրոնի մարդիկ պնդում են, որ, օրինակ՝ Կապանի թատրոնի խաղացանկում ընդգրկված ձեր «Վաճառվում է տղամարդը» լիովին քաղաքականացված է:

– Դատեք ինքներդ. հերոսս հիվանդանոցում հայտնվելու փոխարեն «ընկնում» է մի գործակալություն, որի միջոցով կանայք, էրոտիկ պարբերականների լուսանկարիչները, նույնասեռականները տղամարդ են փնտրում, ու ակամայից ընկնում է նրանց ճանկը… Հերոսս փորձում է ամեն կերպ դուրս գալ իր համար ստեղծված խորթ իրավիճակից: Չեմ կարծում, թե այստեղ քաղաքականություն կա, ավելին՝ քաղաքական դեմքեր…

– Չե՞ք կարծում, որ սկսնակ դրամատուրգի համար անխոչընդոտ բացվում են թատրոնի դռները: Ըստ մեր տեղեկությունների՝ ձեր հաջորդ՝ «Դարպասները բացվում են» ստեղծագործությունը բեմադրվելու է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում:

– Չէի ասի, որ ինձ ամեն ինչ հեշտ է տրվում: Կարճատեւ ստեղծագործական ճանապարհս էլ է անցել ոչ հարթ, օրինակ, հենց «Դու էիր պակաս»-ի բեմադրության համար պահանջվեց 7 տարի: Դիմել եմ այլ թատրոնների, այդ թվում՝ նաեւ մարզային: Նշեմ նաեւ, որ այս պահին պիեսներ եմ ներկայացրել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Գավառի, Վանաձորի, Գյումրիի եւ այլ թատրոններ: Սպասում եմ:

– Անդրադառնալով «Դու էիր պակաս»-ին, փաստենք, որ արձագանքները ոգեւորող են, բայց չմոռանանք, որ այդ ոգեւորողի «մեղքը» մեծ հաշվով բեմադրական կազմինն է… Տեղին է հիշել, որ Ժիրայր Անանյանի հայտնի «Տաքսի, տաքսի» կատակերգությունը 1978թ. Պարոնյանի թատրոնում բեմադրեց Մարատ Մարինոսյանը, որը հիանալի դերասանախումբ էր ընտրել: Առանձնացնենք մեկ-երկու երեւելիներին՝ Սվետլանա Գրիգորյան, Կարպ Խաչվանքյան, Մելինե Համամջյան… Արդեն 40 տարի այս բեմադրությունը նաեւ նկարահանման շնորհիվ մինչ օրս սիրված է աշխարհի ողջ հայության կողմից, մինչդեռ ասում են՝ հիշյալ ներկայացումը մի քանի տարի «Մարդը ճամպրուկում» վերնագրով մինչ կոմեդիայի թատրոնում բեմադրվելը ներկայացվել է երեւանյան եւ մարզային համարյա բոլոր թատրոններում, բայց չի արժանացել նման ընդունելության: «Դու էիր պակաս»-ի դեպքում ռեժիսորն ու դերասանական խումբը «երաշխավորո՞ւմ» են երկարակեցություն, հաջողություն…

– Ներկայացումն արդեն ընդգրկված է խաղացանկում: Խոստովանեմ՝ այս գործը ստեղծել էի Սվետլանա Գրիգորյանի տեսակը նկատի ունենալով, նրան տեսնելով զոքանչի դերում: Ժամանակին հանդիպել եմ դերասանուհու հետ, նա ինձ հետեւյալն ասաց. հազար ափսոս, որ մենք տարբեր ժամանակների ծնունդ ենք… Ռեժիսորը՝ Արմեն Մարգարյանը, «կենտրոն» բերեց Ծաղրածուին, բայց դրանից Զոքանչս չտուժեց: Բեմադրության մեջ զբաղված են ճանաչված եւ նոր անուններ, այդ թվում՝ Կարինե Բուռնազյան, Անի Քոչարյան, Ժասմեն Ասրյան, Վանիկ Մկրտչյան, Հասմիկ Վերդյան, Հարություն Մելիքբեկյան, Սիփան Զադոյան, Վարդան Գեւորգյան եւ այլք:

– Առայժմ հարթ է ընթանում դրամատուրգի ձեր ճանապարհը, բայց չի՞ հիասթափեցնում կամ ձանձրացնում տարբեր թատրոնների դռներ թակելը:

– Յուրաքանչյուր պիես ինձ ուժ է ներարկում, մյուս կողմից՝ գիտակցում եմ, որ բոլորը չէ, որ պիտի բեմադրվեն: Թատրոններին ներկայացնում եմ այն ստեղծագործություններս, որոնց ժամանակը այսօր է…

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ», 

28.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930