Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ինչու ՀՅԴ-ն չմտավ խորհրդարան

Դեկտեմբեր 12,2018 10:00

Հայ Հեղափոխական Դաշնակցությունն այս ընտրություններում ստացավ 48811 ձայն՝ 3,89 տոկոս, եւ չանցավ խորհրդարան: Դա ցավալի է, որովհետեւ այդ կուսակցությունում կան բազմաթիվ պարկեշտ եւ բանիմաց մարդիկ, էլ չասած, որ պատերազմի ժամանակ դաշնակցական ազատամարտիկները մեծ դերակատարում են ունեցել: Ինչն էր, ուրեմն, ՀՅԴ-ի անհաջողության պատճառը:

Դաշնակցության ուժը գաղափարի մեջ է, կուսակցությունը, ի պատիվ իրեն, որքանով տեղյակ եմ, ընտրակաշառք չի բաժանել, վարչական լծակներ չի օգտագործել եւ ստացել է իրեն հավատացողների «հալալ» ձայները: Խնդիրը հետեւյալն է. «Հայ դատի», «ծովից ծով Հայաստանի», «Ստամբուլն արյան ծով դարձնելու» մտադրության մեջ կա որոշակի ռոմանտիզմ, վառվող աչքեր, պատրաստակամություն՝ զրկանքներ կրելու, եւ այդ ֆոնի վրա լավ չեն նայվում կոռումպացված կառավարության մեջ դաշնակցական նախարարը (անգամ եթե ինքն անձամբ կոռումպացված չի), դաշնակցական օլիգարխը, դաշնակցական պրագմատիկը եւ դաշնակցական… ազատականը:

Կուսակցությունը պետք է փորձեր պահպանել իր դրական իմիջը, որը համապատասխան ընտրազանգվածի համար ձեւավորվել էր Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք: Օրինակ՝ երբ 2007 թվականին հայտարարվեց Արցախի հարցի լուծման Մադրիդյան սկզբունքների մասին, կուսակցությունը պետք է դրան հակազդեր ճիշտ նույն կրքով, որով հակազդում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի «փուլային տարբերակին», որը «մադրիդյանից» հաստատ վատը չէր:

Արցախի կամ Թուրքիայի հետ հարաբերություններում փոխզիջումների կողմնակից ՀՅԴ-ն այլեւս «այն» ՀՅԴ-ն չի: Իսկ ինչո՞ւ այն, ինչ անհանդուրժելի էր Տեր-Պետրոսյանի ժամանակ, այդ թվում՝ ազգային հարցերում փոխզիջումները, կոռուպցիան, տնտեսության ընդգծված ազատական բնույթը, Քոչարյանի եւ Սարգսյանի ժամանակ դարձավ ընդունելի, դրա պատասխանը նույնպես «պրագմատիզմի» շրջանակներում է. 1998-ից հետո կուսակցության վերնախավը սկսեց օգտվել իշխանության «բարիքներից» եւ դուրս էր եկել սկզբունքային ու անզիջում կերպարից: Մասնավորապես «ընկերվար» (սոցիալիստական) ուղղվածության կուսակցությունը չի կարող էկոնոմիկայի նախարար ունենալ բացարձակապես «ոչ ընկերվար» կառավարության մեջ: Այս վերջին ընտրարշավի ժամանակ Դաշնակցությունը հիշեց իր ընկերվարության մասին՝ քննադատելով ընտանեկան նպաստները եւ պետական ապարատը կրճատելու կառավարության ծրագրերը (որոնք, իմ տեսանկյունից, ողջունելի են), բայց երկու շաբաթում անհնարին է ուղղել 20 տարում խեղված կերպարը:

Դաշնակցությունը համահայկական կառույց է, եւ անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում նրա գաղափարախոսությանը, մեր բոլորիս հարստությունն է: Ներկայացված է ՀՅԴ-ն հայաստանյան խորհրդարանում, թե ոչ՝ այդ կուսակցությունը շարունակելու է կարեւոր դեր խաղալ հայության կյանքում: ԱԺ պատգամավոր չունենալը կարող է նաեւ օգտակար լինել կուսակցության համար՝ անցած ճանապարհը վերաիմաստավորելու եւ Հայաստանում այլ ազգայնական ուժերի հետ համագործակցելու առումով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    «Ստամբուլն արյան ծով դարձնելու» մտադրության մեջ կա որոշակի ռոմանտիզմ …Ասել ա մեր մեծ ախպեր Գագոն՝ ՛՛Վայ քու ռոմանտիկ ցավը տանեմ…՛՛

  2. gib.gibindus says:

    Իսկ եթե ավելի դասական, ապա պետք է պատասխանի համար դիմել վերջերս Լենա Նազարյանի գտած պատասխանին: Երբ ՏԻՄ ընտրություններից հետո լրագրողը հարցրեց նրան, թե ինչու նրանց ներկայացուցիչը պարտվեց Սյունիքում, նա առանց աչք թարթելու պատասխանեց՝ որովհետև ավելի քիչ ձայն հավաքեց: Հիմա էլ դաշնակները:

  3. henri says:

    Վերջապէս իմաստուն վերլուծում մը որ ըստ իս իրականութեան կը համապատասխանէ ;
    Միջին արեւելքի գրեթէ բոլոր պատանիներն ու երիտասարդները ունեցած են իրենց ՛՛ դաշնակցական ՛՛ շրջանը ,որ հասուն տարիքին աստիճանաբար կը կորսնցնեն երբ իրազէկ կը դառնան գաղափարախօսութենէն դէպի նիւթական ձգտող իրենց ղեկավարներուն կենցաղը;- Չմոռնանք որ Ազալայի տղաքը-Սէֆիլեաններն ու իրենց ընկերներն ալ ՛՛նախկին յուսախաբ ՛՛ դաշնակներ էին … նոյնը պատահեցաւ Հայաստանի մէջ անկախութենէն ետք -ՀՅԴ-ի անցեալ փառաւոր էջերէն խանդավառուած
    սերունդը աստիճանաբար հեռացաւ, երբ նկատեց նոր ղեկավարներուն մօտ ՛՛ կոռումբացուած ՛՛ տառեր որ ոչ մի առնչութիւն ունէին ՀՅԴ-ի գաղափարախօսութեան և հերոսական պատմութեան հետ ;
    Դաշնակցութիւնը մեծ կարիք ունի խղճի քննութիւն մը ընելու և իրենց ՛՛ձախողութեան՛՛ պատճառը ուրիշ տեղ չփնտռելու ;

  4. Սահակ Շահմուրադյան says:

    Միանշանակորեն արդարացի էք: Դաշնակցությունը իր գաղափարաբանությամբ հիմնված է 19-րդ դարի եվրոպայի և Ռուսաստանի ազգային և սոցիալիստական ռոմանտիզմի իդալների վրա: Դրա վկայությունը Ռաֆֆիի վեպերն ու Մալխասի «Զարթոնք» վեպն է, որն արտացոլում է հայկական ռոմանտիզմի փայլուն դրսևորումը: Ռոմանտիզմը շատ հեռու է ռեալ քաղաքականությունից: Իսկ 20 և 21-րդ դարերում ՀՅԴ չի կարողացել ազատվել 19-րդ դարի ռոմանտիզմից: Սոցիալիզմը նույնպես ռոմանտիկ մտածողության և անհասանելի գաղափարախոսություն է: Դրա պատմական վկայությունը Սոսիիալիստական Սովետական միությունն էր իր բոլոր արբանյակներով ու հետևորդներով: Դաշնակցությունը երբեք չի կարողացել իրական քաղաքականության, հայ ժողովրդի իրական պահանջների և հայ ժողովրդի տարբեր խավերի ու շերտերի միջև տեսնել հայ ժողովրդի բարոյական և տնտեսական իրական պահնջները և ավելի քան 120 տարի շարունակել է մնալ ռոմանտիզմի մտային պատրանքներում: Հետաքրքիրն այն է որ սոցիալիզմ և ազգայնություն քարոզող կուսակցությունը միշտ էլ ղեկավարվել է կապիտալիստ դասկարգին պատկանող ներկայացուցիչների և աշխարհաքաղաքացի անձանց կողմից: Դաշնակցության վերնախավի ներկայացուցիչները անխտիր վերջին 50-60 տարվա ընթացքում եղել են հարուստ մարդիկ և իրենք ու իրենց զվակները ապրել են ընդհանրապես արևմտյան հարուստ և կապիտալիստական երկրներում: Ահա նման անձանց միջոցով ղեկավարվող կուսակցությունը ինչպես կարող է հավակնել, որ պաշտպանում է հայ չքավոր դասկարգին կամ ազգասիրական կարգախոսներով պնդել թէ հետևում է հայ ժողովուրդի ազգային շահերը: Հենց այս հակասություններն են պատճառ դարձել, որ ՀՅԴ օրըստ օրե հեռանա հայ ժողովրդի իրականությունից և կորցնի իր վաղեմի գաղափարական ռոմանտիզմի փայլը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31