Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի հետ նոր «շփումն» ու Բատկայից նեղացվածության փակված էջը

Դեկտեմբեր 12,2018 12:00

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է»

Անցյալ շաբաթ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի, Հայաստանի եւ դաշնակից պետությունների փոխհարաբերությունների հարցերով որոշ գործընթացներ ծավալվեցին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի «պաշտոնը մեծ հաշվով ընդամենը առիթ է, որպեսզի խոսենք կազմակերպության անդամ պետությունների փոխադարձ պարտավորությունների հետ կապված գոյություն ունեցող խնդիրների մասին»,- հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Մենք ուզում ենք ստանալ հստակ պատասխաններ: Որեւէ մեկը մեզ չի կարող մեղադրել մեր դաշնակցային պարտավորությունները որեւէ կետում չկատարելու մեջ: Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ապացուցել է հավատարիմ դաշնակից լինելու փաստը: Ցավոք, սա չենք կարող ասել ՀԱՊԿ մեր բոլոր գործընկերների մասին, ուստի ասում ենք` եկեք պարզենք մեր հարաբերությունները՝ մենք դաշնակիցնե՞ր ենք, թե՞ ոչ, եթե դաշնակիցներ ենք, ապա պետք է կատարենք մեր բոլոր պարտավորությունները, բայց մեզ համար հասկանալի չեն այն գործողությունները, որոնք իրենց էությամբ հակասում են այդ պարտավորություններին: Պետք է իմանանք՝ ում վրա կարող ենք հույս դնել, ում վրա` ոչ»,- ասել է Փաշինյանը:

Համոզմունք հայտնելով, որ «ՀԱՊԿ-ը կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը», Փաշինյանը հավելել էր. «Հիմա հարց` ՀԱՊԿ-ն իր այդ գործիքը պատրաստվո՞ւմ է կիրառել, թե՞ ոչ: Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է»: «Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է: Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն»,- ասել է Փաշինյանը` ավելացնելով, որ լուրջ հարցեր կան Լեռնային Ղարաբաղի հետ կապված ՀԱՊԿ երկրների տեսլականի շուրջ այն ուղղությամբ, թե դա որքանով է բխում ռազմավարական գործընկերության բնույթից: «Երբ այս հարցերի համատեքստում հարաբերությունները հստակեցնենք, կարող եմ երաշխավորել, որ երբեւէ մեր հարաբերություններում որեւէ կնճիռ չի լինի: Մեզ պետք չեն ֆորմալ կարգավիճակներ, մեզ պետք են փոխադարձ պարտավորություններ եւ դրանց լիարժեք իրականացում»,- շեշտել է Փաշինյանը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի հետագա պաշտոնավարման հարցը, ըստ երեւույթին, պաշտոնական Երեւանն արդեն փակված է համարում՝ այն ոչ էական հարց համարելով: Ամենայն հավանականությամբ, պաշտոնական Երեւանի համար նախընտրելի տարբերակը կլինի, եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պարտականությունները շարունակի կատարել Վալերի Սեմերիկովը: Բայց, կարծես, այս տարբերակի վրա չարժե մեծ հույսեր փայփայել:

ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը կարող է լինել «Բելառուսի ներկայացուցիչ»՝ ասաց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. «Մենք անսպասելիորեն գրեթե ՀԱՊԿ նիստ անցկացրինք եւ սկզբունքորեն որոշեցինք գլխավոր քարտուղարի նշանակման խնդիրը»: Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովից հետո նա նշել էր, թե բանակցությունների կողմերին հաջողվել է պայմանավորվել թեկնածուի ընտրության մեխանիզմի շուրջ: Այս հայտարարությանը հաջորդեց պաշտոնական Երեւանի արձագանքը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ դեռ։ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»։ Այնուհետեւ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, թե այդ պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը՝ նշեց, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեռեւս չեն որոշել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը. «Ոչ, հարցը լուծված չէ»: Պեսկովի խոսքով՝ Լուկաշենկոն ԵՏՄ գագաթնաժողովի ժամանակ անդրադարձել է այդ հարցին, թեեւ այն օրակարգում չկար: «Դա լիովին նորմալ գործելակերպ է. ցանկացած պետության ղեկավար կարող է հնչեցնել հարցեր, որոնք նա կարեւոր է համարում»,- ասել է Պեսկովը: Սակայն, նրա խոսքով, այդ պահին բանակցությունների սեղանի շուրջ ՀԱՊԿ ոչ բոլոր անդամներն են ներկա եղել: Նրանք այդ թեման հետագայում շարունակելու են ԱՊՀ գագաթնաժողովում. «Աշխատանքները շարունակվելու են»:

Մի անգամ Սանկտ Պետերբուրգում

Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ զրուցել է գերիների փոխանակման հարցերի շուրջ՝ Վանաձորում դեկտեմբերի 7-ին տեղեկացրեց նա՝ հավելելով, որ, ցավոք, համաձայնության չեն եկել։ «Ալիեւի հետ հանդիպում չի եղել, Ալիեւի հետ զրուցել ենք գերիների փոխանակման հետ կապված եւ, ցավոք, համաձայնության չենք եկել, բայց քննարկումները կշարունակենք, որովհետեւ գիտեք, որ իրենք առաջարկում են «բոլորը բոլորին», բայց մենք այդտեղ խնդիր ունենք, եւ Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք։ Եղել է ուղղակի շփում, զրուցել ենք բանակցային գործընթացի նախորդ պատմությունից, դրվագներից եւ այլն»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով. «Այսինքն՝ ոչ թե հանդիպում է եղել, այլ ուղղակի շփում։ Դուք գիտեք, որ բացի ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից՝ դրանից հետո ԱՊՀ ֆորմատով ճաշ էր»։

Նոյեմբերի սկզբին Ադրբեջանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը պնդել էր, թե դեռ երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմից հետո, դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին եւ առաջարկել փոխանակել գերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Հայկական կողմը նշում է, որ գերիների փոխանակման մասին պաշտոնական որեւէ առաջարկ Բաքվից չի ստացել։ Միեւնույն ժամանակ Երեւանն ու Ստեփանակերտը հայտարարել են, որ մերժում են «բոլորը բոլորի դիմաց» տարբերակը, քանի որ այժմ հայկական կողմում գտնվող ադրբեջանցիները ոչ թե ռազմագերիներ են, այլ հանցագործության համար դատապարտված անձինք:

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Բաքուն Երեւանին առաջարկեց փոխանակել երկու կողմում գտնվող գերիներին եւ ձերբակալված անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: «Ինտերֆաքս» գործակալությունը, վկայակոչելով իր քաջատեղյակ աղբյուրներին, նոյեմբերին հայտնել էր, որ Ադրբեջանում այս պահին Հայաստանի երեք քաղաքացիներ են պահվում՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը, Զավեն Կարապետյանը, որոնց պաշտոնական Բաքուն համարում է դիվերսանտ՝ մեղադրելով պատերազմական հանցագործությունների մեջ: Նրանք Ադրբեջանում երկարատեւ ազատազրկման են դատապարտված: Հայկական կողմում եւս երեք ադրբեջանցի է պահվում: Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասկերովը ձերբակալվել են 2014-ին՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ղարաբաղյան դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիեւին՝ 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով մի շարք ծանր հանցանքներում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, առեւանգման, սպանության մեջ։ Հայկական կողմում գտնվող երրորդ ադրբեջանցին Էլնուր Հուսեյնզադեն է, նա ձերբակալվել է անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի ուղղությամբ: Պաշտոնական Ստեփանակերտը պնդում է, որ 1995-ին ծնված Հուսեյնզադեն ադրբեջանական բանակի զինծառայող է եւ ձերբակալվել է դիվերսիայի պահին:

Գաղտնի մնալու սկզբունքով ռուսաստանյան գործակալության հետ զրուցած աղբյուրը նշել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը գերիների փոխանակման փորձ ունեն դեռեւս 1996-ից, երբ պատերազմի ավարտից շուրջ երկու տարի անց Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը մի քանի հայաստանցիների փոխանակել է Հայաստանում պահվող ադրբեջանցի գերիների հետ: «Ինտերֆաքս»-ի աղբյուրը հավելել էր, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է փոխանակման այդ սկզբունքը կիրառել նաեւ ապագայում:

«Շատ լավ նախադրյալ՝ հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ բանակցություններ վարելու համար»

Այսպես, Փաշինյանն ասում է, որ ուղղակի «շփում» է ունեցել Ալիեւի հետ. «Զրուցել ենք բանակցային գործընթացի նախորդ պատմությունից, դրվագներից եւ այլն»։

Ուշագրավ էր Բաքվի արձագանքը Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը: Ադրբեջանում Սանկտ Պետերբուրգում կայացած «շփումն» էլ որոշակի ոգեւորություն է առաջացրել: ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կուլիսներում զրուցել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ՝ ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիեւը. «Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման եւ հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ ակտիվ բանակցությունների շարունակման հարցերը»:

Ըստ նրա՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ այս երկու գործոնները շատ սերտորեն կապված են եւ փոխադարձաբար լրացնում են միմյանց: «Վերջերս զորքերի շփման գծում եւ պետական սահմանի երկայնքով հարաբերական անդորր է, որը շատ լավ նախադրյալ է ստեղծում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ բանակցություններ վարելու համար: Դա չպետք է հանգեցնի հակամարտության սառեցմանը կամ անընդունելի ստատուս քվոյի պահպանմանը»,- ասել է Հաջիեւը: Այնուհետեւ նա ընդգծել է, որ Ադրբեջանը կողմնակից է ստատուս քվոյի շուտափույթ փոփոխությանը. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով բազմիցս շեշտվել է ստատուս քվոյի փոփոխության կարեւորությունը: Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շրջանակներում տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պետք է վերականգնվեն միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»:

Նա նաեւ ասել է, որ զրույցի ընթացքում Ի. Ալիեւը եւ Ն. Փաշինյանը քննարկել են «ձերբակալված անձանց» փոխանակման հարցը: Հաջիեւը նաեւ մեկնաբանել է երկու երկրների միջեւ ուղիղ կապը. «Նման կապն առկա է: Բայց այն պետության ղեկավարների, արտաքին գործերի նախարարների կամ պաշտպանության նախարարների մակարդակով չէ: Այն մեկ մակարդակով ցածր է եւ օգտագործվում է անհրաժեշտության դեպքում»:

Պաշտոնական Բաքուն ակնհայտորեն մոռացության է տալիս Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների ու պահանջների կատարման հրամայականը՝ կենտրոնանալով մեկ Դուշանբեի, այժմ էլ՝ օրեր առաջ Սանկտ Պետերբուրգի «շփման» արդյունքներին՝ դրանք ներկայացնելով հակամարտության կարգավորման բանակցություններ վարելու «գրավական»:

Լուկաշենկոյի հետ խոսակցությունը «բավարարել» է

Ի դեպ, Փաշինյանը տեղեկացրեց նաեւ, որ Սանկտ Պետերբուրգում խոսել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Հարցին, թե Լուկաշենկոյից բացատրություն պահանջե՞լ է, պատասխանեց. «Այո՛, գիտեք, ես եթե իրեն մեղադրում եմ փակ նիստի բովանդակությունը բացահայտելու մեջ, կարծում եմ, որ ճիշտ չի լինի, որ ես ինքս էլ դա անեմ։ Խոսակցությունն ինձ բավարարեց»։

Հիշեցնենք, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել էր դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին: Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Լուկաշենկոյի այս քայլին, ասել էր. «Ես զարմացած եմ, որ 30 տարի կամ չգիտեմ քանի տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ: Ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից»։

Փաստացի, պաշտոնական Երեւանն այս փուլում փակել է Լուկաշենկոյին պահանջներ ներկայացնելու էջը:

Ամփոփումը՝ «Առավոտ»-ի դեկտեմբերի 12-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 11.12.2018  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31