Կառավարության շենքի մոտ բողոքի ցույց է. մի խումբ անձինք, որոնք օրենքով զրկվել են երկրորդ մեքենան նվիրատվություն անելու և հարկեր չվճարելու հնարավորությունից, կառավարությունից պահանջում են խելամիտ հարկեր սահմանել: Նրանք պնդում են, որ առանց իրենց տեղեկացնելու օրենքում փոփոխություններ են եղել:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանը հանդիպեց ցույցի մասնակիցներին: «Դուք չեք իմացե՞լ, որ եթե նվիրատվություն ձևակերպեք, պետք է հարկ տաք: Չեք իմացե՞լ, որ որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող՝ հարկ պետք է տաք: Ձեր գործունեությունը հիմա ձեռնարկատիրական գործունեություն է, թե՞ չէ: Էսքանդ բոլորդ եկել ենք, նվիրատվություն եք ձևակերպում, որպեսզի հարկ չտաք, չէ՞: Մեքենան բերելը և օտարելը դա բիզնես ա: Լսեք, ես ձեզ մի բան ասեմ՝ որ սենց դոշներս ծեծում ենք, մենք պիտի հասկանանք, որ եթե էսքանս եկել ենք ու ասում ենք՝ մեքենա ենք ուզում նվեր տանք, բայց հարկ չտանք, մի հատ մտածեք էլի, ինչ եք խոսում: Եթե դու ուզում ես մեքենա բերես, նվիրատվություն ձևակերպես ու հարկ չտաս, և բոլորս աչքերս փակենք, որ դու ձեռնարկատիրական գործունեությունը նվիրատվության տակ ծածկես, ես պատրաստ չեմ դրան»,- ասաց նա:
Դավիթ Անանյանն ասաց նաեւ, որ բողոքողները կարող են առաջարկությունները ներկայացնել իր տեղակալին, կառավարությունում կքննարկեն, բայց նաեւ հավելեց. «Եթե ձեզ թվում է, որ պիտի բերեք նվիրատվության անվան տակ ֆռցնեք ավտոները, չի լինի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































