Հրանտ Մաթեւոսյանի որդուց` ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանից Aravot.am-ը հետաքրքրվեց «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի կառուցման շուրջ ստեղծված իրավիճակով, հարցրինք, արդյոք որեւէ զարգացում կա՞ այդ առումով, կամ մասնավոր հատվածից` ներդրումներ անելու ցանկություն եղե՞լ է այս ընթացքում:
«Մասնավոր անձանց կոչ չի արվել, որ դրանով զբաղվեն, նոր ժամանակներում համենայն դեպս, նման կոչ չի եղել: Հին ժամանակներում կառավարությունն ինքն էր ստանձնել բոլոր ծախսերը հոգալու պատասխանատվությունը: Այն ժամանակ եւս դարձյալ կոչ չէր արվել մասնավոր անձանց ներդրումներ անել:
ՀՀ նախագահի եւ վարչապետի տիկնոջ այցերի ժամանակ երկուսն էլ խոսեցին մի օր ինչ-որ մի մասի օժանդակելու կամ իրենց կապերի, ընկերների միջոցով նախաձեռնություն ցուցաբերելու եւ հնարավոր ներդրումներ ապահովելու մասին, ինչի համար շնորհակալ եմ, որովհետեւ կենտրոն-թանգարանի ստեղծումը չի սահմանափակվում միայն շենքը ձեւավորելով, մեզ միջավայր է պետք` հայեցակարգին համապատասխան:
Մենք թե կառավարությանը, թե մշակույթի նախարարությանը, թե քաղաքաշինության կոմիտեին եւ քաղաքապետարանին տարբեր ժամանակներում առաջարկներ ենք ներկայացրել շրջակա միջավայրում Լոռվա բնության մոդելավորմամբ բուսաբանական այգի ձեւավորելու, Անտառամեջ, Ծմակուտ կամ Ահնիձոր ստեղծելու համար»,-ասաց Դավիթ Մաթեւոսյանը:
Ապա հավելեց. «Իսկ թե ինչ խմորումներ, գործընթացներ են ընթանում կառավարության խորքերում, ես չեմ կարող ասել: Համոզված եմ, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, տեղի է ունենում: Գիտեմ, որ այն պահին, երբ «Հայկական Ժամանակ» օրաթերթը հետաքննություն սկսեց հրապարակման նպատակով, անմիջապես 20 րոպեում փորձագիտական եզրակացության հարցը լուծվեց, ինչը 7 ամսվա ընթացքում ոչ մի կերպ չէր լուծվում:
Կարծում եմ, որ հետո էլի ինչ-որ բաներ տեղի կունենան: Բայց այս պահին ես կրկին ահազանգում եմ` ՇԵՆՔՆ ԱՆՏԵՐ Է… Ոչ մեկի բալանսի վրա չէ, եւ ոչ մեկը չի հոգում այն որեւէ մեկի բալանսի վրա դնելու հարցը: Համենայն դեպս, առերեւույթ չի հոգում, ես չեմ տեսնում որեւէ արձագանք: Որեւէ հեռախոսազանգ կամ նամակ չեմ ստանում, որ այդ շենքը պետք է որեւէ մեկի հաշվեկշռին դնել:
Ի դեպ, ես ի պաշտոնե չպետք է ստանամ, ես զուտ որպես ժառանգորդ եմ խոսում: Փաստորեն պետք է քայլեր արվեն, քաղաքաշինության կոմիտեն, պետական գույքի կառավարման կոմիտեն, մշակույթի նախարարությունը նախաձեռնություն պետք է ցուցաբերեն` դիմելով կառավարությանը այդ անհրաժեշտաբար արվելիք որոշումները իրականացնելու համար»:
Հրանտ Մաթեւոսյանի որդին ընդգծում է. «Շենքն առաջնահերթորեն ունի խնդիր, որ եթե սաստիկ ցրտեր լինեն, մենք ի վիճակի չենք լինի այն ջեռուցել, որովհետեւ մեծ ծախսերի հետ է կապված, որոնք չեն կարող թղթավարական առումով մեր` մասնավոր «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի կողմից արդարացվել որեւէ կերպ, որովհետեւ այնտեղ 1400 քմ տարածք է, էլեկտրականությունն ու գազը գերածախս կտան մեր համեստ, մանավանդ չձեւակերպված բյուջեի հնարավորությունների առումով»:

Մենք հիմա կարող ենք հրաժարվել դա մուծելուց, կարող ենք մի կողմ քաշվել, կարող ենք նաեւ բանալին դնել ծրարի մեջ եւ ուղարկել կառավարությանը, ասել` ահա ձեր սիմվոլիկ բանալին, արեք ձեր շենքի հետ ինչ ուզում եք, որովհետեւ մենք ընդամենը հողի սեփականատերն ենք, որի վրա շենքը կառուցվել է: Մի ժամանակ այդպես է ստացվել, այդպես է մտածվել: Եվ հողի սեփականատեր լինելը մենք ընկալել ենք որպես հակաերաշխիք հնարավոր մեքենայություններից եւ շենքը տիրապետելու հնարավոր ոտնձգություններից մինչեւ որ հանգիստ, կայուն, նորմալ վիճակ լինի եւ հարցը հստակեցվի, գոյություն ունենա հականե-հանվանե, ի պաշտոնե ձեւակերպված կլինի որպես պետական հիմնադրամ կամ պետական ոչ առեւտրային կազմակերպություն կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն: Բայց դրան դեռ չենք հասել»:
Դավիթ Մաթեւոսյանը նշում է, որ ոչ պաշտոնական խոսակցություններում շարունակաբար խորհուրդ են տալիս դիմել վարչապետին. «Ասում են` վարչապետին ասա: Ես չեմ հասկանում, ինչու պետք է ամեն հարցով դիմել վարչապետին, որը զբաղվում է հանրապետության գլոբալ ներքին քաղաքական, արտաքին քաղաքական, տնտեսական խնդիրներով: Ի՞նչ կարիք կա նրան կենտրոնի խնդիրներով անհանգստացնել` ելնելով այն փաստից, որ մենք բարեկամ ենք, մտերիմ ենք, ընկեր ենք:
Ի վերջո, պետության ուշադրությունը հավուր պատշաճի ամրագրված է կառուցի նկատմամբ հենց այն բանով, որ շենքը կառուցվում է, որ ՀՀ նախագահը` լինելով, Հրանտ Մաթեւոսյանի վաղեմի բարեկամը, կամ Աննա Հակոբյանը` լինելով նրա ընթերցողը եւ նրան ճանաչողներից մեկը եւ վարչապետի տիկինը, ուշադրություն դարձրին խնդրին եւ այցելեցին շենք ու շինարարության տարածք:
Դրանից ավել, ոչ էլ կարիք կա, որ ես ակնկալեմ: Իսկ «վարչապետին ասա»-ն իրենց մեկնաբանությամբ կամ տարամեկնաբանությամբ կարող է մի բան նշանակել, որ ինչ-որ հարց կա, որը պետք է վարչապետի հետ խոսել ու պարզաբանել: Բայց այդ դեպքում, թող իրենք անկեղծ լինեն եւ ինձ ասեն դա: Կամ թող որեւէ ազդակ լինի վարչապետի եւ նրա աշխատակազմի կողմից, որ մի բան այն չէ, հասկանանք, թե ինչո՞ւ է այս վիճակը ստեղծվել:
Ի՞նչ է նշանակում առհասարակ միլիոնանոց կապիտալ ներդրում անելուց հետո, մի կողմ քաշվել, որեւէ բյուջեում` 2018, 2019 թթ չընդգրկել, զուտ թղթավարական, բյուրոկրատական հիմար քաշքշուկներով արդարացնել խնդիրը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































