Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանող կոմպոզիտորն ուզում է իր մասնաբաժինն ունենալ հայ ժամանակակից երաժշտարվեստում

Դեկտեմբեր 20,2018 13:00

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների մասնակցությունն ու հաջողությունները ճանաչված եւ հեղինակավոր մրցույթներին նորություն չեն: Օրերս Նյու Յորքից Երեւանի կոնսերվատորիա լուր է ստացվել, որ Սայաթ-Նովայի անվան կոմպոզիտորների 5-րդ միջազգային մրցույթում առաջին եւ երկրորդ մրցանակների են արժանացել կոմպոզիտոր, պրոֆեսոր Վարդան Աճեմյանի սաները՝ Արեգնազ Մարտիրոսյանը եւ սիրիահայ Բարդի Մինասյանը:

«Առավոտի» հետ զրույցում Արեգնազ Մարտիրոսյանը հիշեցրեց, որ 2006 թվականից երկու տարին մեկ ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում անցկացվող այս մրցույթում, որի հիմնադիրներն են Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի Հայկական բարեգործական ընդհանուր միությունները, փայլել են Երեւանի կոնսերվատորիայի ուսանողները, այդ թվում՝ այսօր արդեն ճանաչված կոմպոզիտորներ Ալեքսանդր Իրադյանը (Ստեփան Ռոստոմյանի դասարան), Հովիկ Սարդարյանը (Աշոտ Զոհրաբյանի դասարան): Շեշտված հիացմունքով հայտնեց, որ Սայաթ-Նովայի անվան մրցույթում հատկապես ուշադրություն են գրավել Վարդան Աճեմյանի դասարանի ուսանողները: Հետո էլ մանրամասնեց. «Առաջին մրցույթում առաջին մրցանակի է արժանացել պրոֆեսորիս ուսանողը՝ Արթուր Աքշելյանը, 2012-ին երրորդ տեղը գրավեց Էռնեստ Դուրգարյանը, հիմա էլ՝ Բարդին՝ 2-րդ մրցանակ եւ ես»:

Մեր զրուցակցին խնդրեցինք տեղեկացնել աշխարհի լավագույն 15 մրցույթներից մեկը համարվող Սայաթ-Նովայի անվան մրցույթի պայմանների մասին: «Նշեմ, որ եթե չլիներ գործընկերս՝ Բարդիի համառությունն ու օգնությունը, չէի մասնակցի այս մրցույթին: Հեղինակավոր մրցույթ լինելուց բացի, այս միջոցառումը իրավամբ դասվում է ամենաարդարացիներ թվում: Ժյուրիի անդամների մասին մինչ այսօր ոչ մի տեղեկություն չկա, յուրաքանչյուր մասնակից իր ստեղծագործությունը ներկայացնելիս պարտիտուրի վրա չի գրում անուն-ազգանունը, ընդամենն ուղարկում է կենսագրությունը: Մասնակիցներին հեռակա ճանաչում է մրցույթի կազմակերպիչը: Մրցանակաբաշխությունը կկայանա 2019թ. գարնանը, Նյու Յորքում: Մրցույթի գլխավոր պայմանը ներկայացված կամերային երկերում հայկական ժողովրդական նվագարանների եւ հայ որեւէ բանաստեղծի ստեղծագործության առկայությունն է: Ի դեպ, մրցույթին մասնակցում են ավելի շատ օտարազգիներ, քան հայեր: Օրինակ՝ այս մրցույթի աշխարհագրությունը ընդգրկում էր ավելի քան 30 երկիր: Ես ներկայացրել էի Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծություններով «Ինքնություն» ստեղծագործությունս, օգտագործել էի դուդուկ, զուռնա, բնականաբար՝ ասմունք: Իսկ ընդհանուր կամերային անսամբլում տեղ էին գտել նաեւ հոբոյ եւ ֆագոտ: Նշեմ նաեւ, որ ամերիկյան Սայաթ-Նովայի մրցույթի առիթով Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը լավ նախաձեռնությամբ է հանդես գալիս՝ հայաստանցի հանդիսատեսին ներկայացնելով մրցանակի արժանացած հայ հեղինակի ստեղծագործությունը: Գործիս կատարումը ծրագրված է 2019թ. գարնանը»:

Դիտարկմանը՝ դժգոհելու պատճառ չունեք, քանի որ դեռեւս ուսանողական տարիներին Հայաստանի կոմպոզիտորների միության կազմակերպած տարբեր միջոցառումներին հնչել են ձեր մեկ-երկու երկերը, մեր զրուցակիցը հստակեցրեց. «Համամիտ եմ: Վերջերս՝ հոկտեմբերին, միության կազմակերպած ժամանակակից երաժշտության փառատոնի շրջանակներում կատարվեց իմ Der Eindruck կամերային ստեղծագործությունը: 2016թ. Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» պետական կամերային երգչախումբը հնչեցրեց իմ «Կիրակմուտքը»՝ Միսաք Մեծարենցի խոսքերով, անցյալ տարի մասնակցել եմ Մոսկվայում կայացած Պրոկոֆեւի անվան միջազգային մրցույթ-փառատոնին, որտեղ ժամանակակից բանաստեղծ Արգուտինսկու խոսքերով «Ճակատագիր» ստեղծագործությունս՝ գրված բարիտոնի եւ դաշնամուրի համար, հնչեց ռուս արտիստների մեկնաբանմամբ: Այդտեղ կատարվեց նաեւ կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆեւի թոռան՝ նույն անուն-ազգանունը կրող բանաստեղծի խոսքերով «Ես» ստեղծագործությունս՝ գրված սոպրանոյի եւ դաշնամուրի համար: Այդ կատարմանը ներկա էր անվանի կոմպոզիտորի թոռնուհին՝ Աստրիտ Պրոկոֆեւը: Առաջիկայում լույս կտեսնի «Ինքնություն» գործիս տպագրված պարտիտուրը, որի նախաձեռնողներն են մեր Կոմպոզիտորների միությունն ու ARmusic հրատարակչությունը: Կարճ ասած՝ գոհ եմ եւ Հայաստանում իմ կրթությունից, եւ կարիերայից»: Պատասխանից առաջացած հարցին՝ կրթություն ստանում եք նաեւ արտասահմանո՞ւմ, Արեգնազ Մարտիրոսյանը նշեց, թե այդ վաղեմի երազանքը՝ կրթություն ստանալ արտասահմանում, կորոշվի ընդամենը երկու օրից, իսկ այս ընթացքում օրուգիշեր փնտրում է հովանավոր: Հետո էլ մանրամասնեց. «Ժամանակին, երբ 2-րդ կուրսում էի, ուսանելու հրավեր ստացա Համբուրգից եւ Վիեննայից, բայց կարծում էի դեռ պատրաստ չեմ… Հիմա մեր կոնսերվատորիայի աջակցությամբ ուսանողների փոխանակման ծրագրով հենց նախօրեին տեղեկացվել եմ, որ ընդունվել եմ Շվեյցարիայի Լյուցեռնի երաժշտական բարձրագույն համալսարան, ճանաչված պրոֆեսոր Դիթեր Ամմաննիի դասարան: Սա նշանակում է, որ հաղթահարել եմ անցողիկ շեմը, բայց փոխանակման ծրագիրը անվճար ուսում առնելու հնարավորություն է տալիս, իսկ կեցության հարցը խնդիր է… Ժամեր են մնացել, բայց ես հույս ունեմ… Եվրոպայում ուսանելու ցանկությունս մեծ է մեկ պատճառով՝ որպեսզի վերադառնամ եւ Հայաստանում իմ մասնաբաժինն ունենամ հայ ժամանակակից երաժշտարվեստի զարգացման ոլորտում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

19.12.2018    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31