Պատվերի պակաս չկա, մասնագետի կարիք ունենք
«Ռենդերֆորեսթ» ընկերության տեխնիկական ղեկավար Էդգար Մարուքյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. ՀՀ-ում ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Մեր հիմնական խնդիրներից է կադրերի քիչ լինելը, կրթական ռեսուրսի ցածր լինելը: Չես հասկանում, եթե մարդը ավարտել է տվյալ կուրսը, կարող ես ակնկալել որոշակի մակարդակ, թե՝ ոչ: Եթե մեզ մոտ գալիս են մաթեմատիկայի ֆակուլտետի կամ պոլիտեխնիկի 50 ուսանող, որոնցից 43-ը չի կարողանում բացատրել պարզ թիվը, ինչո՞ւ է նա հնարավորություն ունեցել ավարտելու: Իմաստը ո՞րն է այդ համալսարանների, որ նման շրջանավարտներ պետք է տան: Կան, իհարկե ուսանողներ, որ շատ լավ որակներ ունեն ու գիտական աշխատություններով են զբաղված, բայց նրանց թիվը փոքր է: Այսօր բիզնեսը զբաղվում է երիտասարդներին կրթություն տալով, որովհետեւ համալսարան չկա, համալսարանն էլ զբաղվում է բիզնեսով՝ դիպլոմների վաճառքով…

Մենք փաստում ենք, որ աշխարհում միլիոնավոր, Հայաստանում էլ հազարավոր թափուր աշխատատեղեր կան: Հստակ պետք է արձանագրել պատվերի պակաս չկա, աշխատուժի, մասնագետի կարիք ունենք: Մենք անընդհատ խոսում ենք , որ խոշոր կազմակերպություններ պետք է բերել Հայաստան: Բայց չէ որ այդ կազմակերպությունը կգա եւ կբախվի խնդրի, չի կարողանա փոքր թիմ հավաքել…Այդ նույն ընկերությունը գիտի, որ Վիետնամում տարեկան ավարտում են հարյուրավոր մասնագետներ, ակնհայտ է , որ նա այնտեղ է գնալու եւ ոչ մեր երկիր: Պետության դերը պետք է լինի կրթական խնդիրների լուծումը եւ այդ դեպքում գուցեեւ այդ արհեստական խնդիրները էլ չլինեն:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն


















































