Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի  մարզի Սիսիանի  նստավայրի դատավոր Իգնատ Բեգլարյանի  «տարօրինակ»  վճիռը 

Հունվար 06,2019 15:43

Կամ  դատավորի գալիք Նոր տարվա «նվերը» 65-ը (կենսաթոշակի տարիքը) լրացած դասախոսներին, ամբիոնների վարիչներին, դեկաններին, ռեկտորներին, ուսուցիչներին, դպրոցների տնօրեններին և մյուսներին…

Ընթերցողներին  հայտնի  է,  որ  ես  12.07.2018թ.  թվագրությամբ  հայցադիմում  եմ  ներկայացրել  Սյունիքի  մարզի ընդհանուր իրավասության  դատարան  վերացնելու  ԳՊՀ  ռեկտորի  իմ  նկատմամբ  կայացված  երկու  ապօրինի  ակտերը՝  իմ  թեկնածությունն  իրավագիտության  ամբիոնի  վարիչի  տեղի  համար  մերժելու  որոշումը  և  ինձ  խիստ  նկատողություն  հայտարարելու  մասին  հրամանը:  Սիսիանի  նստավայրի  դատավոր  Ի. Բեգլարյանն  իմ  առաջին  հայցապահանջը  մերժել  է,  իսկ  երկրորդը  բավարարել՝  իր  27.12.2018թ.  վճռով: Քանի  որ  վճիռը  (դատական  գործ  N: ՍԴ 1/0385/02/18)  կա  նաև  համացանցում,  ուստի  որոշեցի  դրա  վերաբերյալ  իմ  մի  քանի  նկատառումները  ներկայացնել:

Դատարանը,  ավելի  ճիշտ  Սյունիքի  մարզի ընդհանուր իրավասության առաջին

ատյանի դատարանի  դատավոր  պ-ն  Իգնատ Բեգլարյանը,  ճիշտ  չի  ընկալել,  իմ  կարծիքով, տպավորությամբ, «խտրականություն»  եզրույթը՝  թե՛  լեզվական  և  թե՛  իրավական  առումով: Խտրականության  ընկալման  դատարանի  տրամաբանությունը  հանգում  է  հետևյալին.  եթե  օր.՝ մաշկի  գույնի  գործոնը , որպես մարդկանց  միջև  տարբերության  հատկանիշ  (խտրականություն)  կիրառվում  է  կամ  կիրառվել  է  ոչ  թե  մեկ  կոնկրետ  նեգր  անձնավորության՝  անհատի  նկատմամբ,  այլ  ամբողջ՝  բոլոր  նեգրերի  նկատմամբ,  ապա  դա  խտրականություն  չէ… Պատկերացնո՞ւմ  եք  օր.՝  ամերիկյան  դատարանն  իր  վճռի  հիմքում  նման  դատողություն  դներ…  Եթե  ՀՀ  Սահմանադրության  29-րդ  հոդվածում,  որը  կրում  է.  «Խտրականության  արգելքը»  վերնագիրը,  որպես  խտրականության  չափանիշ՝  այն  արգելելու  իմաստով,  մատնանշվում  է  տարիքը,  իսկ  նույնն  աշխատանքային  հարաբերություններում՝  ՀՀ  Աշխատանքային  օրենսգիրքը  և  այն  կիրառվել  է  ոչ  միայն  Թելունցի,  այլև  ամբիոնի  վարիչների  մյուս թեկնածուների  նկատմամբ,  ամբողջ  ԳՊՀ-ի՝ նրա  պրոֆեսորադասախոսական  կազմի  նկատմամբ,  ուրեմն  դա  Թելունցի  նկատմամբ  խտրականություն  չէ… Այսպիսի  տրամաբանությունը՝  «ակնհայտ  սխալ  դատողությունը»  գուցե  հասկանալի  լիներ  ստրկատիրական  Հռոմում  կամ  ամերիկյան  նեգրերի  նկատմամբ  18-19-րդ  դարերում,  բայց  21-րդ  դարո՞ւմ…  (Խելքդ  սիրեմ  դատավոր  ջան…):

ՀՀ  Սահմանադրական  դատարանն իր  24 փետրվարի  2009թ.  որոշման  մեջ  շատ  հստակ  ամրագրել  է  այն  սկզբունքը,  որ  տարիքային  գործոնի  կիրառումն  աշխատանքային  հարաբերություններում  խտրականություն  է,  որն  արգելված  է՝  անթույլատրելի  է  համարվել  ՀՀ  Սահմանադրության  14.1-րդ  հոդվածով  (2005թ.  փոփոխություններով  Սահմանադրությամբ,  գործող  Սահմանադրության  29-րդ  հոդվածով):

Հիշատակելով  ՀՀ  Սահմանադրությունը,  ՀՀ-ն  կողմից  վավերացված  Եվրոպական  սոցիալական  խարտիան,  Սահմանադրական  դատարանն  իր  որոշման  մեջ նաև  գրում  է.  «Վերոհիշյալից  երևում  է,  որ  միջազգային  պրակտիկայում  ընդունված  սկզբունք  է  աշխատանքային  հարաբերություններում  տարիքային  խտրականության  վերացումը»  (Տե՛ս  ՀՀ  ՊՏ,  11 մարտի  2009թ., N 14 (680),  էջ  65):

ՍԴ-ի  հիշյալ  որոշումը,  որի  մասին  հիշատակված  է  նաև  վճռում,  տրամադրվել  է  նաև  դատարանին՝  դատավորն  այն  «կցել  է  գործին»,  բայց,  հավանաբար,  «չի կարդացել»   և  դրան,  ինչպես  նաև  իմ  մատնանշած  մյուս  իրավական՝  ներպետական  և  միջազգային  ակտերին,  չի  անդրադարձել… դրա  փոխարեն  ղեկավարվել  է  «իր  Սահմանադրությամբ»՝  ԳՊՀ-ը  ամբիոնի  վարիչի  ընտրության  25.11.2009թ.  ընդունված  «Կարգ»-ով  և  խտրականության իր  պատկերացմամբ… Արդյունքը  եղել  է  գործող  օրենսդրության՝  Սահմանադրության,  Աշխատանքային  օրենսգրքի,  ՍԴ-ի  որոշման,  միջազգային  իրավական  ակտերի  ոչ  ճիշտ  ըմբռնումն  ու  սխալ  կիրառումը՝  դրանով իսկ,  մասնավորապես՝  նյութական  իրավունքի  նորմերի  պահանջների  կոպիտ  խախտումը,  այդ  հիմքի  վրա,  բնականաբար,  նաև իմ  իրավունքի  և  օրինական  շահերի  կոպիտ  խախտումը՝  ոտնահարումը:

Դատարանի  վերը  մատնանշված  այդպիսի  ընկալումը  գուցե  որևէ  կերպ  կարելի  էր  հանդուրժելի  համարել.  օր.՝  Դանիել  Դեֆոյի  հայտնի  «Ռոբինզոն  Կրուզո»  վեպի  հերոս  Ուրբաթի,  կամ  Նոր  Զելանդիան  հայտնաբերած  ծովագնաց  Ջեյմս  Կուկի  (1728-1779)  ժամանակների  վերաբերմամբ,  բայց  այսօր… «Կեցցե  կատուն,  որ  իր  փորի  համար  մուկ  է  որսում»…

Եթե  ԳՊՀ  ռեկտորն  ու  ԳՊՀ  ներքին  հակաիրավական  (տարիքային  խտրականության  առումով)  ակտը  խտրականություն  են  դրսևորել  և  դրսևորում  ոչ  միայն  Թելունցի  նկատմամբ,  այլև  մի  ամբողջ  սոցիալական  խմբի՝  ՀՀ  բազմաթիվ  քաղաքացիների  նկատմամբ,  ապա   դա  ոչ  թե  արդարացնում  է  նրանց,  այլ  ավելի  ծանրացնում  նրանց  մեղքը՝  մարդու  սահմանադրական,  աշխատանքային  իրավունքի  աղաղակող,  լկտի  ոտնահարումը…  (Դա  նաև  քրեորեն  պատժելի   արարք  է՝  նախատեսված  ՀՀ  քր. օր.  143-րդ  հոդվածով):

Ցավում  եմ,  որ  իմ  բարեկամ,  ոստիկանության  երկարամյա  աշխատող,  երկարամյա  դատավոր,  ազատամարտիկ,  տևական  ժամանակ  մեր  «բարեկամ»  թուրք-թաթարների  մոտ  պատանդի  վիճակում  գտնված՝  այսինքն  տառապանքներ,  չարչարանքներ  կրած,  հարգարժան  պ-ն  Բեգլարյանն  այս  տարրական  բանը  կամա,  թե  ակամա  անտեսել  է:

Բացատրեմ  նորից.  ՀՀ  գործող  Աշխատանքային  օրենսգրքի  3-րդ  հոդվածի           1-ին  մասի  3-րդ կետի  համաձայն  սեռը,  ռասան,  ազգությունը,  տարիքը  և  նույն  կետում  նշված  մյուս  գործոնները՝  գործնական  հատկանիշների  հետ  չկապված,  որպես  չափանիշներ  կիրառելն  անթույլատրելի  են՝  դա  խտրականություն  է: Սա  բխում  է  նաև  ՀՀ  Սահմանադրության  29-րդ  հոդվածից՝ «Խտրականության  արգելքը»,  ՀՀ  Սահմանադրական  դատարանի  24.02.2009թ.,  մեր  մատնանշած,  հայտնի  որոշում-մեկնաբանությունից  (տարիքի  հետ  կապված),  միջազգային  իրավական  ակտերից: Ես  զարմանում  եմ,  որ  դատավորն  օրենքները  հիշատակում է,  բայց  կարծես  թե  չի  ընկալում  դրանց  իսկական  իմաստն  ու  բնականաբար  ճիշտ  չի  կիրառում  դրանք (եթե,  իհարկե,  ինչ-ինչ  նկատառումներից  ելնելով  միտումնավոր  չի  դա  արել  կամ  անում… Չեմ  ուզում  հավատալ,  բայց  եթե  դատավորը  գիտակցաբար  ակնհայտ  անարդար,  անօրինական  դատական  ակտ  է  կայացնում,  լրիվ  կամ  մասնակի,  ապա  դա  քրեորեն  պատժելի  արարք  է,  իսկ  եթե  պարզապես  չի  հասկանում  օրենքը,  այն  էլ  ակնհայտ  պարզ,  ապա  այդպիսի  պաշտոնում  գտնվելն  առնվազն  տարակուսելի  է…): Չի  կարելի  անտեսել  նաև  այն  հանգամանքը,  որ  դատարանի  նման  որոշման  հետ  կապված  ոտնահարվում  են  ոչ  միայն  սոսկ  մի  անհատի՝  իմ,  այլև  մարդկանց  մի  նկատելի  զանգվածի  իրավունքներն  ու  օրինական  շահերը:

Ես  հասկանում  եմ,  և  հավանաբար  բոլորը,  կամ  շատերն  են  հասկանում,  որ  իմ  թեկնածությունն  ամբիոնի  վարիչի  տեղի  համար  մերժելու  ռեկտորի  որոշման  վերացումը  պ-ն  ռեկտորի  համար  ճակատագրական  նշանակություն  կարող  էր  ունենալ,  քանզի՝  ա) նախ,  որովհետև,  միայն  իմ  իրավունքը  չէ,  որ  խախտվել է.  ինչպես  դատարանի  վճռի  մեջ  է  նշվել՝  այդ  խտրականությունը  միայն  Թելունցի  նկատմամբ  չի  եղել՝  թույլ  տրվել…

բ) դա  ռեկտորի  ընդհանուր  ոչ  իրավաչափ  գործելակերպի, քաղաքականության,   ի  դեպ,  որը  տանում  է  բուհի  կազմալուծման,  կարևորագույն  մասն  է,  և  պ-ն  ռեկտորն  ամեն  ինչ  պետք է  աներ՝  թեկուզ  «կյանքի  գնով»,  որ  ինքը  «ճիշտ  դուրս  գար»… հակառակ  դեպքում  իմ  այդ  օրինական  պահանջի  բավարարումը  մահացու  հարված  կլիներ  նրան  (թեպետ  փոքր-ինչ  անգամ  չեմ  կասկածում,  որ  այդ  հարվածը  կլինի,  բայց  այս  անգամ  անհամեմատ  ավելի  ծանր  հետևանքներով…).  Ինչպես  տեսնում  եք,  դատավորն  էլ  ընդառաջ  է  գնացել… Ի  դեպ,  ընդառաջել  է  ոչ  միայն  այդ  հարցում,  այլև  նրանում,  որ  թույլ  չտվեց  իմ  միջնորդությամբ  որպես  վկա  հրավիրված  ռեկտորին  հարցեր  տալ,  պատճառաբանելով,  որ  տրվելիք  հարցերին,  չնայած  չգիտեր (բացի  իմ  միջնորդության  մեջ  նշվածից), թե  ինչ  հարցեր  պետք  է  տայի,  ԳՊՀ  լիազոր-ներկայացուցիչներ  Ճարոյանն  ու  Մարությանն  արդեն  պատասխանել  են.  թե  լիազոր-ներկայացուցիչն  ինչպես  կարող  է  փոխարինել  վկային  տարօրինակ  է՝  «Սիսիանյան  էկզոտիկա»… Ի  դեպ,  դատարանն  իր  վճռում  իրականությունն  այնպես  է  ներկայացրել,  թե  ես  իբրև  «կամովին  հրաժարվել  եմ»  պ-ն  Ղուկասյանին  հարցեր  տալուց… Ես,  իհարկե,  կարող  եմ  վերաքննիչ  բողոք  բերել  (մի  6  ամիս  էլ  կամ  ավելի,  Վերաքննիչ,  Վճռաբեկ,  Սահմանադրական,  Եվրոդատարաններում  քարշ  կգանք  պր.  Ղուկասյանի  և  Բեգլարյանի  շնորհիվ…),  բայց  ինչ  իմանամ  արդյո՞ք  էլի  մեկին  չենք  հանդիպի  («ռաստ չենք  գա»),  որը  գույներից  միայն  սևն  ու  սպիտակը  գիտի,  կամ  դրանք  էլ  կարգին  իրարից  չի  ջոկում…

Վճռում  պ-ն  դատավորը  «խտրականություն»  բառի  իր  մեկնաբանությունն  է  արել  (անշուշտ  ապրիորի)  առանց  որևէ  իրավական  ակտի  կամ  պաշտոնեական  մեկնաբանության  հիշատակման,  ընդսմին  անտեսելով  նաև  ՀՀ  ՍԴ-ի  հայտնի  որոշումը,  մինչդեռ  ակնհայտ  է,  որ  այս  դեպքում  նա  պարտավոր  էր  օգտվել  ՀՀ  Սահմանադրության  169-րդ  հոդվածի  4-րդ  կետով  և  ՀՀ  քաղաքացիական  դատավարության  օրենսգրքի  157-րդ  հոդվածի  1-ին  մասի  8-րդ  կետով  վերապահված  իրավունքից  և  դիմել  Սահմանադրական  դատարան  ԳՊՀ  «Ամբիոնի  վարիչի  ընտրության  կարգ»-ի՝  ներքին  իրավական  ակտի  սահմանադրականության  հարցը  ճշտելու: Ավելին՝  ամբողջ  6 ամսյա  դատական  նիստերի  ժամանակ  կողմերից ոչ  մեկին պարզաբանման  համար  հարց  չի  տրվել,  թե  ինչպես  պետք  է  հասկանալ  խտրականությունը.  այդ  առնչությամբ  նույնիսկ  քննարկման  առարկա  չի  դարձրել  իմ  13.12.2018թ.  թվագրությամբ  ՀՀ  քաղ. դատ. օր.  32, 152, 178  հ. հ.  կարգով  ներկայացված,  14.12.2018թ.  դատական  նիստում  դատարանին  և  պատասխանող  կողմից  հանձնված  միջնորդությունը,  որն,  ի  դեպ,  քաղ. դատ. օր.  152-րդ  հոդվածի  պահանջի  կոպիտ  խախտում  է: Դատարանը  (դատավորը)  նույնիսկ  տարրական  հարցեր  չի  առաջադրում  պատասխանող  կողմի  ներկայացուցիչ,  իմ  օրինական  պարզաբանումները  շանտաժ  համարող, Հ. Ճարոյանին՝  նրա  ակնհայտ  կեղծ  «փաստարկներին»՝  օր.՝  նրա  այն  ակնհայտ  սուտ  հայտարարությունը,  թե  իբրև  2008թ.  ինձ  նկատողություն  է  հայտարարվել,  կամ  որ  իմ  և  մի  շարք  այլ  անձանց  ամբիոնի  վարիչի  պաշտոններից  ազատելուց  հետո  նշանակվել  են  երիտասարդ  գիտնականներ՝  մինչդեռ  այսօր   ոչ  մի  երիտասարդ  գիտնական  չկա  ԳՊՀ  իրավագիտության  կամ  պատմության  ամբիոններում.  ավելին՝ հայտնի  էլ  չէ,  թե  ամբիոնն  ինչ  վիճակում  է  այսօր… Ի  դեպ,  ԳՊՀ  ներկայացուցիչ-փաստաբան  պ-ն  Հակոբ  Ճարոյանի  վերաբերյալ  մի  փոքր  «ընկերական  շարժ».  երբ  դատարանի  Գորիսի  նստավայրում  հայցվոր  կողմը  մի  «անմեղ»  փաստաթուղթ  ներկայացրեց,  որին  կարելի  էր  ծանոթանալ   մեկ-երկու  րոպեում,  պ-ն  Ճարոյանը  մեկ  շաբաթ  ժամանակ  խնդրեց՝  հայտարարելով,  որ  իր  ինտելեկտը  չի  հերիքում,  թեպետ  դա  կարծես  թե  ճիշտ  է,  այնուամենայնիվ,  տարօրինակ  է… ,   իսկ  մարզային  դատարանի  Սիսիանի  նստավայրում  իմ  հայցով  դատաքննության  ժամանակ,  երբ  ես  զարմանք  հայտնեցի, թե  ինչպե՞ս  կարող  էր  ինքը՝  պ-ն  Ճարոյանը,   որպես  իրավաբան  (նաև  փաստաբան)  նման  պատասխան  (ԳՊՀ-ի  «Պատասխանն»  իմ  հայցադիմումին)  ներկայացնել.  ասաց  ես  իրավաբան  չեմ՝  մաթեմատիկոս  եմ.  ափսոս  դատական  նիստերը  չէին  ձայնագրվում՝  էկզոտիկ  բաներ  էլի  կային…

Ընդհանրապես  այս  վճիռն  ամբողջությամբ  վերցրած  լուրջ  մտորումների  տեղիք  է  տալիս՝  օր.՝  դատարանը  (դատավորը.  դատարան  բառի  ամբողջական  ընկալման  տեսակետից  առաջին  ատյանի  դատարան  չունենք,  կան  միայն  «դատարան  կոչվող  դատավորներ»…)  ամբողջական  հատվածներ  է  բերում  իմ  խոսքերից,  միջնորդություններից  ևն,  ներկայացնում  իմ  փաստարկները,  որոնք  նույնիսկ  ոչ  իրավաբանի  համար  ակնհայտորեն  ճիշտ  են, ոչ  բարդ,  ընկալելի,  բայց  կարծես  թե  չհասկանալով  վերջում  ուրիշ  հետևությունների  է  հանգում…  օր.՝  մեջբերելով  իմ  խոսքը  (փոխաբերական  առումով,  ակնառու  դարձնելու  համար),  այն  մասին,  որ  «Վոլգա գետը  թափվում  է  Կասպից  ծովը»,  դրանից  հետևեցնում  է,  որ  «Վոլգա գետը  թափվում  է  Միջերկրական  ծովը»… Կամ՝    ամբիոնի  վարիչի  համար  իմ  թեկնածությունը  մերժելու  որոշման  հիմքում  ընկած  խտրականության  վերաբերյալ  իմ  իրավական  և  մյուս  փաստարկները  ներկայացնելով՝  հիշատակելով  ՀՀ  Սահմանադրությունը,  Աշխատանքային  օրենսգիրքը  ևն,  այդպես  էլ  չի  ասում,  թե  իմ  փաստարկները  սխա՞լ  են, թե  ոչ,  եթե սխալ  են,  ապա  ինչո՞ւմ,  ինչո՞վ… Ես  դատարանին  ասել  եմ,  հիմա  էլ  եմ  ասում.  «Եթե  դուք  ապացուցեք,  որ  ԳՊՀ-ի  ներքին  իրավական  ակտը  (25.11.2009թ.  «Կարգ»-ը)  ավելի  մեծ  իրավաբանական  ուժ  ունի,  քան  Սահմանադրությունը,  Աշխատանքային  օրենսգիրքը  ևն,  ապա  ես  կհրաժարվեմ  իմ  հայցապահանջից»,  բայց  ոչ  դատավորը  և  ոչ  էլ  պատասխանող կողմը  չեն  ապացուցում՝  չեն  էլ  կարող…,  և  չնայած  դրան  իմ  օրինական  պահանջը  մերժում  են…»

Քանի  որ  համացանցում  կա  դատարանի  27.12.2018թ.  վճիռը, նաև  համացանցում  է  տեղադրված  իմ  հայցադիմումը  և մի  շարք այլ նյութեր,  իսկ  դատարանում  իմ  խոսքն  ամբողջությամբ  մեջբերվել  է  վճռում,  ուստի  կուզենայի,  որ  մեր  իրավաբաններն  իրենց  կարծիքը  կամ  կարծիքները  հայտնեին  իմ  հայցապահանջի  մերժման  (որպես  ամբիոնի  վարիչի  թեկնածությունը  մերժելու  մասով)  վերաբերյալ.  դա  շատ  քաղաքացիների  կարող  է  հետաքրքրել:

Դատավորի  այս  «ուշագրավ»  վճռից  ինձ  մոտ  այն  տպավորությունն  է  ստեղծվել,  որ  պ-ն  Բեգլարյանը  մեծ  սիրով  կմերժեր  նաև  իմ  մյուս  հայցապահանջը  կամ  հայցի  երկրորդ  պահանջը՝ «կարգապահական  տույժի»  վերաբերյալ,  բայց  գերադասել  է  «դիվանագիտական  մոտեցումը»՝  մեկ  է  առանց  այդ  էլ դատարանի  կողմից  Թելունցի առաջին  պահանջի  մերժումն  ակնհայտ  ապօրինի  է,  երկրորդը գոնե բավարարեմ՝  մի  քիչ  վիճակը  մեղմացնեմ,  համ  էլ  փորձեմ  կասկածանքներն  ինձնից  ցրել… նկատողության  եղած  չեղածը  մեկ  է…, կարևորն  այն  է,  որ  Թելունցը  հանկարծ  նորից  չգնա  ամբիոնի  վարիչ  (թեպետ  անկախ  դատարանի  վճռից  նման  ցանկություն  չունեի  և այսօր՝  այս  պահին  էլ  չունեմ),   պ-ն  Ղուկասյանի,  և  գուցե  էլի  ինչ-որ  մարդկանց,  տրամադրությունը  գցի՝  «կայֆը  խանգարի»… Սա՝  դատավորի  նման  մոտեցումը,  թեկուզ  և  պարզամիտ  («գյուղական»),  բայց  և  տարողունակ  մոտեցում  է…

Անշուշտ, ողբերգություն  չկա՝  քիչ  չեն  այն  դեպքերը,  երբ  դատարաններն  անարդարացի,  հակաօրինական ու  աչառու  որոշումներ,  դատավճիռներ,  վճիռներ  են  կայացնում. փույթ  չէ՝  վերադաս  ատյաններ  կան,  գուցե  նրանք  ուղղեն  ստորադասի  սխալները.  ցավալին  այն  է,  որ  եթե  ԳՊՀ-ում   օր.՝  չեն  հասկացել  օրենքը  կամ  այն  կիրառել են  կամայականորեն,  դա  էլի  ինչ-որ  չափով  հանդուրժելի  է.  բայց  երբ  իրավաբանը,  այն  էլ  դատավորը  չի  հասկանում,  իմ  կարծիքով,  օրենքը  (ի  դեպ,  ես  միշտ  էլ  կասկածել  եմ,  որ  պ-ն Բեգլարյանը  չի  ընկալում  իմ  առաջին  պահանջը՝  մասնավորապես  «խտրականության»  իմաստն  ու  նշանակությունը…),  կամ  այն  կիրառում  է  աչառու  ձևով՝  սքողված  կամ  անսքող  ինչ-որ  շահերից  ելնելով,  դա  արդեն  իրոք  ողբերգություն  է.  չէ  որ  հարյուրավոր,  հազարավոր  մարդիկ  հենց  դատարանից  են  արդարություն  ակնկալում…

Ինչ  որ  է,  տեսնենք  Վերաքննիչ,  Վճռաբեկ,  Սահմանադրական  դատարաններն  ու   Եվրոդատարանը  (եթե  բանը  դրան  հասնի), ինչ  կասեն  (Չնայած  այդքան ժամանակում  կարող  է,  որ.  «Յա  էշը  սատկի,  յա  իշատերը…».  Ինչ  անես,  ժողովրդական  առածն  է  ասում.  «Մի  հիմար  քարը  գցում  է  ջուրը,  հարյուր  խելոք  չեն  կարողանում  հանել…»):

Ի  դեպ,  օգտվելով  առիթից  նաև  նշեմ,   իրավաբանական  խորհրդատվության  համար,  որ  ոչ  ոքի՝  լինի  նա  դասախոս,  ամբիոնի  վարիչ,  ուսուցիչ,  տնօրեն  ևն,  իրավունք  չունեն  ազատել  աշխատանքից  «տարիքն  անցնելու»,  «թոշակի  տարիքի  հասած  լինելու»  և  նման  այլ  պատճառաբանությամբ. թոշակի,  կենսաթոշակի  գնալը,  անցնելը  մարդու,  քաղաքացու  իրավունքն  է  և  ոչ  թե  պարտականությունը: Եթե  նույնիսկ  մարդու  80-90 տարին  լրացել  է,  դու  նրան  չես  կարող  ազատել  աշխատանքից  կամ  աշխատանքային  իրավահարաբերություն-ներում  տարբեր  հարցերով  մերժել  նրան  տարիքի  պատճառով,  տարիքի  վկայակոչմամբ.  բայց,  եթե  նման  կամ  այլ  որոշակի  տարիքի  հասած  անձը՝  օր.՝  այդ  80-90  տարեկանը  տարիքային  կամ  այլ  կենսաբանական-ֆիզիկական  և  այլ՝  բնական  կամ  սոցիալական  պատճառներով  լրիվ  կամ  մասնակի  կորցրել  է  իր գործնական  հատկանիշները,  չի  կարող  իրականացնել,   համաչափ  ու  իրավաչափ  (նորմալ),  իր՝  իրեն  վերապահված,  աշխատանքային  պարտականությունները,  գործառույթները,  ապա  այդ  դեպքում  կարող  է  քննարկման  դրվել  նրան  ազատելու  հարցը  այդ  հիմքով  (ոչ  թե  տարիքի  վկայակոչմամբ).  օրենքով  նախատեսված  կարգով: Այնպես  որ  ինչ-որ  մեկի  քմահաճույքով՝  «չարաբաստիկ  օպտիմալացման»  և  այլ  «հիմքերով»  կամ  այլ  «բարի  նպատակներով»  ու  առիթներով  մարդկանց  ազատումը,  ոչ  հազվադեպ,  զանգվածաբար,  հակաիրավական  ու  հակասոցիալական  է: Այդպիսի  դեպքերում՝  ազատումներ,  կամայական  կրճատումներ,  «վերակազմավորումներ»  ևն,  համապատասխան  անհատական  իրավական  ակտը  (ազատման  մասին  հրաման  ևն)  ստանալուց  հետո  երկու  ամսվա  ընթացքում  (որոշ  հարցերով  մեկամսյա  ժամկետում)  քաղաքացին  կարող  է՝  իրավունք  ունի,  դիմել  դատարան՝  հայցելով  իր  իրավունքների  պաշտպանությունը  (ՀՀ  Աշխատանքային  օրենսգիրք,  Երևան,  2018, հոդված  265):

Մի  բան  էլ.  երևի  ոչ  մեկի  մտքով  չի  անցնում,  որ  իմ  հայցով,  պայքարով  ոչ  թե  իմ  (արդեն  ասել  եմ,  որ  իմ  «ուշքը  չի  գնում»  ԳՊՀ-ում  ամբիոնի  վարիչ  աշխատելու.  թեպետ  հայտնի  երկխոսության  «հերոս»  դպրոցականի  խոսքի  կտրվածքով  ասած.  «Ասենք  հիմա  արդեն  այնտեղ,  էլ  ո՞ւր  է  ամբիոն…»)  կամ  ոչ  միայն  իմ,  այլև  բազմաթիվ  մարդկանց,  քաղաքացիների՝  ոչ  միայն  ԳՊՀ-ում,  Գորիսում  կամ  Սյունիքում,  իրավունքներն  ու  օրինական  շահերը,  իրավունքի  շահերն  եմ  պաշտպանում,  և  ճիշտ  կլիներ,  որ  այս  հարցով  մյուսներն  էլ,  այս  կամ  այն  պատեհ   առիթով  աջակցություն  ցույց  տային:

Միաժամանակ  այս  պատեհ,  թե  անպատեհ  առիթն  օգտագործելով,  իմ  ընթերցողներին,  մեր  ժողովրդին,  շնորհավորում  եմ  գալիք  Նոր  տարվա  կապակցությամբ,  մաղթելով  ամենայն  բարիք  (Իսկ  պարոն  Բեգլարյանին  նաև  ցանկանում,  որ  սա  նրա  վերջին  փորձանքը  լինի…):

Առայժմ  այսքանը.

Մալիկ  Միրաքի  Թելունց,  իրավագետ,  իրավագիտության  դոցենտ.

ԳՊՀ  իրավագիտության  ամբիոնի  նախկին  վարիչ

Սյունիքի  մարզ, գ. Խնձորեսկ

28.12.2018թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031