ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի քննադատությունը՝ մարզպետների վերջին պարգեւատրումների մասին, հակազդեցության արժանացավ: Մասնավորաբար՝ Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը անդրադառնալով նախկին մարզպետի՝ ներկայիս մարզպետների հասցեին հնչեցրած քննադատությանը, հիշեցրել էր եւ փաստաթուղթ հրապարակել, որ Սերգեյ Բագրատյանը 2010-2011թթ-ին մարզպետարանի այլ աշխատակիցների հետ պարգեւատրել է նաեւ ինքն իրեն:

Ինչ վերաբերվում է իրեն հասցեագրված քննադատությանը, մեր զրուցակիցն ասաց. «Եթե մենք այսօր հղում ենք անում նախկինում կատարվածին, ուրեմն էլ ո՞րն էր հեղափոխության, իշխանափոխության իմաստը: Ապա՝ երկու-երեք ամսվա աշխատանքի արդյունքում մեկ տարվա պարգեւավճար տալը խնդրահարույց է, ինչպես նաեւ տասներեքերորդ աշխատավարձը պետք է առավելագույնը մեկ դրույքաչափ լինի, բայց ինչպես տեսանք՝ 104-105, անգամ 150 տոկոսի են հասել պարգեւավճարները: Իսկ ժամանակին իմ պարգեւատրման մասով էլ ասեմ, որ երբ աշխատակազմը ներկայացրել էր 115 հազար պարգեւավճարը, ասել եմ, որ դա փոխանցեն անապահով ազատամարտիկների ընտանիքներին: Ասել են, որ մենք ուղիղ փոխանցման իրավունք չունենք: Ես անձամբ ստացել եմ եւ փոխանցել եմ ազատամարտիկների անապահով ընտանիքներին՝ իբրեւ ամանորյա ծախսերի լրացուցիչ գումար»:

«Իսկապես չէի պատասխանի, եթե իմանայի, որ իրենք հասկացել են իմ խոսքը որպես ավագ ընկերոջ խորհուրդ»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:
Պատգամավորը մեզ հետ հեռախոսազրույցում վստահեցրեց, որ պատրաստ է նաեւ հրապարակել ազատամարտիկների ընտանիքներին փոխանցված 115 հազարի անդորրագրերը:
Ավելի ուշ մեզ հետ զրույցում այդ գումարի՝ ազատամարտիկների ընտանիքներին փոխանցելը հաստատեց նաեւ Նորագավիթի Երդվյալներ ջոկատի հրամանատար, գնդապետ Վահան Վարդանյանը: Գումարները փոխանցվել են հենց այդ ջոկատի ազատամարտիկների ընտանիքներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































