Լիլիթ Հովսեփյանը սովորում է Լոռու մարզի Դեբեդ համայնքի միջնակարգ դպրոցում: 11-րդ դասարանի աշակերտուհին գոհ է դպրոցում ստացած կրթությունից: Արդեն նաեւ որոշել է՝ պատրաստվում է ապագա դաստիարակ դառնալ, կրթությունը կշարունակի Վանաձորի պետական համալսարանում՝ նախադպրոցական բաժնում. «Դպրոցում ստացած կրթությունից չեմ դժգոհում, լավ կրթություն ենք ստանում: Որ առարկաները շատ եմ սիրում, այդ դասերն ինձ համար հետաքրքիր են անցնում: Ուսուցիչների հետ մասին փորձում ենք այնպես անենք, որ այդ 45 րոպեի ընթացքում ինչ-որ բան սովորենք»:



Վերջին տարիներին այն վերանորոգվել է դպրոցի միջոցներով ու բարերարների օգնությամբ. «Մեր ուժերով սանհանգույցը վերանորոգեցինք, հիմա էլ ուզում ենք ջեռուցման համակարգ քաշել: Դպրոցին ԱՄՆ-ից իր օգնությունն է ցուցաբերում Եսմայիլյան ընտանիքը, այս պահին գումարի կեսն են հավաքել, մի քիչ էլ մենք ենք ներդնում անելու եւ ջեռուցման համակարգ կունենանք: Հիմա դասասենյակները գազի վառարաններով են ջեռուցվում, որոնք էլ պիտանի չեն: Այդ մի հարցը կարելի է ասել կիսով չափ լուծված է: COAF-ի օգնությամբ դասասենյակներ ենք ստեղծել, խոհանոց ունենք: Շինարարության ընթացքում բոլոր ֆիզիկական աշխատանքները կատարել ենք մենք՝ սկսած ինձնից, ուսուցիչները, ծնողները, ով ինչով կարողացել օգնել է»,- ասում է Դեբեդի միջնակարգ դպրոցի տնօրեն Զավեն Խաչատրյանը:

Դպրոցի խնդիրներով բազմիցս են դիմել ենք պատկան մարմիններին, սակայն այն մինչ օրս գործում է նույն պայմաններում. «Տարիներ առաջ մարզադահլիճի համար դիմել ենք մարզպետարան, ասել են՝ մեծ գումարներ են անհրաժեշտ: Ասել են կտեսնենք, հնարավորության դեպքում կանենք, բայց միչեւ հիմա ոչինչ չի արվել: Տանիքի համար էլ տարիներ առաջ դիմել եմ, առաջարկել են ուրիշ դպրոցի փոխած հին շիֆերը, ես էլ հրաժարվել եմ: Եթե ես պետք է շենքի տարբեր ծայրերում մի 2 հատ շիֆեր փոխելու համար, 15 հատ շիֆեր տրորելով անցնեմ, դա պետք չէ: Այդ կերպ հարցը մենք տեղում էլ կարող ենք լուծել, բայց դա հարց լուծում չէ»,- ասում է տնօրենը:
Տաք եղանակներին դպրոցում դասերն անցնում են նախատեսվածի պես, մինչդեռ նույնը չի կարելի ասել անձրեւային օրերի մասին. «Անձրեւների ժամանակ տանիքից կաթում է: Դրա հետեւանքով քայքայվում է նաեւ շենքի երկրորդ հարկի միջանցքը, դասասենյակները: Ստեղծված իրավիճակը խանգարում է դասապրոցեսին: Անձրեւի ժամանակ, երբ ջուրը լցվում է դասարան, ավտոմատ սկսվում է խառնաշփոթ իրավիճակ: Աշակերտները փորձում են սեղաններն ու աթոռները տեղափոխեն ավելի չոր վայր, որ կարողանան դասերը շարունակեն»,- ասում է Դեբեդի համայնքապետ Աշոտ Ղազարյանն ու շարունակում, որ միայն համայնքի բյոջեով խնդիրը լուծում չի ստանա, գումարը շատ մեծ է. «Միայն մեր միջոցներով բացառվում է, որ կկարողանանք վերանորոգել: Տարեկան 19 միլիոն դրամ է կազմում մեր բյուջեն, որով կարողանում ենք պահել՝ մանկապարտեզ, մշակույթի տուն, աշխատակազմ, նաեւ ծնվող երեխաներին ու ընտանիքի անդամի մահվան դեպքում ենք գումար տրամադրում: Բացի այդ փորձում ենք նաեւ այդ միջոցներից ներդրումներ անենք, ծրագրեր իրականացնենք: Եթե համատեղ լինի, որ մի քիչ մարզպետարանը գումար տրամադրի, մի քիչ բարեգործներն աջակցեն, մի որոշ մաս էլ համայնքը կտրամադրի՝ կվերանորոգենք»:
Իսկ թե ե՞րբ կվերանորոգվի 1971 թվականին կառուցված 1.200 քառ. մետր մակերեսով երկհարկանի շինությունը, դեռ պարզ չէ: Միայն հստակ է այն, որ այս դպրոցի երեխաները նույնպես ուզում են սովորել ավելի հարմարավետ, ավելի տաք ու լուսավոր դպրոցում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Զրուցակիցներիս լուսանկարներն՝ իրենց ֆեյսբուքյան էջերից:



















































