Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածված մոլորություն

Փետրվար 02,2019 10:00

Ավելի քան 25 տարի առաջ, երբ կյանքումս առաջին եւ վերջին անգամ պետական ծառայության մեջ էի, պատահում էր՝ պաշտոնյաները մի բան էին ասում, հետո փոշմանում էին իրենց ասածի համար եւ զանգում էին ինձ՝ խնդրելով «կանգնեցնել ինֆորմացիան»: Կարծես տեղեկատվությունը մի գնդակ է կամ քար, որը հնարավոր է օդում բռնել եւ հետ ուղարկել: Այդպիսի պատկերացումը մոլորություն էր անգամ 1992 թվականին, երբ Հայաստանում համացանց չկար: Դա առավել եւս մոլորություն է այսօր:

Տեղեկատվության միջոցների բազմազանության մեջ հնարավոր չէ կանգնեցնել դրա հոսքը՝ ազդելով այս կամ այն լրատվամիջոցի վրա: Նախորդ իշխանությունն, օրինակ, արգելափակել էր իր մասին բացասական տեղեկատվությունը հեռուստաեթերում: Ի՞նչ է, դա օգնե՞ց նրանց իշխանության մնալ:

Նման անիրագործելի խնդիր է իր աշխատակիցների առաջ դրել ռուսաստանցի մեծահարուստ Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոնը): Նա, ըստ երեւույթին, ցանկացել է ամբողջ համացանցից հեռացնել իր մասին բոլոր տեսակի բացասական (կամ, իր կարծիքով, բացասական) հիշատակումները: Որպես գործիք ընտրվել են Մոսկվայի դատարանները, որոնց դատավարություններից մենք որեւէ տեղեկություն չունենք, իսկ որպես պատրվակ՝ «անձնական տվյալների հրապարակումը»: Եվ ահա այդ մեղադրանքով ՌԴ տարածքում օրերս արգելափակվել է aravot-ru.am կայքը: Ըստ դատարանի եւ «Ռոսկոմնադզորի»՝ Թաթուլյանի «անձնական տվյալներ» են հրապարակվել մեկ տարի առաջ լույս տեսած՝ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի ճեպազրույցի մասին մեր ռեպորտաժում:

Ստիպված եմ հիշեցնել, թե ինչ է ասել «Առավոտի»՝ խնդրո առարկա հրապարակման մեջ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան Ռուբեն Թաթուլյանի մասին. «Գիտեք, մարդկանց պետք է նախ բազմակողմանի դիտարկել, քննարկել: Ինքը նաեւ դրական դեր էլ է կատարում: Վերջիվերջո, Սոչիում կա հսկայական հայ համայնք, խնդիրներ են առաջանում նաեւ համայնքի հետ կապված: Ինքը շատ հաճախ էդ խնդիրը կարողանում է… էդ եկեք ֆիքսենք: Իսկ ինչ վերաբերում է խորհրդականին, նա այլեւս խորհրդական չէ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է Շավարշ Քոչարյանը եւ հիշեցրել` ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ նա այլեւս նախարարի խորհրդական չէ, բացի այդ էլ, եղել է արտահաստիքային խորհրդական: Ահա նման արտահայտություններն են, որ հիմք դարձան Մոսկվայի դատարանի որոշման համար:

Ասացեք, խնդրեմ, Ռուբեն Թաթուլյանի ո՞ր անձնական տվյալներն է հրապարակել փոխարտգործնախարարը: Պարզ է, կարծում եմ, որ իրականում խոսքը մեր, ռուսաստանցի, ընդհանրապես հետխորհրդային պաշտոնյաների եւ մեծահարուստների վերը նկարագրված մոլորության մասին է. նրանք կարծում են, որ արգելափակելով որեւէ լրատվամիջոց՝ հնարավոր է արգելափակել նաեւ իրենց մասին անցանկալի տեղեկատվությունը, եւ դրանից իրենց վարկը, հեղինակությունը, պատիվը կբարձրանան: «Առավոտի» դեմ դատարանի որոշման մեջ ես որեւէ քաղաքականություն չեմ տեսնում: Տեսնում եմ միայն մեր հայրենակցի կողմից իրավիճակի սխալ գնահատականը, որը բխում է տեղեկատվական հոսքերի մասին պատրանքներից:

Բացարձակապես չեմ վրդովվում ու չեմ նեղվում դրանից։ Ընդամենը կարեկցում եմ Ռոբսոնին, որն իր ժամանակը, նյարդերը եւ փողերը ծախսում է մանր քինախնդրության վրա: Դա ցուցիչ է ներքին խռովության, որը, հուսով եմ, կանցնի:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այժմու բարդ կացութեան մէջ, կարելի է մտածել որ այդ ամէնը թերեւս պատրուակ է միայն, մինչ այլ, քաղաքական պատճառներ կան որ Ռուսաստանում արգելափակուած է aravot-ru.am-ը: Երկու յօդուածագիրներ ունիք որոնք, յախուռն ու շեշտակի կերպով, տեւաբար հակա-ռուսական յօդուածներ կը հրատարակեն:

  2. Հ.Շ. says:

    ( Խնդրեմ, սխալ չհասկնաք, ոչ մէկ ձեւով չեմ արդարացնում այդ գրաքննութիւնը, հայկական թերթի մը դէմ: Եթէ Ռուսաստանը ինքզինք զօրեղ կը նկատէ, կարիքը չունի դիմելու այդպիսի անվայել միջոցներու: Իսկ եթէ մտահոգ են Հայաստանում հակա-ռուսական հոսանքներու այժմու ընթացքով, մամուլը «սանձելով» չէ որ բան պիտի փոխուի, cheap shot մըն է այդ: Պարզապէս, եթէ այդ է այս խնդրին մէջ իրենց մղումը, բաւական մտահոգիչ է որ այդ կէտին հասած ենք արդէն: )

  3. Քաղաքացի says:

    Կարծում եմ զայրանալու, առավել ևս, զարմանալու առիթ չկա: Ռուսաստան-Հայաստան երկրները, ոչ հեռավոր անցյալում, երկվորյակ եղբայրներ էին համակարգային առումով, տարբերությամբ մաշտաբների և ազգաբնակչության mental construction. Մենք այդպիսի՞ բաներ ենք տեսել: Շատ պարզ հարցով ես ըմբոշխնել եմ մեր դատաիրավական համակարգը վարից-վեր՝ Առաջին ատյանի դատարան, Վերաքննիչ դատարան և վերջապես Վճռաբեկ դատարան: Որպես ՀՀ քաղաքացի փաստում եմ, որ հիմնականում, բոլորովին կապ չունի, թե ինչն է քո հայցի նյութը, կապ ունի միայն այն անձը, որը կանգնած է քո թիկունքում կամ դրամը, ավելի ճիշտ, այդ դրամի քանակը: Aravot.am –ի դեպքում աշխատում է նույն սցենարը՝ հայցվորը մեծահարուստ է, դատարանները կոռումպացված, ուստի արդյունքը՝ կանխատեսելի, զարմանալին կլիներ հակառակը: Ռուսաստանը սեփական ժողովրդի հանդեպ ունի նույն վերաբերմունքը: Կարծում եմ, քաղաքական երանգներ փնտրել պետք չէ, չնայած չի բացառվում: Այժմ, երբ Ռուսաստանը հսկայական ճնշման օղակում է, նա շատ ավելի զգուշավոր է իր դրսևորումներում, սակայն նրա համար բոլոր տեսակի փոփոխությունները իր ազդեցության տակ գտնվող երկրներում շատ անցանկալի են: Մենք էլ պետք է զգուշավոր լինենք, փորձելով կամաց-կամաց առաջ տանել մեր շահերը, որովհետև այլևս նահանջելու ոչ տեղ ունենք, ոչ էլ բան ունենք:

  4. Հ.Շ. says:

    Տասը ամիսներէ ի վեր, անդադար եւ կանոնաւորապէս , տարբեր աստիճանի եւ տարբեր տեսակի «ազդարարութիւններ» տալիս է Ռուսաստանը:

     Ամէն անգամ՝ զանոնք անտեսելը, minimize կամ brush off ընելը, «չէ, չէ՜, բան չկա՜յ… ամէն բան նորմալ ա»-ի կեցուածքը, հաւանաբար ամենախոհեմ մօտեցումները չեն:
    Իսկ այդ ուղղութեամբ իշխանութեան հաւաստիացումները թէ ի՞նչ է եղել, իրօք բան չկայ, իրենք շատ ել լաւ յարաբերութիւններ ունեն Մոսկուայի հետ, կը մնան մակերեսային խօսքի, ակնյայտօրէն դիւանագիտական թատրոնի մակարդակի վրայ միայն: Մանաւանդ որ այս նիւթին մէջ չէ որ իշխանութիւնը իր լոկ խօսքերը շփոթում է հաստատ ու շօշափելի, անհերքելի իրականութեան հետ: (Ամէն դէպքում, այս նիւթի կապակցութեամբ, այդ խօսքերից իսկ մէկ մասը բաւական երկդիմի են, ambiguous են…)
     
    Ասիկա, բառացիօրէն, կրակի հետ խաղալ է: Եւ վերջին պահին միայն զարթնիլը այս պարագային կը նշանակէ թէ ռումբերու պայթումի հնչիւնները պիտի ունենայ ժամացոյցին զանգակը, եւ երկարատեւ քունի ծայրը սուրճի բուրմունքով չէ որ պիտի դիմաւորուինք, այլ հոծ վառոդի հեղձուցիչ հոտն է որ կը սպասէ մեզ, դեռ կէս-բաց, շուարած աչքերով:
     
    Ամէն առաւօտ որ Առավոտը կը բանամ, սիրտս ուղղակի կը տրոփէ, եւ կ’ակընկալեմ որ բացուող էջին ամենավերեւը պիտի տեսնեմ յանկարծ այդ լայն, կապոյտ, անսովոր եւ ահարկու բաժինը,  որու միջոցաւ Ապրիլ 2016-ին կը հաղորդուէին պատերազմի տագնապալից լուրերը:
     
    Մեծն Տակնուվրայութեան սկիզբի ամիսները, այսպիսի արտայայտութիւնները դատարկ, կեղծ ու մարտավարական ահազանգներ են, ըսին ոմանք: Ակնյայտ իրողութիւնները անգամ շինծու լուր որակուեցան: Սակայն հիմա, այս պահէ ետք, որեւէ տրամաբանութիւն չկայ որ այս սոսկալի մտահոգութիւնը անուղղամիտ լինի: Վտանգը չափազանց լուրջ է, եւ աղէտը՝ շատ հաւանական: Այլեւս ու այս ընթացքով, լայնածաւալ պատերազմը գրեթէ ստոյգ հեռանկար է: «Եթէ»-ն չէ այլեւս հարցը, այլ «երբ»ը, եւ նաեւ՝ ի՞նչ տարողութեամբ:

  5. Հ.Շ. says:

    Ատեցէք զիս, եթէ կ’ուզէք, ով որ ուզէ, ատեցէք առանց վերապահութեան, սակայն այստեղ խօսում ենք Հայաստանի եւ Արցախի ճակատագրի մասին, խղճի հարց կայ, եւ պարտաւոր ենք լինելու անկեղծ: Եւ ոչ մէկերնիս միւսին տարրական խելացութիւնը, տարրական բանիմացութիւնը թող չթերագնահատէ:

    Առավոտի նկատմամբ Մոսկուայի այս շատ մտահոգիչ կեցուածքին մէջ, իսկապէս ամբողջովին աննշա՞ն կը նկատուի Ռուբեն Մեհրաբյանի եւ Էմմա Գաբրիելյանի խստօրէն հակառուս, տեւական եւ երկարապատուն յօդուածները, յաճախ երկու լեզուներով: Իսկ այն իրողութիւնը որ նաեւ, գոնէ ժամանակ մը, Առավոտի աշխատակազմի անդամ մը նաեւ անդամ էր ԲՀՀ-ի հայաստանեան մասնաճիւղի վարչական կազմի՞ն…

    Այս տուեալները ո՛չ մէկ ձեւով կապ չունի՞ն Ռուսաստանում Առավոտի արգելափակման հետ: Այն յատուկ պահին երբ երկիրը հակում ունի անզուսպ կերպով սահելու դէպի Արեւմուտք, ապա դէպի ՆԱՏՕ: Ի գին ամէն բանի…

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա

    • Հ.Շ. says:

      Միեւնոյն պատրուակով, Ռուսաստանի յաջորդ թիրախը այն առցանց թերթն է որ, միայն 2017-ին, $210,000.00 ստացած է ԲՀՀ-ի հայաստանեան մասնաճիւղէն:
      http://www.osf.am/about-company/grants-lists/2017/   (էջ 3)
       
      Մինչ ԲՀՀ-ն ինքնին դուրս դրուած է Ռուսաստանէն: Այդ երկրի սահմանադրական համակարգի եւ պետական անվտանգութեան վերաբերող նկատառումներով:
      https://philanthropynewsdigest.org/news/open-society-foundations-banned-from-russia
       
      Աննշան զուգադիպութիւններ, վստահաբար…

      Չի բացառվում որ Հայաստանում նախկին վարչակարգը «խնայելու» համար է որ մինչեւ օրս Մոսկուան այս քայլերը չէր առներ: Իսկ հիմա արդէն, հետզհետէ բացայայտ բախումի տրամաբանութեան մէջ ենք…

      Չափազանց, չափազանց մտահոգիչ իրադարձութիւններ են ասոնք…

  6. Քաղաքացի says:

    Հարգելի Հայդուկ Շամլեան
    Հասկանում եմ Ձեր մտահոգությունները, հեռվից նրանք էլ ավելի տագնապալի են: Ձեր ձևակերպումը ձիշտ է ՝ «Վտանգը չափազանց լուրջ է, եւ աղէտը՝ շատ հաւանական: Այլեւս ու այս ընթացքով, լայնածաւալ պատերազմը գրեթէ ստոյգ հեռանկար է: «Եթէ»-ն չէ այլեւս հարցը, այլ «երբ»ը, եւ նաեւ՝ ի՞նչ տարողութեամբ:» Ստեղծված իրավիճակում անհայտները այնքան շատ են, որ ստույգ կանխատեսել որև է բան շատ դժվար է: Միակ հայտնի և անփոփոխ բանը, որը քիչ թե շատ կախված է միայն մեզանից, դա այն է, որ մենք պետք է տնտեսապես ուժեղանանք և հնարավորինս զինվենք: Ռուսաստանի համար այս կոնֆլիկտը տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու հնարավորություն է: Դա հասկանում են և Ադրբեջանում, և Հայաստանում: Հայաստանում ռուսամետները շատ են, սակայն 2016թ իրադարձություններից հետո, երբ 18 տարեկան երեխաները կիսազինված, իրենց կյանքի գնով պահեցին տարածքները և դրանց հաջորդող ժողովրդի ընդվզումից հետո, բոլորի համար ամեն ինչ պարզ դարձավ: Ռուսաստանի համար սա հերթական փորձ էր լուծել իր ընթացիկ քաղաքական խնդիրները թուրքերի հետ, և հերթական անգամ հայերի հաշվին, իսկ մեզ համար դա ճակատագրական պահ էր: Ռուսաստանը հասկացավ, որ կանգնած է Հայաստանը կորցնելու շեմին, իսկ մենք հասկացանք, որ պետք է հույսներս դնենք ինքներս մեզ վրա: Հասկացանք, որ մենք էլ լծակ ունենք և պետք է կարողանանք օգտագործել այդ լծակները: Այստեղ արդեն մեր կառավարիչներից էր կախված, ինչքանով նրանք կկարողանան մանեվրել: Առաջինը ՝ հողերը հանձնելով, երկրորդը՝ Հայաստանի բոլոր կարևորագույն ռեսուրսները վաճառելով, իսկ երրորդը՝ մի կերպ ձգելով: Նիկոլը ամեն առավոտյան «Հայր մեր…»-ի փոխարեն կրկնում է, որ մենք հավատարիմ ենք և փորձում բանակցային դաշտ վերադարձնել Արցախը, որը դուրս էր մղվել երկրորդ նախագահի ժամանակ: Դա շատ ճիշտ քայլ է, սակայն հարկավոր է գնալ առաջ: Այս առումով հետաքրքիր է Լևոն Շիրինյանի մեկնաբանությունները:
    https://www.youtube.com/watch?v=-FEMLOVRGFE

    • Հ.Շ. says:

      Թէ՝ Ռուսաստանը դիտումնաւոր կերպով է որ վերջ չի դնում Արցախեան պատերազմին – ի նպաստ Հայաստանին -, սա լուրջի առնուելիք վարկած է, նոյնիսկ հաւանականութիւն է:

      Թոյլ տուէք որ ուրեմն առաջարկեմ երեք հնարաւոր բացատրութիւններ, այդ խիստ իրականանման վարկածի նկատմամբ՝

      1) Հայաստանը, ինք, ի վիճակի չէ այդպիսի լուծման մը իր բաժինը գործադրելու, եւ Ռուսաստանի չի կարող այդ բաժինն ալ ինք ստանձնել:

      2) Հայաստանը Ռուսաստանի համար այնքան հաստատ, կայուն եւ վստահելի դաշնակից մը չէ, որպէսզի Ռուսաստանը Հայաստանի համար վնասէ իր յարաբերութիւնները բազմաթիւ այլ երկիրներու հետ, որոնք առարկայականօրէն շատ աւելի հետաքրքրական են քան թէ Հայաստանը:

      3) Ռուսաստանը Արցախի Հիմնախնդրի լուծումը ձգձգում է, որպէսզի այդ կերպով կարենայ Հայաստանը պահել որպէս իր դաշնակիցը, քանի որ այլապէս, Հայաստանի իրեն համար հաստատ, կայուն եւ վստահելի դաշնակից մը չէ, եւ հենց որ Արցախի խնդիրը վերջ գտնէ, Հայաստանը արդէն հեռանալու է իրմէ, միանալու համար Արեւմուտքին:

      Իսկ եկէք նաեւ չփոթենք քաջ լինելը, նոյնիսկ որոշ չափով անվախ լինելը, իրականութիւնից անջատուած լինելու հետ, կամ նոյնիսկ ինքնասպանութեան հետ – հակում մը յատկապէս ունին հերոս դառնալ ուզողները – :

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728