Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրավիրվել էր քննարկման:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցրեց՝ շատ դատապարտյալներ հասցնում են զղջալ, փոխվել, բայց ներման չեն հասնում, ներման ինստիտուտը ինչո՞ւ հնարավոր չէ կայացնել մեր երկրում:

Զեյնալյանը պատասխանեց. «Ներում շնորհում է նախագահը՝ վարչապետի ներկայացումով: Սա ներքին համոզման, անհատական մոտեցում է, սուբյեկտիվ է: Կա ներման հանձնաժողով, որը խորհրդակցական մարմին է, իր որոշումն է տալիս ներելու, ինչ չափով ներելու, դա քննարկում է վարչապետը, ներկայացնում է նախագահին: Դա միանձնյա հայեցողություն է, չենք կարող միջամտել»:
Ստեփան Գրիգորյանի եւ մյուս դատապարտյալների վերաբերյալ՝ նա ասաց, որ մենք 100 հազար բնակչի հաշվով չափազանց շատ ցմահ դատապարտյալ ունենք: Մարդիկ կան, որ 27 տարի ապրում են՝ խիստ ռեժիմով: Նա ասաց, որ փոփոխություններ են անելու, որ ցմահ դատապարտյալները արժանանան ռեժիմի փոփոխությանը իրենց վարքով՝ ընդհուպ հասնեն բաց ռեժիմի, կարող են գնալ արձակուրդի՝ մինչեւ 6 ամսով: Սրանով կհասկանան, թե նրանք որքանո՞վ են ուղղվել, որքանո՞վ են հասարակական հարաբերություններն ընդունում: Ցմահ ազատազրկվածները 20 տարին լրանալուց հետո կարող են դիմել պայմանական վաղաժամկետ ազատման:
Թագուհի Թովմասյանը նաեւ հարցրեց՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մի շարք աղմկահարույց գործերի մասով ՄԻԵԴ-ում դուք եք լինելու՝ ԱՆ-ն, հետեւո՞ւմ եք այդ գործերին, որ չունենանք պարտություններ: Զեյնալյանը պատասխանեց՝ «Մենք ոչ թե պետք է աշխատենք պարտություններ չունենանք, այլ մենք ամեն ինչ պիտի անենք՝ մարդու իրավունքների խախտում չունենանք, իսկ եթե ՄԻԵԴ-ում գործը լինի, դա ակցիա չէ՝ ընդդեմ ՀՀ-ի, դրանով հարստացվում է իրավունքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































