Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան գաղտնազերծում ԱՄՆ-ից

Փետրվար 28,2019 12:00

«Լավրովի պլանի» գոյությունը փաստեց ԵԱՀԿ Մինսկի խմբում արդեն երկրորդ համանախագահը

Դեռ անցյալ տարի հոկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնի՝ «Սառեցված հակամարտություններ եւ Կրեմլի օրակարգը» թեմայով բանավեճի ընթացքում խոսել էր ԼՂ կարգավորման գործընթացում Վաշինգտոնի հետաքրքրությունների մասին եւ ուշագրավ գաղտնազերծում էր արել:

Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ են, արդյոք, ռուս խաղաղարարները դառնալ հնարավոր խաղաղապահ ուժերի մի մասը, Ուորլիքը պարզաբանել էր, որ գոյություն ունի ջենթլմենական համաձայնություն, որը, նրա կարծիքով, երբեք չի գրանցվել որեւէ փաստաթղթում։ Նա նշել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը համաձայնել է, որ համանախագահող կամ նրանց հարեւան երկրներից որեւէ մեկը չի կարող խաղաղարար առաքելության մաս լինել։ Այնուհետեւ Ուորլիքը նշել էր, որ ղարաբաղյան հակամարտության դեպքում Մոսկվան չունի հակամարտությունն ինքնուրույն լուծելու իրավունք։ Ի տարբերություն այլ հակամարտությունների՝ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը Ղարաբաղում ընդհանուր հետաքրքրություն ունեն՝ անկայուն իրավիճակն ու ռազմական գործողությունները չեն համապատասխանում երկրներից որեւէ մեկի շահերին։ «Այն պլանը, որ պարոն Լավրովը ներկայացրեց, այնքան էլ տարբեր չէ կարգավորման այն տարբերակից, որ մենք կնստեինք ու կմշակեինք խաղաղության պայմանագրի համար»,-հայտարարել էր Ուորլիքը։

Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դիվանագետ դեսպան Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի Ձայն»-ին բացառիկ հարցազրույց է տվել, որում եւս անդրադարձել է «Լավրովի պլանին»՝ ներկայացնելով իր անձնական կարծիքը: «Մենք գիտենք, որ առկա է այն, ինչը Մինսկի գործընթացում անվանում են սեղանի վրա եղած ծրագիր: Դա, այսպես ասած, գաղտնաբառ է, որով մենք այժմ անվանում ենք շատ պարզ ծրագիր, որն անվանում են նաեւ «Լավրովի ծրագիր», որովհետեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով այս խնդրին չափազանց ուշադիր է հետեւում, գիտի խնդրի բոլոր մանրամասնությունները, հենց նա է այն անձը, ով գրել է այդ առաջարկությունները՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեկընդմիշտ կարգավորելու համար: Կան մարդիկ, որոնց հետ ես խոսել եմ եւ որոնք լավատեղյակ են այս հարցում, ովքեր հոռետես են եւ կասկածում են, որ Կրեմլը իրականում թույլ կտա կարգավորել այս խնդիրը: Պետք է նայեք տարածաշրջանի մյուս հակամարտություններին՝ Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, այժմ նաեւ՝ Ուկրաինայում: Ոմանք կարծում են, որ Կրեմլը չի ցանկանում, որ այս հակամարտությունները կարգավորվեն, որովհետեւ, եթե դրանք կարգավորվեն, իրենք կկորցնեն ազդեցությունը: Իսկ ազդեցությունն այն է, ինչը Կրեմլում ցանկանում են պահպանել առավել շատ: Եթե հիշում եք, Վլադիմիր Պուտինն՝ ինքը հայտարարել էր, որ տարածաշրջանը Ռուսաստանի հատուկ շահերի ոլորտն է, իսկ մի քանի անգամ նույնիսկ ասել է, որ տարածաշրջանը Ռուսաստանի բացառիկ ազդեցության գոտին է, ինչը նշանակում է, որ այլեւս ոչ ոք իրավունք չունի այնտեղ լինելու: Այդ պատճառով կարծում եմ, որ հիմնական որոշումը այս հարցում երեւի թե Մոսկվայում է գտնվում»,- ասել է նա:

Լրագրողի ճշգրտող հարցին՝ ինչո՞վ է «Լավրովի ծրագիրը» տարբերվում «Մադրիդյան սկզբունքներից», Հոգլանդը պարզաբանել է. «Այն արմատապես չի տարբերվում, սակայն առաջարկում է հանրաքվե Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, այդ թվում՝ եւ ներքին տեղահանվածներին, ովքեր այժմ Բաքվի շուրջ են բնակվում: Այս պահին երկու կողմերն էլ չեն ընդունել այդ ծրագիրը այն պատճառով, որ այդ հանրաքվեի ժամկետը սահմանված չէ: Դա մի հանրաքվե է, որը պետք է անցնի անորոշ ապագայում: Դա նշանակում է, որ կողմերին կպահանջվի որոշակի դիվանագիտական վստահություն, սակայն հենց հիմա Երեւանն ու Բաքուն ցանկանում են, որ սահմանված լինի հանրաքվեի ստույգ օրը»:

Նկատենք, որ ապրիլյան պատերազմից հետո տեւական ժամանակ համառ խոսակցություններ էին շրջանառվում «Լավրովի պլանի» գոյության մասին, սակայն պաշտոնական Երեւանը հետեւողականորեն հերքում էր այդ խոսակցությունները: Ահա, արդեն ամերիկացի երկրորդ համանախագահն է հաստատել «Լավրովի պլանի» առկայությունը: Թե ինչո՞ւ էր պաշտոնական Երեւանը հերքում դրա գոյությունը, թերեւս, դրա պատասխանը շատ պարզ է, ուրեմն այդ պլանը հայկական կողմի համար այն աստիճան անընդունելի է եղել, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը գերադասել է դրա մասին խոսակցություններն ուղղակի մոռացության տալ՝ մերժելով ապրիլյան պատերազմից հետո Մոսկվայի առաջարկած «Լավրովի պլանը»: Ավելին՝ Հոգլանդն, ինչպես նկատում ենք, գաղտնազերծել է անգամ «Լավրովի պլանի» որոշ ուշագրավ նրբերանգներ:

Ինչ վերաբերում է Ռիչարդ Հոգլանդի ծավալուն հարցազրույցի մյուս դրվագներին, ուշագրավ է Հայաստանի իշխանությունների կողմից ազդանշանների վերաբերյալ հարցը: «Հայացք գցենք նոր վարչապետի վրա. Նիկոլ Փաշինյանը նոր սերնդի գործիչ է, որին ընտրել է նոր սերունդը: Կարծում եմ, Հայաստանի քաղաքացիները նրան ընտրել են, քանի որ ցանկանում են, որ իրենց երկիրը այլ ուղղություններով զարգանա, դա բազմաթիվ ոլորտների է վերաբերում, ոչ միայն Ղարաբաղին: Սակայն կա եւս մի կարեւոր հանգամանք: Բազմաթիվ տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի առաջնորդը ղարաբաղցի չէ: Այսպիսով, նա պետք է չափազանց զգույշ լինի եւ եթե նախատեսում է լուրջ փոփոխություններ կատարել, պետք է դրանք քայլ առ քայլ անի, քանի որ հակառակ կողմում կան մարդիկ, ովքեր նրան դեմ են եւ ովքեր կհարվածեն, եթե նա շատ արագ եւ շատ արմատական գործի: Ուստի, կարծում եմ, զգույշ, քայլ առ քայլ մոտեցումը շատ խելացի գործելաոճ է: Քայլ առ քայլ գործելու դեպքում կարող ես հաղորդել տարբեր ազդանշաններ»,- ասում է Հոգլանդը:
Քայլ առ քայլ ասելով՝ նկատի ունե՞ք գործելաոճը, ոչ թե հակամարտության կարգավորման ուղին, հարցնում է լրագրողը: «Այո, խոսքը գործելաոճի մասին է: Եկեք հիշենք, ինչպես տարիներ առաջ Տեր-Պետրոսյանը ցանկանում էր արմատական փոփոխություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի քաղաքականության մեջ: Եվ ընդհանուր կարծիքն այն է, որ նա գործեց չափազանց արագ: Այդ պատճառով չկարողացավ մնալ իր պաշտոնին»,- նկատում է Հոգլանդը:

Ըստ էության, Հոգլանդը Փաշինյանի «գործելաոճ» ասելով նկատի ունի այն ակնկալիքները, կամ ինչպես ընդունված է ասել՝ «համարձակ քայլերը», որոնք հայկական կողմից սպասում է միջազգային հանրությունը:

Գալով հարցին, թե տարիներ առաջ այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նշում էր, որ տարածքները կարող են վերադարձվել անվտանգության երաշխիքների դիմաց, այսինքն՝ հայկական կողմը նշում էր նաեւ, որ այդ շրջաններն անվտանգության գոտի են, Հոգլանդը հավելում է. «Այո, բայց այսպես ասենք՝ դա այն ժամանակ էր, իսկ ներկան այլ է: Այնպես որ, եկեք լավատես մնանք եւ հուսանք, որ երկու կողմերը՝ Բաքուն ու Երեւանն այս հնարավորությունը կդիտարկեն, քանի որ դրա հանգուցալուծման ուղիներ կան: Բազմաթիվ միջազգային ծրագրեր եւ առաջարկություններ: Երբեմն կողմերը շատ մոտ են լինում: Հնարավոր է հիշեք Քի Ուեսթի գագաթաժողովը, որտեղ բոլորը չափազանց լավատես էին, սակայն, վերջին վայրկյանին, ամենավերջին վայրկյանին այն չհաջողվեց: Այդ պատճառով եմ ասում, որ անհրաժեշտ է դանդաղ, քայլ առ քայլ գործընթաց, որի ընթացքում երկու կողմերը վստահում են միմյանց: Որովհետեւ, եթե չկա վստահություն, այն երբեք չի աշխատի»:

Թեեւ Հոգլանդը կասկածներ ունի, արդյոք Ռուսաստանը ցանկանում է ԼՂ խնդրի կարգավորում, այնուամենայնիվ, որպես նախկին համանախագահ, նա բավական փակագծեր է բացում, նույնիսկ ավելին է ասում՝ անձնական կարծիք ներկայացնելով:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  27.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728