Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Գարեգին Բաղրամյանը իրանական գազի տարանցման մասին. «Ֆիզիկապես այդ գազը ոչ թե կտեղափոխվի, այլ սվոփ պայմանագիր կլինի՝ մի կետում կստանաս, մյուս կետում կհանձնես». (Տեսանյութ)

Մարտ 05,2019 19:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցից հետո պաշտոնական Երեւանը հայտարարեց՝« Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին այդ հանդիպմանն ասել էր՝ «Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղղությամբ: Պատրաստ ենք նաև եռակողմ համագործակցություն ծավալելու` գազը արտահանելու դեպի Վրաստան»:
Այս հայտարարություններից հետո փորձագետները կասկած էին հայտնում իրանական գազի տարանցման հնարավորության վերաբերյալ. նշում էին՝ դա անպատկերացնելի է, քանի որ մենաշնորհը ռուսական «Գազպրոմինն է», նախկինում էլ նման հայտարարություններ են եղել, սակայն Հայաստանի ենթակառուցվածքները գազի տարանցման՝ սահմանափակ են եւ այլն:

Ինչպե՞ս է իրականացվելու իրանական գազի տարանցումը, արդյոք ենթակառուցվածքները՝ գազատարը հնարավորություն տալիս է, քանի որ նախկինում հայտարարում էին, թե՝ մեծ ծավալներով գազ անհնար է ներմուծել: Aravot.am-ի հետ զրույցում ի պատասխան մեր հարցի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ասաց. «Այսօրվա էներգետիկ շուկայում պարտադիր չէ նոր ենթակառուցվածք կառուցել, որպեսզի գազի տեղափոխում կատարես: Այսինքն՝ մենք կարող ենք եղած ենթակառուցվածքով տեղափոխում անենք: Դա կոչվում է սվոփ պայմանագիր: Այսինքն՝ կարելի է գազի ինչ-որ ծավալ ստանալ Իրանի սահմանին եւ դա հանձնել Վրաստան-Ռուսաստան սահմանին: Այսինքն՝ ֆիզիկապես այդ գազը ոչ թե կտեղափոխվի, այլ սվոփ պայմանագիր կլինի՝ մի կետում կստանաս, մյուս կետում կհանձնես»:

Մեր հարցին՝ դա «Գազպրոմի՞» միջոցով է լինելու, Բաղրամյանը պատասխանեց. «Գազպրոմը» գտնվում է կարգավորման դաշտում, կարգավորման հիմնական կարգերով ինքն ունի տարանցման սակագին եւ բնականաբար, եթե դուք օգտվում եք փոխադրման համակարգից, ինչպես էլեկտրաէներգետիկական համակարգում, վճարում եք փոխադրման գինը, եւ կարող եք տարանցել այդ ապրանքը, այս պարագայում՝ գազը»:

Արդյոք այդ ուղղությամբ արդեն կա՞ն որոշակիություններ, պայմանավորվածություններ, կարծիքներ են հնչում, թե ռուսական կողմը չի համաձայնվի, մենաշնորհ ունի եւ այլն. Այս հարցին ի պատասխան էլ նախարարի պաշտոնակատարն ասաց.«Այստեղ մենաշնորհի խնդիր չէ, այստեղ փոխշահավետ գործարք է: Այսինքն՝ եթե մենք իրանական գազի ինչ-որ ծավալ ենք ուզում տեղափոխել Վրաստան, դա որեւիցե ձեւ չի ազդում ռուսական այսպես ասած «Գազպրոմի» բիզնեսին: Որովհետեւ կա օրինակ՝ իրանական եւ վրացական երկու ընկերությունների պայմանավորվածություն, ինքը՝ «Գազպրոմը» նույնիսկ օգտվում է այն մասով, որ տարանցման գումար է վճարվելու իրեն: Բնականաբար, այդ տարանցման գումարն էլ իր ազդեցությունն է ունենալու մեր սպառողների սակագների վրա, այսինքն՝ որքան լրացուցիչ եկամուտ, եւ այդքան կնվազեն սակագները, եթե լինեն նման գործարքներ: Այստեղ որեւէ կողմ չի տուժում, այլ՝ կարելի է ասել՝ բոլորն օգտվում են: Ռուսական կողմն էլ որեւիցե խնդիր չունի, լրացուցիչ ծավալ է տարանցման տեսանկյունից: Զուտ ֆիզիկապես, եթե նույնիսկ գազատարի հնարավորությունները մեծ չեն, բայց կարող է տարանցում լինել սվոփ պայմանագրերի միջոցով»:

«Հնարավորությունները մեծ չեն» ասելով՝ նախարարի պաշտոնակատարը նկատի ունի, իր խոսքերով ասած՝ որ այդ հնարավորությունները կախված են գործարքների ծավալից. «Այս պահին մենք կարող ենք տարանցել 2-2.5 միլիարդ խմ գազ, եւ սա ֆիզիկապես ոչ թե անցնելու է գազատարով, այլ մի կետում վերցնելու եք, ձեր ընդհանուր պահանջարկը բավարարվելու եք, մյուս կետում ձեզ հասանելիք գազը տրամադրելու եք վրացի գործընկերոջը»:

Իսկ թե երբ նշվածը իրականություն կդառնա, հարցին ի պատասխան Բաղրամյանն ասաց. «Դա արդեն կախված կլինի թե ինչ առաջարկներ…այսինքն՝ պաշտոնական այցի ընթացքում մեկնարկ տրվեց, պատրաստակամությունը հնչեց երկու կողմերի քաղաքական կամքը, որ պատրաստ է նման գործարքներ իրականացնել: Վրացական կողմից միշտ եղել է նման առաջարկ, որ իրենք պատրաստ են եւ հիմա արդեն ավելի կոնկրետ կլինեն բանակցություններ, գնային առաջարկներ, եւ այդ ամենն ավելի կառարկայանա»:

Վերջերս էլ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ ասել էր՝  հնարավորություն կընձեռվի, որպեսզի Իրան-Հայաստան գազամուղով Իրանից ավելի մեծ ծավալով գազ ներմուծենք Հայաստան՝ Վրաստան տարանցելու համար: Ըստ նախարարի, այդ հնարավորությունը միայն դրական կարող է ազդել Հայաստանում եղած ենթակառուցվածքն արդյունավետ օգտագործելու համար: Ըստ Խաչատրյանի, մինչ այս, իրանական գազամուղի կես ներուժն էր օգտագործվում. «Կարծում եմ` այնտեղ կան չօգտագործված ծավալներ: Իմ գործընկերների կողմից հնչեցված կարծիքներից տեղեկանում ենք, որ այսօր եղած հզորությունները թույլ են տալիս առնվազն կրկնապատկել իրանական գազի ծավալները»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Որքան հասկացա, սվոփ պայմանագիր կոչվածը ոչ թե գազի ֆիզիկական ծավալի փոխանցումն է, այլ դրա իմիտացիան, ինչի համար խողովակաշարի հզորության ավելացում չի պահանջվում: Դա նշանակում է, որ մենք կշարունակենք Իրանից ստանալ այնքան գազ, որքան ստանում ենք հիմա՝ փոխարենը վերադարձնելով էլէներգիա, իսկ Վրաստանը «ավելացված» ծավալի գազ կստանա ՌԴ-ից: Բայց այստեղ մի քանի հարց է ծագում. վրացին ինչու պիտի համաձայնվի այդ տարբերակին՝ ՀՀ-ին էլ «տարացման» գումար փոխանցելով, եթե կարող է անմիջապես գազ գնել ՌԴ-ից՝ նման ցանկություն ունենալու դեպքում, և ՌԴ-ն էլ ինչու պիտի «աջ ձեռքով ձախ ականջը քորի», եթե կարող է յոլա գնալ առանց դրա: Երկրորդ հարցը, որ կարող է ծագել, ռուսական և իրանական գազերի որակների և դրանցից կախված՝ գների հարցն է: Երրորդը ադրբեջանական կողմի դիրքորոշումն է և Վրաստանի հետ նրա փոխհարաբերությունը:

  2. Միքայել պետրոսյան says:

    Սրան անվանում են գիլթոզի:
    Աղավաղում է Ռոհանիի ու Փաշինյանի ասածը:
    Զրոյացնում քաղաքական էֆեկտը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031