ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու հրավերով վանաձորցի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանը , Էդմոն Քոչարյանը Տիգրան Մարկոսյանը իրենց դպրոցի տնօրենի ուղեկցությամբ այսօր Երևանում էին, բժշկական համալսարանում:
Ապագա բժիշկներ կրթող հաստատությունում, լսելով տղաների խիզախ արարքի մասին, ցանկություն էին հայտնել ծանոթանալ նրանց, եւ փոքրիկ նվերներ հանձնել: Արմեն Մուրադյանը, բժշկական համալսարանի ուսանողի հետ, պատանի փրկարարներին նվիրեցին բժշկական խալաթներ և անվանական ժամացույցներ:

«Տղաներին այսօր ողջագուրելուց բացի նաեւ պետք է ներշնչել, որ ուրիշի խնդրին, ցավին անտարբեր չլինելն ու վճռական լինելը կարեւորագույն քաղաքացիական պարտք է: Վճռական դրսեւորել այն գիտելիքները, որոնք ստացել են: Տղաներն այսօր ստացան իրենց առաջին խալաթները: Ուրախ եմ, որ ինձ բախտ վիճակվեց այս երեխաներին տեսնել, միգուցե տասնյակ տարիներ հետո նորից հանդիպենք եւ այսօրվա այս խորհրդավոր հանդիպումը իրենց համար եւս լինի հիշարժան»,-ասաց ԵՊԲՀ ռեկտորը:

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել մարտի 3-ին: Տանձուտ գետն ընկած մեքենայի վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել 3 դպրոցականները: Աշակերտները, գտնվելով վթարի վայրում, կարողացել են արագ կողմնորոշվել, անմիջապես կանչել են փրկարարներին և շտապօգնություն և զուգահեռաբար առաջին օգնություն են ցուցաբերել տուժածներին: Նշենք նաև, որ Էդիկը և Էդմոնը դպրոցի փրկարարական ջոկատի անդամներ են:
ԵՊԲՀ լրատվական ծառայություն


















































