Լրահոս
Օրվա լրահոսը

Տանձուտ գետն ընկած մեքենայի վիրավորներին առաջին օգնությունը ցուցաբերած 3 դպրոցականները հայտնեցին, որ դեպքից հետո որոշել են բժիշկ դառնալ

Մարտ 07,2019 23:56

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու հրավերով վանաձորցի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանը , Էդմոն Քոչարյանը Տիգրան Մարկոսյանը իրենց դպրոցի տնօրենի ուղեկցությամբ այսօր Երևանում էին, բժշկական համալսարանում:

Ապագա բժիշկներ կրթող հաստատությունում, լսելով տղաների խիզախ արարքի մասին, ցանկություն էին հայտնել ծանոթանալ նրանց, եւ փոքրիկ նվերներ հանձնել: Արմեն Մուրադյանը, բժշկական համալսարանի ուսանողի հետ, պատանի փրկարարներին նվիրեցին բժշկական խալաթներ և անվանական ժամացույցներ:

Տղաները հայտնեցին, որ դեպքից հետո որոշել են բժիշկ դառնալ:

«Տղաներին այսօր ողջագուրելուց բացի նաեւ պետք է ներշնչել, որ ուրիշի խնդրին, ցավին անտարբեր չլինելն ու վճռական լինելը կարեւորագույն քաղաքացիական պարտք է: Վճռական դրսեւորել այն գիտելիքները, որոնք ստացել են: Տղաներն այսօր ստացան իրենց առաջին խալաթները: Ուրախ եմ, որ ինձ բախտ վիճակվեց այս երեխաներին տեսնել, միգուցե տասնյակ տարիներ հետո նորից հանդիպենք եւ այսօրվա այս խորհրդավոր հանդիպումը իրենց համար եւս լինի հիշարժան»,-ասաց ԵՊԲՀ ռեկտորը:

Արմեն Մուրադյանը տղաներին կոչ արեց, որ եթե իսկապես ուզում են բժիշկ դառնալ, ապա պետք չէ սպասել որեւիցե փորձանքի, որ դրսեւորեն իրենց մարդասիրական մղումները. «Ես 15 տարեկանից եղել եմ հիվանդանոցներում, այնպես որ, իրենք էլ կարող են մտածել այդ ուղղությամբ եւ սկսել մեր ազգաբնակչությանն օգտակար լինել»:

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել մարտի 3-ին: Տանձուտ գետն ընկած մեքենայի վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել 3 դպրոցականները: Աշակերտները, գտնվելով վթարի վայրում, կարողացել են արագ  կողմնորոշվել, անմիջապես կանչել են  փրկարարներին և շտապօգնություն և զուգահեռաբար առաջին օգնություն են ցուցաբերել տուժածներին: Նշենք նաև, որ Էդիկը և Էդմոնը դպրոցի փրկարարական ջոկատի անդամներ են:

 

ԵՊԲՀ լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031