Օրեր առաջ Սևանում մի հարկի տակ հավաքված երիտասարդ ստեղծագործողները, որոնց միավորել էր «Շարժական ART GALLERY» ծրագիրը, ներկայացնում էին մշակութային տարբեր ոլորտներ:
«Շարժական ART GALLERY»-ին իրողություն է դարձել «ԵՄ-ն հանուն երիտասարդության. հմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի և «Սեյվ դը չլիդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության համագործակցությամբ, Եվրամիության ֆինանսավորմամբ: Նպատակն է` նպաստել երիտասարդ արվեստագետների, ստեղծագործողների ինքնաարտահայտմանը, հանրային ճանաչմանը, ինչպես նաև համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը:

Ծրագիրը տալիս է հնարավորություն` դուրս գալու կաղապարներից, մշակելու առավել հետաքրքիր և կրեատիվ գաղափարներ:

Ծրագրի ընթացքում պատրաստված շարժական պատկերասրահի համար նախատեսված պատերը հիմք դարձան մի այլ գաղափարի համար, այն է` արշավ դեպի ցուցահանդես:

Հանդիպման ընթացքում սկիզբ դրվեց ևս մեկ նախաձեռնության, որը ստացավ կրեատիվ անվանում` «Ստեղծագործեմ ստեղծագործությամբ»: Այդ հետաքրքիր գաղափարի հիմքում կարող է լինել գիրք, նկար, լուսանկարչական աշխատանք, ֆիլմ, որը մեկ այլ ստեղծագործության համար դառնալու է նախաբան:
«Գիշերային ցուցահանդես» անունը կրող ձեռնարկն էլ նպատակ ունի երիտասարդ նկարիչների համար բացելու նոր հորիզոններ: Ֆոսֆորով կատարվող աշխատանքները ցուցադրվելու են և ցերեկվա ժամերին, և գիշերը: Նույն նկարի վերաբերյալ ստեղծվելու է երկակի մոտեցում, որը դուրս է լինելու ստանդարտներից:

Ծրագիրը չի շրջանցելու նաև ստեղծագործող պատանիներին: Նախատեսված է երկու ցուցահանդես. ժամանակակից ստեղծագործողների դիմանկարների և ապրիլյոթյան թեմաներով, որի առանցքում են լինելու գարնանային պատկերները, բնանկարները:
Եռակողմ ծրագիրը` «ՕքսԵՋեն» հիմնադրամ-Սևանի համայնքապետարան-««Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ համագործակցությամբ, լավագույն հնարավորություն է` երիտասարդների համար բացելու մի նոր պատուհան ինքնաարտահայտման և հանրայնացման ճանապարհին, ինչպես նաև համայնքային մշակութային կյանքում գրանցելու լուրջ տեղաշարժեր:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ


















































