Ապրիլի 23-ին լրանում է Սերժ Սարգսյանի հրաժարականի մեկ տարին: Իշխանափոխությանը նախորդող մի քանի ամիսներին ակնհայտ էր, որ «Ելք» խմբակցությունը քննադատելով նրան՝ առավել մեղմ էր վերաբերվում վարչապետ Կարեն Կարապետյանին: «Առավոտի» «Առաջին դեմքից» հաղորդաշարին հյուրընկալված «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից նախ հետաքրքրվեցինք՝ արդյոք սա որեւէ պայմանավորվածության հետեւանք չէր: Նա հիշեցրեց, որ կառավարության հետ հարցուպատասխանների ընթացքում Կարեն Կարապետյանին ուղղված իր հարցադրումների պատճառով «որոշ դեպքերում ինձ մեղադրում էին, թե ես ձեռ եմ առնում վարչապետին: Այսինքն՝ շատ սուր քննադատության եմ ենթարկել: Եվ դա հիմնականում կապված էր նրա հետ, որ նա համակերպվում էր իր երկրորդական դերին: Այսինքն՝ ի սկզբանե պայմանավորվածություն էր եղել, որ նա գալիս է՝ լինելու վարչապետը, սակայն արդեն վերջին ամիսներին պարզ էր, որ նա լինելու է երկրորդական դերում, ու Սերժ Սարգսյանը նախապատրաստվում է իր 3-րդ ժամկետին: Եվ ինչու էինք ավելի սուր նախագահի հանդեպ քննադատություններում, որովհետեւ էլի ակնհայտ էր, որ նա ցանկանում է անցնել երրորդ ժամկետի: Եվ «Ելք» դաշինքը հատուկ նիստում, բուռն քննարկումների արդյունքում, կոնսենսուսով որոշում կայացրեց, որ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետին «Ելքը» միաձայն դեմ է ու դրա դեմ պետք է գործողություններ ու քայլեր իրականացնի»: Էդմոն Մարուքյանը ժխտեց. «Կարեն Կարապետյանի հետ որեւէ պայմանավորվածություն չի եղել ու չէր էլ կարող լինել: Ճիշտ է, այդ ժամանակ ինչ որ բամբասանքներ կային, բայց որեւէ պայմանավորվածություն չի եղել»: Հիշեցրեց, որ նաեւ հայտարարել են. «Մեզ համար նույնքան անընդունելի է նույն ցանկից որեւէ այլ հանրապետականի թեկնածություն»:
Մեկ տարի առաջ՝ ապրիլի 3-ին «Առավոտում» հրապարակված «Արագ պարտության եւ երկարատեւ, բայց անխուսափելի հաղթանակի երկընտրանքը» հոդվածում նույնպես Էդմոն Մարուքյանը հիշատակելով «Ելք» դաշինքի այդ որոշման մասին՝ նաեւ գրել էր, թե Սերժ Սարգսյանին միայն մեկ բան կարող է հետ պահել վարչապետ լինելուց՝ վարչապետ դառնալու ցանկության բացակայությունը. «Մենք բազմիցս առիթ ենք ունեցել ասելու, որ չենք հավատում մեր գործընկերների կողմից շրջանառության մեջ դրված այն թեզին, որ ժողովուրդը կարող է թույլ չտալ Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ։ Սա չի նշանակում, որ մենք չենք ցանկանում, որ ժողովուրդը թույլ չտա, ԻՀԱՐԿԵ՝ ՈՉ: Պարզապես մենք ելնում ենք այն իրողությունից, որ ժողովուրդն ուղիղ մեկ տարի առաջ թույլ է տվել Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ»: Էդմոն Մարուքյանը հանգամանալից անդրադարձավ հոդվածի այդ պնդմանը ու մասնավորապես նշեց. «Իմ հոդվածը նաեւ ահազանգ էր առ այն, որ մենք չպետք է նույն մեթոդներով, նույն ձեւերով պայքարենք իշխանության դեմ»: Ըստ նրա՝ «Ոչ ոք չէր հավատում, թե ժողովուրդը կարող է դուրս գալ եւ թույլ չտալ… Հնարավոր է, թե մի 3-4 հոգի հավատացել է»:
Հոդվածից հետո «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արարատ Միրզոյանն արձագանքել էր. «Առնվազն չխանգարելու խոստումը եւ մեզ հաջողության մաղթանքը չէի պատկերացնում այսպես՝ ամեն օր զանազան հարցազրույցներ տալով եւ հուսալքություն քարոզելով, ինչպես նաեւ մեր ենթադրյալ պարտությունը կանխատեսելով»: Էդմոն Մարուքյանը հակադարձեց. «Կարող էինք ասել՝ այսպես չէինք պատկերացնում մեզ հայհոյելը եւ խայտառակ ֆեյքային հարձակման ենթարկելը դրանից հետո»: Թվարկելով, թե ինչ գործունեության էր ծավալել «Լուսավոր Հայաստանը»՝ ի աջակցություն քայլարշավի դուրս եկած իր գործընկերների՝ նա հավելեց. «Մենք մեր բոլոր պայմանավորվածությունները գործընկերների հետ, մեծ հաշվով, պահպանել ենք: Այլ բան է, որ հիմա ուրիշ ժամանակներ են՝ մարդիկ ոչ հիշում են, ոչ ուզում են հիշել, իրենց ինչ պետք է՝ դա են հիշում»:

Կարդացեք նաև
Անդրադարձ եղավ նաեւ կառավարության նախաձեռնություններից մեկին՝«Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» լրացում կատարելու մասին, ըստ որի ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է որպես «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»: Մինչդեռ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության հաղթանակից 10 տարի անց միայն՝ 1927-ին բոլշեւիկների հաղթանակի օրը պաշտոնապես հայտարարվեց տոն: Ու գուցե առանձնակի կարեւորություն էլ չտրվեր արդեն մեկ տարի անց ՀՀ-ում իշխանափոխության օրը նշելու այս նախաձեռնությանը, եթե այն մի համատեքստում չլիներ հեղափոխությունը ֆետիշացնելու եւ անգամ կռապաշտության բազմազան դրսեւորումների հետ: «Կարծում եմ, որ իշխանությունը չպետք է ինքն իրեն մեծարի: Պետք է թողնեին ժամանակ անցներ,- դիտարկումներին ի պատասխան ասաց Էդմոն Մարուքյանը:- Որեւէ խնդիր չեմ տեսնում նշելու, օրը հիշելու, այդ պայքարն արժեւորելու առումով: Փաշինյանի եւ մեր գործընկերների սխրանքը որեւէ մեկը չի կարող ստորադասել: Բայց դա չպիտի իրենք անընդհատ ասեն: Վերջին հաշվով՝ համեստությունն ամենամեծ առաքինությունն է»: Նաեւ նշեց, որ սրա ժամանակը չէր, ու կառավարությունից առավել ակնկալում էր նախաձեռնություններ, որոնք միտված են թոշակների, աշխատավարձերի բարձրացմանը եւ այլն:
Հիշատակեցինք իշխանության ձեռքբերումներից մի քանիսը՝ ըստ վարչապետի բազմիցս արած պնդումների. Հայաստանում կոռուպցիա չկա, օլիգարխներ չկան՝ սեփականատերեր են, մամուլն էլ այնքան ազատ է՝ ինչքան երբեք: Էդմոն Մարուքյանը վիճարկեց այդ պնդումների իսկությունը. «Հայաստանում կոռուպցիա կա, եւ Հայաստանում օլիգարխներ կան, մամուլն էլ բողոքում է, որ ենթարկվում է հարձակումների իշխանության կողմից… Անգամ մամուլի մի միջոց եթե բողոքում է՝ ուրեմն, խնդիր կա»: Ըստ նրա, մի ապացույցը, որ Հայաստանում կա կոռուպցիա՝ Պետական վերահսկողական ծառայության կալանավորված ներկայացուցիչներն են: Փաստարկին, թե այն, որ նրանք կալանավորվել են՝ վկայում է, թե անպատժելիություն էլ չկա՝ պրն Մարուքյանը հակադարձեց. «Իսկ քանի՞ քանիսը չեն ձերբակալվել… Գիտե՞ք, աշխարհի ամենազարգացած երկրներում անգամ չեն ասում, թե չկա կոռուպցիա, չկան օլիգարխներ: Երբ ասում ենք՝ ի՞նչ նկատի ունեք, բերվում է օլիգարխի մասին ինչ որ սահմանում, թե դրա համաձայն… Ես կարող եմ սահմանում բերել, ըստ որի՝ Հայաստանն աշխարհի թիվ 1 երկիրն է տնտեսությամբ: Կարելի է սահմանում բերել, թե Հայաստանը շրջափակման մեջ չէ: Մեզ հետ սահմանումներով մի խոսեք»:

Մեր դիտարկմանը, թե առայժմ նախաձեռնած բարեփոխումները արժանանում են այն խավերի դիմադրությանը, որոնց դրանք վերաբերում են՝ Էդմոն Մարուքյանն առարկեց, թե պատճառն այն է, որ արվում են սխալ բարեփոխումներ են ու բերեց օրինակներ. «Բարեփոխումները սկսել են այնտեղից, որտեղ չի «թաղված շան գլուխը» մեր երկրի այս վիճակի համար: Սխալ տեղից են բռնել: Եվ երկրորդը՝ եթե իշխանությունը հավատում է ինչ որ բարեփոխման, դա իր տեսլականն է (ու սա լեգիտիմ իշխանություն է՝ 88 պատգամավորանոց) մեկ էլ մի 10 հոգի դուրս է գալիս, բողոքում՝ իշխանությունը հետ է կանգնում»: Նրա կարծիքով, սա ապացույց է. «Նախ՝ դուք չունեք տեսլական, չգիտեք՝ ինչ եք ուզում անել: Եվ երկրորդը՝ եթե իմանայիք, թե ինչ եք ուզում անել, ինչ որ բանի հավատաք, որ պետք է դա անել՝ ով ուզում է, թող ցույց անի. դուք ունեք լեգիտիմ իշխանություն: Այդ նախորդ իշխանությունն էր, որը կարող էր ցույցից վախենալ ու բարեփոխումներ չանել: Այս իշխանությունը պետք է անի ցավոտ բարեփոխումներ»:
Իր վերջին ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանում հասունացող դժգոհության ալիք չկա, և ես սա ասում եմ որպես արձանագրում, և մենք առաջիկա հինգ տարիներին կտեսնենք՝ Հայաստանում հասունացող դժգոհության ալիք կա՞, թե՞ չկա»: Նաեւ պնդեց, որ եթե ընտրությունները տեղի ունենային այսօր, «Իմ քայլը» դաշինքն ավելի շատ ձայն կստանար, քան դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում։ Խնդրեցինք կանխատեսել՝ իսկ որքա՞ն ձայն կստանար «Լուսավոր Հայաստանը» եւ պրն Մարուքյանը նախ համաձայնեց, որ չկա նման ալիք, թեեւ միշտ կան դժգոհության դրսեւորումներ. «Մարդիկ դժգոհ են ու դժգոհ են լինելու: Երբ որ կա հանրային բարձր ակնկալիք եւ այն չի բավարարվում՝ լինելու է դժգոհություն: Բայց դժգոհության ալիք չկա՝ սա նախկին իշխանությունների ձեւակերպումն է, որոնք ուզում են, որ լինի դա: Այստեղ Փաշինյանը ճիշտ է ասում: Բայց երբ նա ասում է, որ եթե ընտրությունները հիմա լինեին՝ իրենք ավելի շատ ձայն կտանեին, սա իրականությանը, մեղմ ասած, չի համապատասխանում»: Վկայակոչելով իրենց ուսումնասիրությունները՝ նա պնդեց. «Եթե հիմա լինեին ընտրությունները՝ մենք ավելի շատ մանդատ կունենայինք, քան «Իմ քայլը» դաշինքը: Ընդ որում՝ կարող էինք ունենալ այդ մանդատները նաեւ «Իմ քայլը» դաշինքի հաշվին: Մի մասն էլ կունենայինք Հանրապետականների եւ մյուս ուժերի հաշվին: Ինչու. քանի որ բավականին շատ մարդիկ ընտրեցին ՀՀԿ-ին եւ խորհրդարան չանցած այլ ուժերի, որոնք ավելի սուր էին քննադատում իշխանությանը՝ կարծելով, թե այն ուժերը, որոնք կան, ասենք, «Լուսավոր Հայաստանը», չեն կարող լինել ընդդիմություն: Հիմա այդ մարդիկ տեսան, համոզվեցին, որ իրենց այդ կարծիքը, մոտեցումը սխալ է. «Լուսավոր Հայաստանը» կարող է լինել ու կա ընդդիմություն, ու ծավալում է իր ընդդիմադիր գործունեությունը: Հետեւաբար այդ ընդդիմադիր ձայները, որոնք մենք մեծ հաշվով՝ չկարողացանք շատ տանել, հիմա կտանեինք: Իսկ այն ձայները, որոնք տարավ «Իմ քայլը», Փաշինյանը՝ զուտ իր անձնական վարկանիշի հաշվին՝ այլեւս երբեւէ, երբեք չեն կարող էլ տանել: Դա պատմական ցուցանիշ է, որ արձանագրվեց ու ավարտվեց»:
Էդմոն Մարուքյանի մեկնաբանությունը խնդրեցինք նրա՝ «Խորհրդարանը պետք է լինի բարեփոխումների շարժիչը» հայտարարությանը հետեւած վերլուծությունների առնչությամբ, որոնցում վիճարկվում էր, թե նոր խորհրդարանը ունակ է լինել բարեփոխումների շարժիչ ուժը՝ հաշվի առնելով, որ «Իմ քայլը» խմբակցությունը գրեթե ամբողջությամբ բաղկացած է ապաքաղաքական դեմքերից, եւ գոնե առայժմ «ավելի շատ կառավարության կցորդն է, քան ինքնուրույն ու ինքնաբավ քաղաքական միավոր»։ Անդրադարձ եղավ նաեւ այն հարցին, թե արդյոք նա չի հավատում նաեւ տնտեսական հեղափոխության հաղթանակին: Այս եւ այլ հարցերի վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» առավել ամբողջական պատասխանները՝ տեսանյութում:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ


















































