Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ նկատո՞ւմ եք, թե թալանչիների նկատմամբ ի՞նչ աշխատելաոճ է ընտրվել»

Մարտ 25,2019 13:30

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը

– Կիսո՞ւմ եք պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված հիշեցում-մեղադրանքները, որոնք վերջինս ներկայացրել է իր բաց նամակում, 23 կետով. մասնավորաբար, բյուջեից անհայտացած 537 միլիոն դոլարի, «Հայոսկի», «ԱրմենՏել» եւ Կոնյակի գործարանի կոռուպցիոն վաճառքների, Հայաստանին պատճառված 15 միլիարդ դոլարի վնասի, հրաժարական տալու խոստման, ապա այն դրժելու, կեղծված նախագահական ընտրությունների եւ այլնի մասին:

– Մանրամասների, ստույգ թվերի մասին խոսել, հաստատել կամ հերքել չեմ կարող, բայց, որ մեղադրանքները տեղին են, չեմ կասկածում։ Ու չեմ կասկածում ոչ թե այն պատճառով, որ անվերապահորեն վստահում եմ Շիրխանյանին, այլ այն, որ, ըստ էության, խոսում է բոլորին վաղուց հայտնի փաստերի մասին, նաեւ հայտնի ու հենց այդ պատճառով ատելի պերսոնաժի մասին։

Անցած տարիներին, սկսած մարդկանց տներից, ավարտած Ազատության հրապարակով, Քոչարյանի ընչաքաղց-թալանչի լինելու եւ այլ ավելի լուրջ հանցանքների մասին այնքան է խոսվել, որ ինչ-որ նոր բանով զարմացնելը դժվար է։

Իհարկե, հետաքրքիր է ծանոթանալ ականատեսների ներկայացրած որոշ մասնավոր դեպքերի՝ Վազգենն էս ասաց, Ռոբերտն այս օրը սա խոստացավ ու խաբեց, բայց դրանք չեն փոխում ընդհանուր ու ես կասեի՝ մեր երկրի ու ժողովրդի համար ողբերգական պատկերը։

– Տեսակետ կա, որ Վահան Շիրխանյանը «մոռացել» է որոշ դրվագներ եւ հրապարակել է միակողմանի` միայն Ռոբերտ Քոչարյանին նսեմացնող դրվագները: Դուք ի՞նչ կասեք:

– Բայց Շիրխանյանը հո բաց նամակով խոստովանահորը չի դիմում, չէ՞։ Գրում է Քոչարյանին ու բնականաբար՝ պետք է խոսի նրա արած-չարածի մասին։

Իսկ եթե այլ «մոռացված» դրվագներ հասարակությանը ներկայացնելու կարիքը կա, ապա ոչինչ չի խանգարում ձեզ կամ ձեր գործընկերներին դիմել այդ հարցերով պարոն Շիրխանյանին։ Տպավորություն ունեմ, որ վերջերս նա լիովին բաց է ու պատրաստակամ մամուլի հետ շփվելու համար։

– Տարակուսելի է, որ Վահան Շիրխանյանն այժմ է խոսում այդ ամենի մասին, մինչդեռ, ժամանակին, ենթարկվել է Վազգեն Սարգսյանի որոշմանը եւ մնացյալի հետ միասին լծվել նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի ընտրությունն ապահովելու գործին, ապա, նրա նախագահությամբ, շարունակել է պաշտոնավարել:

– Տարակուսելի չէ, ցավալի է ու դա միայն Շիրխանյանի մեղքը չէ։ Խորհրդային տարիների ազդեցությունն է, թե այլ պատճառներ կան, չգիտեմ, բայց մեր հասարակության մի ստվար զանգվածի, մանավանդ քաղաքական «էլիտայի» ճնշող մեծամասնության քստմնելի վարքագծի պատճառով էր, որ մենք հանդուրժեցինք Հայաստանը ասպատակող քոչարյանասերժական ռեժիմների գոյությունը։

Քոչարյանն ու Սերժը հո անօդ տարածությունում չէին գործում։ Ովքե՞ր էին, օրինակ, ՀՀՇ-ում, որ հակառակ համագումարի որոշմանը, հրահանգեցին ու լծվեցին սահմանադրախախտ Քոչարյանի նախագահ կարգելու գործին։ Ովքե՞ր, իմանալով ընտրությունների իրական, խայտառակ արդյունքները գնացին Օպերա՝ Ազգային ժողովի հատուկ նիստում նորահայտ բռնակալի երդումը լսելու ու շնորհավորելու։ Էլ չեմ խոսում բռնակալների թիմակիցների, նրանց հետ կոալիցվածների ու, հատուկ թուրքերեն ասեմ՝ «օրթախ» մտածների մասին։

– Բայց երդմնակալության այդ արարողությանը մասնակցում էր նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

– Այո: Որքան հիշում եմ, Խոսրով Հարությունյանն ու էլի ինչ-որ մեկը, որպես Ռոբի բանագնացներ գնացել ու համոզել էին, որ մասնակցի ու շնորհավորի: Պատգամավորներն էլ` Արա Սահակյանի ու Արարքցյանի ղեկավարությամբ:

– Իսկ հոկտեմբերի 27-ին, խորհրդարանում տեղի ունեցածից հետո, Ռոբերտ Քոչարյանին ներկայացված հայտնի ցուցակի շուրջ վեճերի մասին ի՞նչ կասեք: Ի վերջո, տարբեր բարձրաստիճան պաշտոններում ներկայացված անձանց թեկնածություններն ի՞նչ նպատակով էին:

– Ես հիշում եմ, որ հոկտեմբերի 27-ին, այդ ողբերգական օրվա առաջին իսկ իմ հարցազրույցում պահանջեցի Քոչարյանի հրաժարականը։ Դեռ մանրամասներ չգիտեի, դեռ ահաբեկիչները ԱԺ դահլիճում էին, բայց արդեն այնքան ակնհայտ էր, որ երկրի փաստացի ղեկավարը ու ազգային անվտանգության պատասխանատուն առաջին ու անմիջական պատասխանատուներն ու շահառուներն էին։ Այնպես որ, համարում եմ, որ այդ ցուցակը ներկայացնողները, Սերժի՝ որպես ԱԱԾ ղեկավարի հրաժարականը պահանջողները, նույն մտայնությամբ էին գործում ու նույն՝ Քոչարյանին գահընկեց անելու նպատակն էին հետապնդում։

Այլ հարց է այդ ցուցակի անհատական կազմը, որն անշուշտ ինձ համար խորթ էր, եթե այդպես չլիներ, կարձագանքեի նրանց հրավերին ու նախօրեին կգնայի պաշտպանության նախարարության շենք ու կմասնակցեի իրենց քննարկումներին։

– «1999 թ. սեպտեմբեր. ԱՄՆ այցը Վազգենին մտահոգել էր եւս մեկ խնդրով։ Նրան հրամցրել էին մի ցուցակ, որում տարբեր բանկերում անհայտ ծագումով լուրջ գումարներ ունեցող հայ պաշտոնյաներ էին եղել։ Այն, որ նման մարդիկ Հայաստանում կային, ամբողջ ժողովուրդը գիտեր, բայց այն, որ այդ մասին ասել էր օտարը, նրան խորը վիրավորել էր։ Նա ինձ զգուշացրեց, որ ուղարկելու է ինձ մոտ մարդկանց, որոնք «կամավոր» ներդրումներ են անելու արդյունաբերության մեջ։ Եկան քո ամենամտերիմ մարդիկ, որոնցից մեկը պարտավորվեց ներդնել 200 մլն դոլար՝ Սերժ Սարգսյանը, մյուսը՝ 70, հաջորդը՝ 20։ Նրանք գալիս էին վարչապետի մոտից քրտնած ու վախվորած։ Վազգենը սկսել էր թալանաթափության պրոցեսը, որը հասնելու էր նաեւ քեզ, բայց այն նույնպես խափանվեց Հոկտեմբերի 27-ով։ Հարցին, թե ո՞ւմ էր պետք թալանած փողերի հետգանձման պրոցեսը ձախողել, միգուցե ի՞նքդ պատասխանես»,- գրում է Վահան Շիրխանյանը։ Թեպետ այդ ժամանակ դուք արդեն իշխանության մեջ չէիք, բայց տեղյա՞կ էիք, նման գործընթացներ սկսվե՞լ էին: Վազգեն Սարգսյանը հասկացե՞լ էր, թե ի՞նչ սխալ է գործել`1997-ին պարտադրանքով Ռոբերտ Քոչարյանին բերելով Հայաստանի վարչապետ, ապա թույլ տալով, որ նա դառնա ՀՀ նախագահ:

– Այն, որ Վազգենի, նրա թիմի եւ Քոչարյանի միջեւ հակասությունները խորացել էին ու «թալանաթափությունը» նա կարող էր ու ուզում էր օգտագործել, որպես Ռոբի դեմ պայքարի միջոց, ակնհայտ է։ Իսկ խորը վիրավորվելու վարկածին լուրջ չեմ վերաբերվում։ Խորը վիրավորվողը առաջին հերթին կվիրավորվեր ամբողջ ժողովրդի գիտենալուց, ոչ թե օտարների։

Իսկ նկատո՞ւմ եք, թե թալանչիների նկատմամբ ի՞նչ աշխատելաոճ է ընտրվել։ Խոսք չկա հանցագործներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կանչելու մասին։ Կանչում ես քո կաբինետ, փաստերով «կզցնում» ես, ասում ես՝ գնա մուծվի ու խելքդ գլուխդ հավաքած շարունակիր աշխատել՝ շնորհակալ մնալով, որ գործերիդ ընթացք չտվեցի։ Ու դու ես որոշում՝ ո՞ւմ կանչես, ո՞ւմ ոչ, ո՞վ է քո շանորդին, ով ոչ։
Սա ի՞նչ է, եթե ոչ ծածկադմփոց, ոչ հրապարակային, ոչ ժողովրդավարական, օրենքի դաշտից դուրս գործունեություն։

Ցավոք, այսպիսի գործելաոճը բնորոշ էր եւ՛ Վազգենին, եւ՛ Ռոբերտին, եւ՛ Սերժին դեռ իմ իշխանության մաս կազմելու ժամանակներից ու չէր կարող հակասություններ չառաջացնել ժողովրդավարություն ու ազատականություն դավանողների հետ, որոնք քիչ էին, բայց կային այն ժամանակ ու իսպառ վերացան հետո։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

23.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031