Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական որոշումներ» պետք չեն

Մարտ 27,2019 10:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով ԵՊՀ-ի (անունը չտալով) իրական աղաղակող թերությունները, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ գոյություն ունի քաղաքական որոշում՝ ռեկտորին գործից ազատելու: Լավ կլիներ, որ նման բան չասեր, որովհետեւ բուհի ռեկտորը, ի տարբերություն, ասենք, նախարարի, քաղաքական պաշտոն չէ: Անցյալում, ինչպես գիտենք, ընդունվել են բազմաթիվ «քաղաքական որոշումներ», եւ հեղափոխությունը, որքան հասկանում եմ, տեղի է ունեցել նաեւ նրա համար, որ այդ պրակտիկան չշարունակվի:

«Ա1+»-ը եթերազրկվել է Քոչարյանի քաղաքական որոշմամբ, բայց երկրորդ նախագահը դա երբեք չի խոստովանել եւ, ենթադրում եմ, չի խոստովանի: Իր քաղաքական որոշմանը նա «օրինական» տեսք էր տվել՝ «առաջին գիծ մղելով» իրեն հավատարմորեն ծառայող Գրիգոր Ամալյանին, որը, լավ մասնագետ լինելով, տարիներ շարունակ «իրավաբանական ֆռիկներ» էր հորինում՝ այդ հեռուստաընկերությանը եթեր չթողնելու համար:

Նիկոլ Փաշինյանին, ինչպես եւ տասնյակ այլ մարդկանց, ազատազրկել էին Սերժ Սարգսյանի քաղաքական որոշմամբ: Բայց երբ մենք՝ Աննա Իսրայելյանը եւ ես, Բաղրամյան- 26 -ում ամանորյա ընդունելության ժամանակ կոչ արեցինք երրորդ նախագահին փոխել իր քաղաքական որոշումը, նա կտրականապես հերքեց քաղաքական բաղադրիչը եւ նշեց, որ չի կարող միջամտել դատարանների որոշումների վրա: (Բարեբախտաբար, 2011 թվականի մայիսին նախագահն այնուամենայնիվ ճիշտ քաղաքական որոշում կայացրեց՝ ներում շնորհելով Փաշինյանին եւ այլ քաղբանտարկյալներին):

Մանվել Գրիգորյանի, Սուրիկ Խաչատրյանի, Մհեր Սեդրակյանի եւ բազմաթիվ այլ «քաջագործների» վերաբերյալ քրեական գործ չէր հարուցվում քաղաքական որոշման հետեւանքով: Եվ նույնիսկ, երբ Սյունիքի նախկին մարզպետի դեպքում գործը հասնում էր դատարան, միեւնույն է, մեղադրյալներին նույն քաղաքական որոշմամբ հաջողվում էր խուսափել պատասխանատվությունից:

Նույն Երեւանի պետական համալսարանը տարիներ շարունակ քաղաքական որոշումների զոհ էր: Նման որոշումներով բուհի Հոգաբարձուների խորհրդի նախագահ դարձավ պետության եւ իշխող կուսակցության ղեկավարը, նույն պատճառով բուհը հսկայական պետական (հարկատուների) գումարներ էր ծախսում վերոհիշյալ կուսակցության «կոմսոմոլի» վրա: Ինձ թվում է, որ դա միանգամայն բավարար հիմք է ԵՊՀ հոգաբարձուների ներկայիս կազմի համար, որպեսզի այդ մարմինը դնի ռեկտորին անվստահություն հայտնելու հարցը: Բայց եթե հոգաբարձուների խորհուրդն այս կամ այն պատճառով չի ուզում դա անել, ապա քաղաքական ճնշումն այդ մարմնի վրա անընդունելի է, եւ պետք է սպասել դատարանի որոշմանը: Հակառակ դեպքում 5 տարի հետո կգա այլ կառավարություն եւ «ավանդույթի ուժով» կպահանջի հաջորդ ռեկտորի հրաժարականը:

…Այլեւս ժամանակն անցել է խոսելու հեղափոխության եւ հակահեղափոխության մասին: Ժամանակն է խոսելու պետության մասին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Նիկոլ Փաշինյանի բանտարկութեան նիւթով, անշուշտ թէ այդ օրերուն ինչպէս այսօր, ձեր «դատարանները» լիովին ենթարկուած էին գործադիր իշխանութեան կամքին եւ քմայքներուն, սակայն նոյնիսկ եթէ այդպէս չլինէր, շատ յստակ է թէ օրինապէս հիմնաւորուած էր այդ բանտարկութիւնը: Որեւէ նորմալ երկրում, այդ կը լինէր օրինական հետեւանքը Փետրուար 2008-ի պետական յեղաշրջման բիրտ փորձին, որու առաջնորդներէն մէկն էր Փաշինյանը, եւ որուն զոհ գացին քաղաքացիներ եւ ոստիկաններ: Սակայն ըստ այս խմբագրականի եզրափակման, հիմա է որ միայն ժամանակն է վերջապէս խօսելու պետութեան մասին – քանի որ այդ էր հաւակնութիւնը ձեր այդ կարծեցեալ յեղափոխութեան -, ուրեմն հասկնալի է որ էն վախտը կարելի էր «քաղբանտարկեալ» կոչել ոեւէ մէկը, ըստ այդ տիտղոսը շնորհող անհատի ենթակայական կարծիքին, նաեւ հանրութեան տրամադրութեան: Սակայն եթէ հիմա իսկապէս պիտի սկսիք խօսիլ պետութեան մասին, ապա քաջութիւնը՝ մատնանշելն է որ Ռոբերտ Քոչարյանն է այսօր ակնյայտ քաղբանտարկեալը: Բայց կարող էք անշուշտ դեռ սպասել մինեւ վարչապետական յաջորդ ապամորյա ընդունելութիւնը… Որպէսզի քիչ մը դեռ աւելի տկարացած ըլլայ օրուայ վարչակարգը… better safe than sorry…

  2. Ruben says:

    Ո՞վ պետք է խոսի պետության մասին՝ նրանք, ովքեր չունեն հոգի կամ նրանք ովքեր վաճառել են իրենց հոգիները սատանայի՞ն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031